Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԺԿ-ն առաջարկել է արդար եւ ազատ ընտրությունների մասին հուշագիր ստորագրել»

Ապրիլ 16,2015 17:00

Մայիսի 3-ին ԼՂՀ-ում կկայանան խորհրդարանական ընտրությունները: Դրանց եւ այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը ԼՂՀ ԱԺ նախագահ, Արցախի Ժողովրդավարական  կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

– ԼՂՀ ԱԺ վերջին ընտրություններից հետո ԼՂՀ խորհրդարանում հիմնական քաղաքական երեք ուժերը թեպետ պաշտոնապես իշխանական կոալիցիա չէին կազմում, այնուհանդերձ՝ փաստացի աշխատում էին այդ ֆորմատով: Որպես ԱԺ նախագահ՝ որքանո՞վ եք արդյունավետ համարում նման ձեւաչափում իրականացվող աշխատանքները:

– Սկսենք նրանից, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ քաղաքական կոալիցիաների կազմավորումը եւ գործունեությունը պարտադիր պայման չեն համարվում: Մեր դեպքում, այո, նախորդ հինգ տարիներին խորհրդարանական երեք կուսակցությունների` Արցախի ժողովրդավարական, «Ազատ Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունների միջեւ ձեւավորվել են աշխատանքային եւ գործընկերային հարաբերություններ: Երեք քաղաքական ուժերն էլ ունեցել են համագործակցելու, քաղաքական դաշտում համատեղ գործելու անհրաժեշտություն:

– Այս պարագայում որքանո՞վ էր արդյունավետ խորհրդարանական ընդդիմության աշխատանքը: Փոքրաթիվ ընդդիմության համար ինքնադրսեւորվելու պայմաններ կայի՞ն:

– Ինձ համար կարեւոր է այն հանգամանքը, որ խորհրդարանում որոշակի քաղաքական բազմակարծություն լինի: Դասական իմաստով այդ կառուցվածքը արդյունավետ է, եթե կան իշխանությունը ներկայացնող ուժեր եւ քաղաքական կուսակցություններ, որոնք այդ պահին իշխանություն չեն ներկայացնում: Բայց Արցախում արհեստականորեն ընդդիմություն ձեւավորելու անհրաժեշտություն երբեք չի եղել: 2012 թվականի նախագահական ընտրություններից հետո այդպիսի հնարավորություն ստեղծվել էր շատ բնականոն ձեւով: Թե ինչքանով է ստացվել եւ որքանով է արդյունավետ, կարծում եմ՝ կախված է խորհրդարանական ընդդիմության գործունեությունից եւ գործելաոճից:

– Մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, բնականաբար, մասնակցում է նաեւ Ձեր կողմից ղեկավարվող Արցախի ժողովրդավարական կուսակցությունը: Ի՞նչ հիմունքներով եք կազմել կուսակցության համամասնական ցուցակն ու առաջադրել մեծամասնական ընտրակարգով թեկնածուներին:

– Արցախի ժողովրդավարական կուսակցությունը արդեն երրորդ անգամ է մասնակցում ընտրություններին, հետեւաբար կան վաղուց ձեւավորված սկզբունքներ ու չափանիշներ, որոնց հիմքով մենք ձեւավորում ենք համամասնական ցուցակը եւ ընտրում առաջադրվող թեկնածուներին: Այս անգամ էլ մենք գործել ենք նույն կարգով եւ առաջնային ենք համարել մարդու մասնագիտական, աշխատանքային եւ բարոյական հատկանիշները, խորհրդարանում օրենսդրական գործունեություն ծավալելու պատրաստակամությունը, անցած ճանապարհը եւ հասարակության կողմից ունեցած ընկալումը: Եթե ուշադիր ուսումնասիրեք մեր համամասնական ցուցակը եւ մեծամասնականով առաջադրված մեր կուսակցության թեկնածուների անունները, ապա կարծում եմ՝ կհամոզվեք, որ նորից փորձել ենք համադրել փորձը եւ երիտասարդության ստեղծագործական ներուժը:

