2015թ. ապրիլի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած նստաշրջանում Եվրոպական Խորհրադարանն ընդունեց բոլոր քաղաքական խմբերի կողմից բանակցված և համաձայնեցված բանաձև` հատուկ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
28 անդամ-պետություն և շուրջ 500 միլիոն բնակչություն ներկայացնող Եվրոպական Խորհրդարանը` Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված գործողությունները բնորոշում է որպես ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին համապատասխանող ցեղասպանություն, դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների ժխտման փորձերը, հարգանքի տուրք է մատուցում մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև Եվրոպական համերաշխության և արդարության ոգուն համապատասխան միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին:
Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը՝ առերեսվել իր պատմությանը, ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։
Հատկանշական է, որ բանաձևում ամրագրվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԵՄ անդամ և այլ երկրների խորհրդարանների թվի աճը: Շեշտվում է անցյալի հիշողությունների պահպանման կարևորությունը և ընդգծվում է, որ առանց ճշմարտության և հիշատակման հնարավոր չէ հասնել հաշտեցման:
Այս բանաձևը, հանդիսանալով Եվրոպական նախաձեռնություն, հանդիպեց թուրքական լոբբինգի հսկայական դիմադրությանը, որի նպատակն էր նախագծի մեջ պարունակվող քաղաքական ուղերձի աղավաղումը և ժխտողականության տարրերի ներառումը:
Բանաձևի ընդունումը հնարավոր դարձավ Եվրոպական խորհրդի անդամների սկզբունքային դիրքորոշման, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ առաքելության, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Եվրոպայում Հայ Դատի Հանձնախմբի և “Հայաստանի Եվրոպացի բարեկամներ” կազմակերպության համակարգված աշխատանքի շնորհիվ: Ֆրանսիացի պատգամավոր Ժան-Մարի Կավադայի կողմից բանաձևի նախագծի առաջադրմանը իր աջակցությունը բերեց նաև Հայ Բարեգործական Ընդհանուր Միության բրյուսելյան գրասենյակը:
ՀՀ ԱԳՆ
Շա-ա-տ լավ է! Հետաքրքիր կլիներ իմանալ որ երկրներից քանիսն են կողմ ու դեմ են քվեարկել: