Անցած տարի հոկտեմբերի վերջին օրը Քաշաթաղի շրջվարչակազմի պատվիրակությունը՝ աշխատակազմի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյան, սոցապ վարչության պետ Վարդան Բաղդասարյան և «Մերան» թերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյան, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, Երևանում հանդիպում ունեցավ Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարների հետ, որի արդյունքում կնքվեց փոխհամագործակցության հուշագիր:
Ապրիլի 15-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությունը՝ ղեկավար Արտակ Ալեքսանյանի գլխավորությամբ հերթական անգամ այցելեց Բերձոր: Նպատակը՝ փոխհամաձայնության հուշագիր կնքել նաև Բերձորի քաղաքապետարանի հետ և քաղաքին հատկացնել նվերներ: Հյուրերին ընդունեց Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը՝ կարևորելով նման հանդիպումները և շնորհակալություն հայտնեց վարչական շրջանի ղեկավարությանը՝ Քաշաթաղին տարբեր հարցերում օժանդակելու համար:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը ներկայացրեց պատվիրակության անդամներին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վալերի Մանվելյան, աշխատակազմի ղեկավար Կարապետ Շահինյան, կրթության և սպորտի բաժնի վարիչ Լիաննա Դավթյան: Կարևորվեցին մի շարք ոլորտներ՝ կրթություն, մշակույթ, սպորտ, առողջապահություն, շինարարություն, գյուղատնտեսություն և այլն:
Կարդացեք նաև
Քննարկումներ եղան 2 կողմերի համապատասխան ոլորտների պատասխանատուների միջև: Հանդիպմանը ներկա էր նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, ով կարևորեց նման համագործակցությունը Երևանի և Արցախի շրջանների և շրջկենտրոնների միջև՝ նշելով, որ մեծ աշխատանքներ են կատարվել մի քանի տարիների ընթացքում: Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը նույնպես ուրախությամբ նշեց, որ կնքված հուշագրերը մեր 2 հանրապետությունների մայրաքաղաքների և Երևանի վարչական ու Արցախի շրջանների միչև մեծ կարևորություն ունեն տարբեր բնագավառներում համագործակցելու համար: Այնուհետև միմյանց հետ համագործակցելու հուշագիր ստորագրեցին և կնքեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն ու Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանը:
Հյուրերը շրջվարչակազմի ղեկավարի, տարբեր ոլորտների ղեկավարների, Բերձորի քաղաքապետի ուղեկցությամբ այցելեցին Բերձորի Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին այն պատերի մոտ, որոնց վրա փորագրված է Քաշաթաղի տարածքում մարտիրոսված 300-ից ավելի հայորդիների անունները: Այցելեցին Բերձորի Վ. Զատիկյանի անվան թիվ 2 միջն. դպրոց, որի հարևանությամբ է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, երջանկահիշատակ Վահան Զատիկյանի անվան պուրակը: Այստեղ տեղադրվել էին հյուրերի կողմից քաղաքին նվիրած 6 նստարաններ՝ «Երևան-Քաշաթաղ» մակագրությամբ: Ծաղիկներ խոնարհեցին Վ. Զատիկյանի կիսանդրու մոտ: Դպրոցի տնօրեն Հ. Արզանյանը ներկայացրեց դպրոցը, կատարված աշխատանքը: Ա. Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց, կատարածի համար: Հյուրերը դպրոցին գրքեր և այլ նվերներ հանձնեցին:
Այցելություն եղավ նաև Բերձորի պետական մանկապարտեզ, որի համար նույնպես նվերներ կային՝ գրքեր, անկողնային պարագաներ, ճոճանակ և այլ խաղալիքներ: Հյուրերը եղան նախակրթարանի տարբեր խմբերում, զրուցեցին դաստիարակների, երեխաների հետ: Ա. Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց մանկապարտեզի աշխատակազմին, որ մեծ սիրով են աշխատում մանուկների հետ: Մանկապարտեզի տնօրեն Իննա Բաբայանը իրենց սաների և դաստիարակների ձեռքի աշխատանքներից նվիրեց Մալաթիա-սեբաստիա վարչական շրջանին: Հյուրերը հրաժեշտ տվեցին և ուղևորվեցին Ստեփանակերտ: Այն հարցին, թե հիմնականում ինչ նպատակով են մալաթիա-սեբաստիացիները եկել Արցախ, Ա. Ալեքսքնյանը տեղեկացրեց, որ իրենց հետ են նաև Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, ինչպես նաև Արցախի սահմանը պաշտպանող զինվորների ծնողներ: Նախատեսված է հանդիպում Ստեփանակերտի քաղաքապետի հետ, ինչպես նաև այցելություն առաջնագիծ: Այս օրերին կհանդիպեն նաև Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ:
Զոհրաբ Ըռքոյան