Վաղուց ստուգված ճշմարտություն է. երբ մարդը չափից դուրս բացասական հուզական մեկնաբանություն է տալիս այս կամ այն երեւույթին, ուրեմն կա՛մ այս, կա՛մ էլ այլ հարցով կյանքը նրան «վիրավորել է», եւ նա կարիք ունի այդ զգացմունքները ձեւակերպելու չարախոսության տեսքով: Անփորձ մարդիկ այդ չարախոսներին փորձում են ինչ-որ բան հասկացնել, վիճել, հակադրվել: Ավելի փորձառուները զսպում են իրենց ու լռում: Բայց առավել իմաստունները կարեկցում են նրանց՝ ով գիտի, թե ի՞նչ է կատարվում նրանց հոգում, ի՞նչ ձախողումներ են նրանք ապրել կյանքում:
Վերցնենք դիցուք Քիմ Քարդաշյանի վրա հարձակվողներին: Հասկանալի է, որ նա ո՛չ Սոկրատեսն է, ո՛չ էլ Պլատոնը, նա համաշխարհային շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկն է՝ նրա շնորհիվ համաշխարհային լրատվամիջոցները 3-4 օր խոսում էին Հայաստանի մասին, իսկ նրա եւ ամուսնու հետ շփված մեր երիտասարդները հաղորդակից դարձան այդ մեծ աշխարհին: Ինձ թվում է՝ երեւույթը դրական էր, չնայած պարզ է, որ այդ այցը չի փոխի հայ ժողովրդի պատմության ընթացքը: Բայց պարզ է նաեւ, որ այն մարդիկ, որոն, թեկուզ ենքագիտակցաբար, երազել են նման ուշադրության մասին, բայց չեն ստացել, հիմա նեղված են: Հասկանանք նրանց եւ չփորձենք վիճել:
Երբ խոսքը քո հայրենակիցների մասին է, պետք է հնարավորինս բարի ու ներողամիտ լինել: Երբ նման սխալներ է գործում քո ոչ այնքան բարյացակամ հարեւանը, դրանից պետք է օգտվել: Խոսքը, ինչպես հասկանում եք, Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին է: Ես, ճիշտն ասած, եթե որեւէ երկրի ղեկավարը լինեի (թեկուզ ԱՄՆ-ի կամ Չինաստանի), Հռոմի պապի հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց առաջ գոնե մինչեւ տասը կհաշվեի: Բայց դե, հարավային տաքարյուն ազգի ներկայացուցիչ է՝ առանց շունչ քաշելու հարձակվեց աշխարհի կաթոլիկների առաջնորդի վրա՝ չմտածելով, որ «քաշային կատեգորիաները», այնուամենայնիվ, տարբեր են:
Սակայն մարդկայնորեն հասկանալի է. Թուրքիան միլիարդներ է ծախսում՝ աշխարհին ապացուցելու համար, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը հարձակվել են թուրքերի վրա, վերջիններս էլ, ինքնապաշտպանությունից ելնելով, հայերին ստիպված էին տեղահան անել, բայց արի ու տես՝ աշխարհն առանձնապես չի համոզվում (բացառությամբ թերեւս արքայազն Չարլզի): Բայց ստի վրա ինչքան ուզում ես՝ փող ծախսիր, միեւնույն է՝ սուտը մնում է սուտ: Հռոմի պապը ԵԽԽՎ պատվիրակ չի, որպեսզի նրան հնարավոր լինի գայթակղել խավիարով:
Կարդացեք նաև
Թուրքիայի նախագահի էմոցիոնալ պոռթկումների շարքում է իր երկրից հայերին արտաքսելու պարբերաբար կրկնվող սպառնալիքը: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մի քանի տասնյակ հազար հայեր կրկին վտանգ են ներկայացնում 72 միլիոնանոց Թուրքիայի համար: Թե՞ պարզապես Վատիկանի եւ Եվրախորհրդարանի վրեժը նա պատրաստվում է հայերից լուծել: Արդյոք նման սպառնալիքները կրկին թուլության նշան չե՞ն:
Հակառակորդը վտանգավոր է, երբ նա հանգիստ է, զուսպ եւ քաղաքավարի: Երբ նա նեղված է, հախուռն եւ տուրք է տալիս բացասական հույզերին, այդ ժամանակ պետք է օգտվել իրավիճակից եւ առաջ գնալ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
” … այդ ժամանակ պետք է օգտվել իրավիճակից եւ առաջ գնալ:” Եվ ինչ եք առաջարկում? Հասնենք Բիթլիս, մտնենք Վան?
«Հակառակորդը վտանգավոր է, երբ նա հանգիստ է, զուսպ եւ քաղաքավարի: Երբ նա նեղված է, հախուռն եւ տուրք է տալիս բացասական հույզերին, այդ ժամանակ պետք է օգտվել իրավիճակից եւ առաջ գնալ:
Հարգելի Արամ, Ձեր այս միտքը կարելի է ընդհանրացնել նայեվ մեր «հայրենի» իշխանությունների վերաբերյալ…Մարդկանց առանց դատի դատաստանի բանտերումեն պահում…
Հենց առաջին պարբերության մեջ նշած պատճառներով՝ չեմ վիճում «խմբագրի» հետ, ընդհամենը կարեկցում եմ…
Ճիշտ նույնպիսի՝ վաղուց ստուգված ճշմարտություն է, որ մարդը ինչ որ խոսում է՝ իր մասին է խոսում… Էս ինչպես է լինում, որ Աբրամյանը ինչ գրում է՝ «աբիժնիկների» մասին է դուրս գալիս?..)))..
Տեսնես Արքայազնը կարողանում է քնել, թե անհամբեր ապրիլի 24 -ին է սպասում, որ վայելի կյանքը Թուրքերի հետ: Բարի ճանապարհ ու բարի ժամանց Չարլզին