Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Եվրախորհրդարանը նոր շանս է տալիս Թուրքիային»

Ապրիլ 16,2015 12:16

«Սա միասնականության արդյունք է, երբ ազգովի ամեն մեկն իր տեղում իր գործը հստակ կատարելով`շատ տեսանելի ու շոշափելի ձեռքբերումներ է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Սա տարիների աշխատանք է և ոչ թե մեկ-երկու հոգու, այլ բազում մարդկանց աշխատանք»,-Aravot.am-ի հարցին` այն, որ Եվրախորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձև, դատապարտեց Թուրքիային դա հայկական դիվանագիտության հաղթանա՞կն է, թե՞ պարզապես Եվրոպան զայրացած է Էրդողանի` Հռոմի պապի հասցեին մեղադրանքների առիթով, այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ Եվրախորհրդարանն ընդունեց «Ապրիլի 24-ը ԵՄ-ում Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին» բանաձևը: Նշենք, որ բանաձևին «կողմ» է քվեարկել 28 երկիր ներկայացնող Եվրախորհրդարանի մեծամասնությունը:

Կարեն Ավագյանը նկատում է, թե նման բանաձևերը պատահական չեն ընդունվում, այլ բխում համամարդկային արժեքներից ու խնդիրներից. «Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կանխարգելում է նման բոլոր ոտնձգությունները: Եվրոպայի կենտրոնում հենց պետք է խիստ ձևակերպումներով որոշում ընդունվեր և խիստ գնահատականներ հնչեցնեին, ու բնական էր նաև, որ սա չէր կարող դուր գալ Թուրքային, որը տարիներ շարունակ լոբբիստական կազմակերպությունների ֆինանսավորելով` փորձել է իր մերժողական քաղաքականությունն առաջ տանել»:

ՀՀԿ-ական պատգամավորը ներկա արտաքին քաղաքական դասավորումները համարում է «թուրքական դիվանագիտության ֆիասկո», երբ առաջին անգամ Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը Հռոմի պապի խոսքում կողք կողքի են, երբ երկրները մեկը մյուսի հետևից ճանաչում են Հայոց ցեղասպանությունը ու որևէ պետություն կասկածի տակ չի դնում այդ փաստը: Պատգամավորի ձևակերպմամբ`անգամ այն երկրները, որոնք չեն խոսում Հայոց ցեղասպանության մասին՝ դա քաղաքական նպատակահարմարության և տարբեր շահերի պատճառով է և ժամանակի խնդիր:

Դիտարկմանը` հուզականը մի կողմ, բայց Եվրոպան էլ է իրարամերժ` մի կողմից ԵԽԽՎ նախագահը հայաստանյան այցի ժամանակ խուսափեց Հայոց ցեղասպանություն բառն օգտագործելուց, մյուս կողմից Թուրքիան դարձել է այդ կառույցի խոշոր ներդրողներից մեկը, թուրքերենն արդեն աշխատանքային լեզու է ԵԽԽՎ-ում, մի՞թե վտանգներ չկան, որ Հռոմի պապի միջադեպի զայրույթի մեղմացումից հետո Եվրոպան գուցե սկսի խտրական վերաբերմունք, պարոն Ավագյանը պատասխանեց. «Եվրախորհրդարանը հենց այս բանաձևով ապացուցեց, որ որևէ կապ չունեն այդ ներդրումները, այլ գործընթացներ, որոնք զուգահեռ իրականացվում են Թուրքիայի հետ: Եվրոպան ցույց տվեց, որ կան արժեքներ, որոնք պետք չէ ոտնահարել: Մի կողմից ասում ենք, որ ճանաչումները հայանպաստ գործընթացներ են, մյուս կողմից եվրոպացիների որակումներով ու գնահատականներով` դրանք շանս են Թուրքիային, որ ավելի հեշտ կարողանա առերեսվել իր պատմությանը և հաղթահարել քաղաքական բարդույթները»:

Դիտարկմանը` Թուրքիան առանձնապես ականջալուր չէ` հաշվի առնելով Էրդողանի հայտարարությունները, Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Չէի ասի, քանի որ դիվանագիտական նորմեր խախտած էրդողանի ջղաձգումները ապացուցում են, որ այդ երկիրն անելանելի վիճակում է, քանի որ անգամ ամենամեծ կրոնական համայնքի ղեկավարն է դատապարտում նրանց: Թուրքիայի ղեկավարության սպառնալիքները Հռոմի պապի դեմ հիշեցնում են Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդի վրա հարձակումը. 1981-ի մայիսի 13-ին թուրք Մեհմեթ Ալի Աղջան Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում մոտ տարածությունից կրակ էր բացել Հռոմի պապի դեմ: Հետագայում Հովհաննես Պողոս Երկրորդն այցելել էր իր պատիժը կրող թուրքին և ներում շնորհել նրան։ Ֆրանցիսկոս պապն էլ կների Էրդողանին ամբարտավանության համար։ Բայց մի բան հստակ է. սպառնալիքը, հարձակվելը, սպանելն ու ցեղասպանության ենթարկելը թուրքական ձեռագիր է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930