Իրականում ի՞նչ կշիռ ունի «Ապրիլի 24-ը ԵՄ-ում
Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին» բանաձեւը
Երեկ Եվրախորհրդարանն ընդունեց «Ապրիլի 24-ը ԵՄ-ում Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին» բանաձեւը: Նշենք, որ բանաձեւին «կողմ» է քվեարկել 28 երկիր ներկայացնող Եվրախորհրդարանի մեծամասնությունը: Բանաձեւով կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ առերեսվել սեփական պատմությանը:
Ավելին՝ բանաձեւի ընդունմանը նախորդեց բուռն քննարկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով: Մինչեւ անգամ պատվիրակները մեղադրանքներ էին հնչեցնում Թուրքիայի հասցեին, որ նա դասագրքերում սխալ է ներկայացնում պատմությունը, որ չի ցանկանում առերեսվել իր պատմության հետ: Եվրոպացի պատվիրակները սուր քննադատության ենթարկեցին նաեւ Թուրքիայի նախագահի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Քննարկման ժամանակ Իտալիայի ներկայացուցիչ Բորգեզիո Մարիոն իր ելույթի ընթացքում խիստ վրդովվեց՝ խոսելով Էրդողանի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին. «Այսպես մաֆիոզի պես խոսելով էլ ուզում է մուտք գործել ԵՄ: Այդ պահվածքով Թուրքիան չի կարող մուտք գործել Եվրամիություն»: Եվրախորհրդարանի դահլիճում պատվիրակներն ունեցան նաեւ այլ հուզական դրսեւորումներ: Օրինակ՝ այս հայտարարությանը հաջորդեցին Եվրախորհրդարանի անդամների ծափահարությունները:
Սա, իհարկե, հարցի հուզական կողմն է, սակայն իրականում ի՞նչ կշիռ ունի բանաձեւը: «Առավոտի» հետ զրույցում Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Եվրախորհրդարանը դեռ 1987-ին էր ընդունել բանաձեւ, երբ չկար Հայաստանի Հանրապետություն, այլ Հայաստանը ԽՍՀՄ մեկ մասն էր: Եվ իր այս որոշումով Եվրախորհրդարանը փաստորեն ոչ միայն վերահաստատում է իր նախորդ որոշումը, այլեւ հաշվի է առնում ՀՀ-ին ու նաեւ Թուրքիային՝ որպես եվրոպական քաղաքականության մեջ կարեւոր սուբյեկտ եւ թելադրում խաղի կանոնը: Այս բուռն արձագանքը նաեւ պատճառ կդառնա, որ թուրքական հասարակության մեջ եւս սկսվի վերաիմաստավորման գործընթաց»: Բանաձեւն, ըստ էության, Հռոմի պապի հայտարարությունից հետո եւս մեկ հարված էր Թուրքիային, որն ամեն ինչ անում է ԵՄ անդամ դառնալու համար:
Կարդացեք նաև
Այս առիթով Ռուբեն Մեհրաբյանը փաստեց, թե Թուրքիան դեռ բազում չափանիշների չի բավարարում, որպեսզի դառնա ԵՄ անդամ: Մեր այն հարցին՝ Թուրքիան դարձել է ԵՄ խոշոր ներդրողներից մեկը, այդ դեպքում ի՞նչ ակնկալել, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Թուրքիան եւս եվրոպական երկիր է, եւ բազմամիլիոնանոց թուրք հանրությունն այսօր ինտեգրված է միացյալ Եվրոպային, եւ սա փաստ է: Այլ հարց է, թե եվրոպական արժեքներին նրանք ինչպես են առնչվում»: Որպես վկայություն թուրքական «հիստերիկ ռեակցիայի»՝ պարոն Մեհրաբյանը օրինակ բերեց Հռոմի պապի հասցեին Թուրքիայի նախագահի մեղադրանքները: Հռոմի պապի հայտարարությունը Ռուբեն Մեհրաբյանը գնահատեց որպես կարմիր գիծ, որով մեկ հարթության վրա դրվեցին թե՛ Հայոց ցեղասպանությունը, թե՛ նացիզմի եւ ստալինիզմի հանցագործությունները. «Փաստորեն միջազգային հարաբերություններում մի նոր կարմիր գիծ է քաշվում, եւ քաղաքականությունը, որը վարվում է տարբեր քաղաքական սուբյեկտների կողմից, իր առնչությունը պետք է տա այդ գծին՝ դեպի քաղաքակրթությանը կո՞ղմ, թե՞ դեմ, թե՞ մարգինալ»:
Նշենք, որ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ մեծ տեղաշարժերը դեռ առջեւում են, եւ հիշատակում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համատեղ ազատ գոտի ստեղծելու հավակնությունները: Այնուհետեւ պնդում է, որ այդտեղ Թուրքիան ու Հայաստանն իր տեղն ունենալու են: Մեր այն դիտարկմանը՝ Հայաստանն արդեն ընտրել է Եվրասիական միությունը, ուստի ինչպե՞ս կարող է այդտեղ տեղ ունենալ, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Եվրասիական միությունը ոչ միայն ապագա չունի, այլեւ ներկա: Սա ժամանակավոր է, դրանք Պուտինի անձնական կապրիզներն են, Պուտինի հետ էլ կգնան»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.03.2015