Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաշինգտոնից կտեսնենք բավականին ազդեցիկ քայլեր»

Ապրիլ 16,2015 16:30

Վերլուծաբանը մեկնաբանում է
Հռոմի պապի ելույթին հաջորդած արձագանքները

Ապրիլի 12-ի առավոտյան Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում Հռոմի պապի մատուցած պատարագը, որը նվիրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, դարձավ աշխարհի քննարկման առարկան: «Առավոտի» հետ զրույցում Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ Վատիկանում տեղի ունեցածին հետեւած Թուրքիայի արձագանքը ադեկվատ չէր. ըստ փորձագետի՝ Վատիկանից բացատրություն պահանջելը, Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ Հռոմի պապին մեղադրելը միջազգային հանրության շրջանում անպայման արձագանք կունենան, միայն թե ոչ ի շահ Թուրքիայի: Հռոմի պապի բնորոշումը կասկածից վեր էր, նա Հայոց ցեղասպանությունը դրեց նացիզմի եւ ստալինիզմի հետ նույն հարթության մեջ: «Փաստորեն Հռոմի պապը դրեց մի չափանիշ, մի ջրբաժան, որը քաղաքակրթությունը բաժանելու է նրանցից, ովքեր այդ քաղաքակրթությունից իրենց դուրս են հանելու»,- ասում է պարոն Մեհրաբյանը: Խոսելով Թուրքիայի վարչապետի հայտարարության մասին, թե Հռոմի պապի արարքը կրոնական բնույթ ուներ՝ ասաց. «Դա ոչ մի կրոնական հարցի հետ կապ չի կարող ունենալ այն պարզ պատճառով, որ նրանք, ովքեր փրկվեցին Ցեղասպանությունից, գնացին հենց մուսուլմանական երկիր, մուսուլմաններով բնակեցված տարածքներ՝ Մերձավոր Արեւելք, Իրան, եւ ոչ մի խնդիր այնտեղ չեն ունեցել եւ մինչեւ հիմա ապրում են այնտեղ»:

Խոսելով Ռուսաստանի արձագանքի մասին, որը երկմտում է՝ ապրիլի 24-ին նախագահի մակարդակո՞վ այցելել Երեւան, թե՞ ոչ, պարոն Մեհրաբյանն ասում է. «Ի վերջո Ռուսաստանը մի երկիր է, որը ճանաչել է Ցեղասպանությունը, եւ դա արդեն հետ բերել չի լինի: Արդեն կարեւոր չէ՝ ո՞վ կգա այնտեղից, կգա՞ն, թե՞ ոչ»: Վերլուծաբանը եւս նկատում է, որ ռուսական մամուլում Վատիկանում տեղի ունեցածը այլ շեշտադրումներով ներկայացվեց, կարծում է, որ այստեղ պետական մակարդակով «վերակենդանանում» են ստալինիզմի ավանդույթները, եւ դա է պատճառը, որ նրանց դուր չեկավ Հռոմի պապի ելույթից այն հատվածը, որտեղ Ցեղասպանության կողքին դրվում էին նաեւ ստալինիզմը եւ նացիզմը:

Վերլուծաբանը կարծում է, որ ապրիլի 12-ից հետո աշխարհը ավելի շատ տեղեկացավ Հայոց ցեղասպանության մասին. «Նացիզմի մասին շատերն են լսել, Հոլոքոստի, ստալինիզմի մասին՝ եւս, բայց որ դրանք «սկզբնաղբյուրը» քաղեցին Հայոց ցեղասպանությունից, քչերը գիտեին»,- ասում է պարոն Մեհրաբյանը եւ նշում, որ միջազգային մամուլի արձագանքը նաեւ լուսավորչական, տեղեկատվական բնույթ կրեց: Մեր զրուցակիցը կարծում է, որ նշյալ իրադարձությունը նաեւ նախապայմաններ ստեղծեց մեր արտաքին քաղաքականության մեջ հաջողություններ գրանցելու համար, սակայն հետագա մեր հաղթանակները կախված են նրանից, թե ապագայում էլ ինչպես կաշխատենք արտաքին աշխարհի հետ հարաբերություններ կերտելիս:

Անդրադառնալով այս ընթացքում նորից մեր ուշադրության կենտրոնում հայտնված ԱՄՆ-ի պահվածքին՝ նկատում ենք, որ Օբաման հայտարարել է՝ անձամբ որոշել է Հայաստան ներկայացող կազմը, քննարկումները մեր միջավայրում տանում են դեպի Հիլարի Քլինթոն: Պարոն Մեհրաբյանը խուսափում է գուշակություն անել այս հարցի վերաբերյալ, սակայն ասում է. «ԱՄՆ-ն այս ամենի ֆոնին անմասն չի կարող մնալ, եւ կարծում եմ, որ Վաշինգտոնից կտեսնենք բավական ազդեցիկ քայլեր: Թե ինչ քայլեր կլինեն դրանք՝ արդեն կտեսնենք օրեր անց»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930