Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան իմ ամեն այցելությունն ինձ համար տոն է». Քսենիա Դուբրովսկայա

Ապրիլ 16,2015 14:13

2009 թվականից ի վեր ամեն տարի Գյումրի քաղաքում անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մեկնարկը տրված է:

Հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո արդեն 7-րդ անգամ անցկացվող փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ երեկ՝ ապրիլի 15-ին, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Փառատոնն սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հղած օրհնությամբ ու բարեմաղթանքով, որն ընթերցեց Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ, Գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աճապահյանը. «Ուրախալի է, որ փառատոնը վերստին միավորել է հազարավոր պատանիների և երիտասարդների աշխարհի բազմաթիվ երկրներից: Ավելի քան տասը օր Գյումրին ապրելու է փառատոնի շնչով, և գյումրեցի մեր զավակները հրաշալի առիթ պիտի ունենան ունկնդրելու երիտասարդ, շնորհալի երաժիշտների կատարումները:

Veracnund_2 Veracnund_1

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն իր կրթական և մշակութային նշանակությանը զուգահեռ, նաև կարևոր կոչ է հղում աշխարհին՝ ոչ ասելու ցեղասպանություններին, ահաբեկչություններին և պատերազմներին»:

Նշենք, որ փառատոնն այս տարի նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության, ընդդեմ պատերազմների». սա է փառատոնի այս տարվա նշանաբանը:

«Տարին մեզ համար լավ չսկսվեց, բայց շատ բան տեսած Գյումրին շարունակում է հաստատել իր ուրույն տեղը հայ մշակույթի գանձարանում: Տարեցտարի հասունանալով՝ փառատոնը դարձել է շնորհաշատ նոր անունների հայտնաբերման, երիտասարդ երաժիշտ-կատարողների վարպետության բարձրացման դպրոց և անուրանալի ավանդ ունի հայկական երաժշտության տարածման գործում»,- ասաց ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և փառատոնը հայտարարեց բացված:

Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբն սկսեց համերգը:

Այս ստեղծագործությանը հաջորդեցին Բաբաջանյանի, Բախի, Չայկովսկու, Սպենդիարյանի, Շոստակովիչի և այլ կոմպոզիտորների գործեր:

Գերմանաբնակ ջութակահարուհի Քսենիա Դուբրովսկայան, որն առաջին անգամը չէ փառատոնին մասնակցում, ռուսաստանցի դաշնակահար Եվգենի Բրախմանի հետ կատարեց Կոմիտասի «Կռունկ»-ը: Բայց մինչև կատարումը ջութակահարուհին հանդիսատեսին պատմեց, որ Գյումրի քաղաքի մասին դեռ մանկուց գիտի. «Ես փոքր էի, երբ այստեղ երկրաշարժ եղավ, բայց շատ լավ հիշում եմ, թե ինչպես ողջ ընտանիքով հավաքեցինք մեր տաք իրերը, լցրինք արկղերի մեջ և ուղարկեցինք Գյումրի:

Հայաստանի հետ իմ երկրորդ առնչությունը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպն էր: Ես վստահ եմ, որ այդ գիրքը յուրաքանչյուր մարդ պետք է կարդա:

Եվ ամենակարևորը, որ ուզում եմ ասել, այն է, որ Հայաստան իմ ամեն այցելությունն ինձ համար տոն է: Ամեն այցից հետո ես ավելի եմ սիրում ձեր ազգը և խոնարհվում եմ ձեր առջև: Դուք յուրահատուկ ազգ եք՝ հանճարեղ, տաղանդավոր, հետաքրքիր ու բարի»,- ասաց Քսենիա Դուբրովսկայան:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930