– Վերջին շրջանում սահմանադրական փոփոխությունների «տենդը» կարծես հասավ նաեւ Արցախ, օրինակ՝ Ձեր իշխանական գործընկեր կուսակցության ղեկավար, վարչապետ Արայիկ Հարությունյանը հստակորեն կողմ արտահայտվեց ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումներին: Հավանաբար, նախ եւ առաջ դա վերաբերում է խորհրդարանական ձեւաչափին անցնելուն: Պարոն Ղուլյան, ինչպիսի՞ն է այս կարեւոր հարցին Ձեր մոտեցումը:

– Մեզ մոտ միշտ էլ պետական կառավարման համակարգի արդիականացման շուրջ քննարկումներ, տարբեր ձեւաչափերով մտքերի փոխանակումներ են եղել քաղաքական ուժերի հետ: Ես համարում եմ, որ սահմանադրական բարեփոխումների թեմային իմաստ ունի անդրադառնալ լուրջ նախապատրաստական աշխատանքներից եւ, ասենք, Հայաստանի Հանրապետությունում այդ գործընթացի ուղղվածությունը հասկանալուց հետո միայն: Համենայնդեպս, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ առաջին անգամ մշտական հիմունքներով գործող խորհրդարան ենք ընտրում, ու երբ գործող սահմանադրական կարգը մեծամասամբ համապատասխանում է կիսանախագահական կառավարման մոդելին, Արցախում խորհրդարանական կառավարմանն անցնելու մասին խոսակցությունները գոնե առայժմ ժամանակավրեպ են:

– Այս գումարման վերջին նստաշրջանի բացման խոսքում շեշտադրեցիք, թե կցանկանայիք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը մեկը մյուսին զուտ որպես մրցակից դիտարկեն: Կպարզաբանե՞ք ի՞նչ եք ակնկալում այդ մրցակցությունից:

– Ակնկալում եմ, որ այդ մրցակցությունից միասին աշխատելու անհրաժեշտության մասին նոր գաղափարներ կարող են ծնվել: Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր նախընտրական արշավի ռազմավարությունը, բայց խորհրդարանական ընտրությունների հիմնական առանձնահատկությունն այն է, որ պետք է զգացվեն թիմային աշխատանքի առավելությունները, ռեսուրսները եւ ներուժը: Մի քանի օր առաջ Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը քաղաքական ուժերին եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին առաջարկել է արդար եւ ազատ ընտրությունների պատրաստակամության մասին հուշագիր ստորագրել, ինչը ենթադրում է քաղաքական մշակույթի բոլորովին նոր մակարդակ: Այդօրինակ քայլերը մեզ նաեւ թույլ կտան քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավ անցկացնել եւ միջազգային հանրությանը ներկայանալ Արցախին բնորոշ ժողովրդավարական ավանդույթներով եւ կազմակերպվածության բարձր մակարդակով:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ժողովրդավարութի՞ւն… Իրապէ՞ս… Օրինապէս գոյութիւն չունեցող մի «երկրում», որ գտնվում է մշտական պատերազմական վիճակի մէջ…

    Վերցնենք մի օրինակ (զուտ վարկածային, անշուշտ…)՝ թէ որ էգուց Արցախի բնակչութեան մեծամասնութիւնը յանկարծ ասի թե ուզում է տարածքը ետ վերադարձնել թուրքերին, պիտի որ այդպէ՞ս լինի, յանուն Ժողովրդավարության…

    Պարզ է թե այս «ընտրությունները» ձեւակերպութիւններ են, որոնք կը միտին Արցախի իրավիճակը ամրապնդել Միջազգային Օրէնքի հիման վրայ… Ճիգ մը որ, ամեն դէպքում, էդքան ալ կարեւոր չի, որովհետեւ այդ «Օրէնքն» ալ չակերտաւոր է, ափսոս, եւ հիմնուած միայն ուժի վրայ:

    Ոմանք չեն հասկանում այս տարրական իրականութիւնները, ժամանակ եւ էներգիա են վատնում միայն: Սակայն նաեւ, կարող են – անգիտակցաբար – վնաս բերել…

    Եթէ նոյնանման մի կացութիւն ստեղծվէր աշխարհի մի այլ շրջանում, մի այլ ժողովուրդի պարագային, վատ դեպքեր էին պատահելու, հաստատ… Սակայն բարեբախտաբար՝ Մենք Ենք Մեր Սարերը…

    Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

    ..

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930