Լրահոս
Օրվա լրահոսը

Ճագարը նայում էր սառած աչքերով (պատմվածք)

Ապրիլ 16,2015 12:43

Հնարավո՞ր է արդյոք ճշգրիտ նկարագրել մարդասպանի հոգեկան վիճակը: Այս հարցը միշտ հետաքրքրել էր նրան, բայց մնացել անպատասխան: Դրա մասին նա կարդացել էր Դոստոևսկու հայտնի «Հանցանք և պատիժ» գրքում:

Մորթում ես կենդանի արարածին, որը թպրտում է հոգեվարքի մեջ, ցնցվում ես մի պահ այդ պատկերից, հետո մոռանում, երբ արդեն գայթակղիչ խորովածի կամ խաշլամայի բույրն է թևածում եթերում: Այդ պահին արդեն չես մտածում, որ մի անմեղ արարածի զրկեցիր իր ամենաթանկ բանից` կյանքից:

Հիմա Սամվելը ցավով էր հիշում այդպիսի դեպքերից մեկը: Դեռ դպրոցական էր, երբ հրապուրվեց ճագարաբուծությամբ: Փոքր եղբոր` Սահակի հետ մայրիկին հորդորեցին, որ իր սուղ միջոցներից գումար տրամադրի` ճագարներ ձեռք բերելու համար: Մայրիկը դժկամությամբ համաձայնեց, և նրանք շուտով տուն բերեցին փամփլիկ սիրունիկներին:

Անհամբեր սպասում էին էգի մայրանալուն: Գնում էին գոմ, ժամերով նստում ու դիտում ճագարներին, զարմանում, թե ինչպես են նրանք արագ-արագ ախորժակով խռթխռթացնում հյութալի խոտը: Տանը` մայրիկի կողմից ճաշ պատրաստելուց հետո առաջացած կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի մնացորդները, որոնք տրամադրում էին նրանց, նույնպես հաճույքով էին ճաշակում:

Մի օր էլ, երբ Սամվելը գոմ մտավ, նկատեց, որ ճագար զույգերը եռանդով քանդում են գոմի մութ անկյունը, հասկացավ, որ նրանց ձագ ունենալու ժամանակն եկել է, և նրանք փոքրիկների համար կացարան են պատրաստում: Սամվելը, իհարկե, եղբոր հետ մեծահոգաբար օգնեց նրանց` կացարանը հարդարելու գործում:

Մի քանի օր անց ձագերը ծնվեցին և մեծ ուրախություն պարգևեցին նրանց: Իսկ երբ մայր ճագարը բնից ժամանակավորապես դուրս էր եկել զբոսնելու, Սամվելը չհամբերեց և ձեռքը տարավ բնի խորքը, ձագերից մեկին հանեց և մնաց զարմացած, նրա աչքերը փակ էին, իսկ ձագը մկնիկի նման փոքր էր ու անպաշտպան: Ուրախությունից կանչեց ընկերներին ու հպարտությամբ ցույց տվեց իրենց առաջին հաջողության պտուղը: Հետո ձագուկին բնի մեջ դրեց, ապա շոշափելով հաշվեց մնացածներին: Նրանք չորսն էին:

Ձագերը օրեցօր մեծանում էին, բայց, ավա~ղ, երեխաներին սպասում էր հիասթափությունը, ճագարները հիվանդանում էին տարօրինակ հիվանդությամբ և ոչնչանում: Մայր ճագարը ամեն ամիս ձագ էր ունենում, բայց նրանցից քչերին էր վիճակվում ապրել և հասունանալ, իսկ լուծել ճագարների բուժման խնդիրը` դեռևս չէր հաջողվում:

Գարնանը տեղի ունեցավ նոր ողբերգություն, անորոշ պայմաններում անհետացավ մայր ճագարը: Մնացին երկու արու ճագարներ` հայր և որդի:

Այդ ամռանը Սամվելի մեծ եղբայրը իր ընկերոջ հետ քաղաքից հյուր էր եկել, որի պատվին որոշեցին մորթել ճագարներից մեկը: Սամվելը լսել էր, որ ճագարին մորթելուց առաջ պետք է հարվածել գլխին, շշմեցնելու համար, իսկ հետո հանգիստ պայմաններում մորթահան անել: Բայց գլխի ո՞ր մասին, ինչպե՞ս, չգիտեր: Եվ ահա նա բռնեց ճագարի հետևի ոտքերից, կախեց գլխիվայր, ծանր երկաթի կտորով հարվածեց խեղճի ճակատին:

Ճագարի աչքերը դուրս պրծան բներից, արցունքով լցվեցին, քթից արյուն հոսեց, գանգը տափակեց, շնչառությունը անհամաչափ դարձավ: Կատարվածից սարսափած Սամվելը իրեն կորցրեց ու չէր իմանում, թե ինչ պետք է անել, բայց շուտով կողմնորոշվեց և նորից մի քանի հարված հասցրեց խեղճի գանգին, որ շուտ կնքի իր մահկանացուն: Վերջին ուժգին հարվածը իր չար գործը կատարեց, և ճագարը անշարժացավ: Հետո նրա վիզը կտրեց, մորթահան արեց, իսկ մայրիկը եփեց, և բոլորը միասին ճաշակեցին նրա համեղ միսը:

Անցել են երկար ու ձիգ տարիներ, այդ ընթացքում Սամվելը մորթել է հավ, ուլիկ, նույնիսկ հորթ ու ոչխար, սակայն այս դեպքը երբեք չի մոռանում, սիրտը կսկիծով է լցվում, պախարակում է ինքն իրեն այդ չարագործության համար, այդ անմեղ աչքերը մինչև օրս հետապնդում են իրեն:

Նա զգացել է կենդանի մորթելու ողբերգությունը, իսկ մարդ սպանելը երևի շատ ավելի դաժան ու զազրելի բան է:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930