Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ Հրանուշ Հակոբյանի «վարկաբեկիչ» արտահայտության եւ ՀԱԿ-ի քննադատությունների մասին

Ապրիլ 16,2015 16:00

Սամվել Ֆարմանյանը վստահեցնում է, որ ՀԱԿ-ը զբաղված է քաղաքական շահարկմամբ, եւ նրանց պնդումները իրականության հետ կապ չունեն

Խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսելիս ՀԱԿ խմբակցության պատգամավորները մշտապես «երեսով են տալիս» իշխանության ներկայացուցիչներին, որ իրենց իշխանության տարիներին մեծ թվով երկրներ են ճանաչել այն: Մինչեւ 1998թ.-ը աշխարհի 11 երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ դա այն դեպքում, երբ Ցեղասպանության ճանաչումը եղել է Անկախության հռչակագրի կետերից մեկը, սակայն չի եղել արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրը:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում կոնգրեսականների քննադատություններին պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նրա խոսքերով՝ «Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների պատմությունները նայենք: Պատճառաբանությունը, թե ինչի արդյունքում են այդ երկրների խորհրդարանները պետականորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, 3 խմբի կարելի է բաժանել: Առաջին խմբում այն երկրներն են, որտեղ համամարդկային արժեքներն ընկած են հասարակական հարաբերությունների հիմքում, որտեղ դատապարտված է մարդկության դեմ ուղղված ցանկացած հանցագործություն, ըստ այդմ, Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է: Դիցուք, Շվեդիայի խորհրդարանի կողմից: Երկրորդ խմբում այն երկրներն են, որոնք իրենց օրակարգում ունեն Թուրքիայի հետ խնդիրներ եւ օբյեկտիվորեն Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտարկում են որպես գործոն՝ Թուրքիայի դեմ ուղղված քայլ: Եվ երրորդ խումբ երկրները կամ կառույցները նրանք են, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը հայկական համայնքի լոբբինգի եւ ազդեցության ճնշման արդյունքում՝ իբրեւ այդ երկրում ապրող ընտրողներ: Այս 3 հիմնական գործոնները կան: Որոշ երկրների դեպքում երկրորդ եւ երրորդ գործոններն էլ են համընկնում: 4-րդ գործոն ինձ հայտնի չէ: Ուստի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը արտաքին քաղաքականության օրակարգում լինել կամ չլինելը, իհարկե, ազդում է այս գործընթացների վրա, բայց երբեք չի պայմանավորվում դրանով: Ցեղասպանության ճանաչումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Մենք, որպես պետություն, պետք է լինենք պահանջատեր, որպեսզի Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվի, եւ պետք է նպաստենք այդ ճանաչմանը: Բայց բերել միջազգային ճանաչումը նաեւ պայմանավորել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում լինել-չլինելով, նպաստել-չնպաստելով՝ դա իրականության խեղաթյուրում է: Բոլոր այն պնդումները, որ մեր գործընկերները ներկայացնում են, թե մեր կառավարման շրջանում խնդիրը չի եղել արտաքին քաղաքականության օրակարգում, բայց ճանաչել են այսքան պետություն, կամ հակառակ պնդումներն են անում, որ եղել է արտաքին քաղաքականության օրակարգում, բայց դրա արդյունքում ճանաչել են քիչ թվով պետություններ, իմ խորին համոզմամբ, իմ բերած փաստարկներով պայմանավորված՝ հեռու են իրականությունից: Դա քաղաքական շահարկման խնդիր է, բայց իրականության հետ կապ չունի»:

Բրիտանական The Guardian պարբերականի հետ հարցազրույցում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, խոսելով Ցեղասպանության ճանաչման գործում Քիմ Քարդաշյանի հիանալի PR-ի մասին, այնպիսի արտահայտություն էր արել, որը աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում: Նա ասել էր, որ եթե Քիմ Քարդաշյանը գրում է կամ ասում ինչ-որ բան, ապա դա հիանալի PR է մեզ համար, մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չգիտի, թե որտեղ է գտնվում Հայաստանը:

Մեր հարցին՝ այս լարված օրերին կարիք չկա՞ վերահսկել բարձրաստիճան պաշտոնյաների՝ միջազգային մամուլում արված դիտարկումները, եւ հայտարարությունը, որ Հայաստանի տեղը մարդիկ չգիտեն, չի՞ վնասի մեր երկրի վարկը՝ Սամվել Ֆարմանյանը պատասխանեց. «Ես տիկին Հակոբյանի հարցազրույցից տեղյակ չեմ, չեմ կարող գնահատական տալ եւ մերկապարանոց կարծիք հայտնել, որովհետեւ բնագիրը չեմ ընթերցել, տեղյակ չեմ, թե ինչ լեզվով է այն կայացել, եւ ով է եղել թարգմանիչը: Բայց կարող եմ ասել, որ Քիմ Քարդաշյանի եւ իր ամուսնու այցելությունը Հայաստան շատ դրական ազդեցություն է թողել: Ես, որպես ՀՀ քաղաքացի, կարող եմ իմ շնորհակալությունը հայտնել այդ զույգին: Մենք պետք է նման իրավիճակներում զերծ մնանք ծայրահեղական գնահատականներից: Պետք է գնահատել, շնորհակալ լինել, երախտապարտ լինել, բայց զերծ մնալ ծայրահեղությունից»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովիգ Արթինյան says:

    Ուսումնասիրէցի Ձէր կողմե պատրաստուած հոդուածը ու կը ցանկանամ ասէլ հեդևյալ`
    Գարդիանը գրել է. «“Kim Kardashian came to pay tribute to the victims, and she has millions of followers,” the minister for the diaspora, Hranush Hakobyan, told the Guardian. “If she writes or says anything it is amazing PR for us. Most people don’t even know where Armenia is.”»
    Եթե կը կարծեք թե աշխահին մէջ ամենը գիտէ Հայստանի գտնուելու տեղը, ապա սխալած պիտի ըլլաք։ Ես Գահիրեեն ըլլալով, կըրնամ հաւաստիլ, որ հայերուն կը ճանչնան, բայց Հայաստանին տեղը չիդեն։ Իրավ ճիշդ կըսե նախարարուհին։
    Վարկաբեկիչ ըսել արդեն իսկ անտեղի է։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930