Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր Մամուլի ազգային ակումբում անդրադառնալով Հայաստանի անվտանգությանը Հայոց Ցեղասպանության միջազգային դատապարտման շրջանակներում, վերլուծեց ՀՀ երեք նախագահների եւ իշխանությունների`Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականությունը, որոնք էականորեն տարբերվում են միմյանցից: Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր գտնում, որ Ցեղասպանության ճանաչումը պետք է լիներ պաշտոնական Երեւանի քաղաքականության հիմքում, որ այս հարցում Հայաստանն ու սփյուռքը չեն կարող միասնական օրակարգ ունենալ, բայց Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանն իր օրակարգն ունի`հարաբերությունների կարգավորում`առանց նախապայմանների: «1997-98 թվականները ցույց տվեցին, որ այս մոտեցումը Թուրքիայի կողմից գնահատվեց Հայաստանի թուլացում, խեղճացում, ուստի իրենք պետք է շարունակեն պատժիչ քաղաքականություն հայերի նկատմամբ: Իհարկե, կային թեզեր, որոնք Անկարային բավարարում էին`Ցեղասպանության խնդիրը չհետապնդելը, ԼՂՀ հարցը դրա հետ կապելը, բայց քանի որ հայկական սփյուռքը Թուրքիայի համար խնդիր է եղել, Անկարան այնքան էլ ուրախ չէր, որ Հայաստանն այս հարցում չի ցանկանում սփյուռքի վրա ազդեցություն ունենալ»,- ասաց բանախոսը`նկատելով, որ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը պարտվեց եւ դեմ առավ թուրքական մերժողականության պատին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ցեղասպանության ճանաչումը դրեց պետական քաղաքականության հիմքում, փորձեց ինտենսիվ կապել Հայաստանի եւ Սփյուռքի օրակարգն այս հարցում, ասաց`առանց նախապայմանների հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց, շեմ դրեց`տարածքային պահանջ չունենք Թուրքիայից: Ստեփան Սաֆարյանը փաստեց, որ այս քաղաքականությունն էլ բախվեց պատին:
Սերժ Սարգսյանի օրոք`ֆուտբոլային դիվանագիտություն, արձանագրություններ ու կրկին նույն պատը: Թե ի՞նչ տվեց Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը Թուրքիայի հարցում մեր երկրին`անվտանգության առումով` տեսանյութում
Սերժ Սարգսյանի կողմից Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շեմին համահայկական Հռչակագրի հրապարակումը, որը բանախոսի կարծիքով, աշխարհում բավական լռելյայն ընդունվեց, մինչդեռ Արեւմուտքը միշտ է այս հարցերում բավական նրբանկատ է եղել, խոսում է մի բանի մասին`հայկական խաղաքարտն ակտիվացված է եւ միջազգային գործընթացներում մեծ պրոցես է գնում: Դա ագրեսիվ է դարձնելու Թուրքիային եւ նա փորձելու է պատժել նաեւ հայերին կամ հայկական որեւէ դրսեւորում: «Հետեւաբար, հարյուրերորդ տարելիցի տարում մենք ունենք մարտահրավերներ եւ հնարավորություն`ամրապնդելու մեր անվտանգությունը եւ փորձարկելու Հռչակագրով առաջ քաշված նոր կոնցեպցիան»,- ասաց Ստեփան Սաֆարյանը`հավելելով, որ ինքն այնքան էլ լավատես չէ այն հարցում, թե ինչպե՞ս կօգտվի այս հնարավորություններից պաշտոնական Երեւանը: Ի հեճուկս Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի երբեմնի արտահայտած տեսակետի, Ստեփան Սաֆարյանը փաստում է. «Սրա համար խելք է պետք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