Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ի նշած վտանգավոր ընկերությունը գովազդվում է ու աշխատում

Ապրիլ 16,2015 15:30

«Ռոսս Գրուպ» ընկերությունը հենց հայտնվեց հայաստանյան շուկայում, նրանով անմիջապես հետաքրքրվեցին ոչ միայն պոտենցիալ վարկառուները, այլեւ Կենտրոնական բանկը (ԿԲ):

Այս ընկերությունը մարդկանց գայթակղում է՝ առաջարկելով մարել նրանց՝ բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա վարկերը, որի դիմաց պահանջում է տվյալ վարկերի 32-30%-ը: Սա, կարծես թե, շահավետ առաջարկ է, սակայն այդ մարդասիրական առաջարկի տակ ԿԲ-ն վտանգավոր գործոններ է նկատել: Մարտի 20-ին ԿԲ-ն հայտարարություն էր տարածել եւ զգուշացրել հայաստանցիներին խուսափել «Ռոսս գրուպի» ծառայություններից օգտվել, քանի որ ուսումնասիրելով ընկերության պայմանագիրը՝ բացահայտել է, որ այնտեղ կան զեղծարարության տարրեր:

Կենտրոնական բանկը մասնավորապես նշել էր. «Այդ փաստաթղթերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ կազմակերպության կողմից առաջարկվող «ծառայությունները» պարունակում են զեղծարարության տարրեր, եւ դրանցից օգտվելը կարող է հանգեցնել քաղաքացիների ֆինանսական միջոցների կորստի, անձնական տվյալների ոչ իրավաչափ փոխանցման, ինչպես նաեւ իրավունքները արդյունավետ պաշտպանելու բարդության: Ելնելով սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ՀՀ Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է վերոնշյալ ռիսկերի մասին, ինչպես նաեւ հորդորում զերծ մնալ նմանատիպ գործարքներ կնքելուց եւ նշված կազմակերպության հետ համագործակցելուց»:

Եթե վտանգավոր ընկերություն է, ապա ինչո՞ւ է այն շարունակվում գովազդվել:
Լուսանկարում պատկերված «Ռոսս Գրուպի» գովազդները մայրաքաղաքի բազմաթիվ բարձրահարկ շենքերի վերելակներում առկա են: Քաղաքացիների հետ զրույցից «Առավոտը» պարզեց, որ շատերը տեղյակ էլ չեն Կենտրոնական բանկի զգուշացման մասին, ընդ որում՝ մեզ հետ զրուցածների մեծ մասն ասաց, որ նկատել են այս ընկերության գովազդը եւ հետաքրքրված են:

Երեւանցիներից մեկը՝ Անուշ Հակոբյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Ահագին ժամանակ է՝ կա էդ գովազդը, համարյա ամեն օր տղուս ասում եմ՝ մի հատ զբաղվի, լավ բան են առաջարկում, մենք վարկ ունենք, ու ամեն ամիս մոտ 200 հազար բանկին տոկոս ենք տալիս, հենա ամբողջ վարկի 20%-ը կտանք «Ռոսս Գրուպին», իրենք էլ մեր վարկը կփակեն»: Մեր այն հարցին՝ արդյոք կասկածելի չի՞ թվում նման առաջարկը, եւ ինչո՞ւ պիտի մի ընկերությունը քիչ գումարով մեծ վարկեր մարի, տիկին Անուշն ասաց. «Դե, որ գովազդում են, աշխատում են, չի փակվել, ուրեմն նորմալ օֆիս ա, դժվար խաբի»: Տիկին Անուշի պես են մտածում շատ միամիտներ. մեզ հետ զրուցած մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ որեւէ կասկած չհայտնեցին այս ընկերության մասին:

Կենտրոնական բանկն «Առավոտին» վստահեցրել է, որ այս ընկերությամբ զբաղվում են իրավապահ մարմինները, իսկ ԿԲ-ն չի կարող կասեցնել այս ընկերության գործունեությունը, քանի որ իրենց կարգավորման դաշտում չեն. «Նրանք վարկեր չեն տալիս, մենք նրանց լիցենզիա չենք տվել»:

Ազգային անվտանգության ծառայությունից, քննչական կոմիտեից եւ գլխավոր դատախազությունից «Առավոտին» հավաստիացրին, որ իրենց մոտ չեն եղել եւ չկան նյութեր այս ընկերության վերաբերյալ:

«Առավոտը» զանգահարեց գովազդում նշված հեռախոսահամարով. մեզ պատասխանեցին, որ գրասենյակը տեղափոխվել է, բայց «Ռոսս Գրուպի» տնօրինությունը խնդրել է հաճախորդների հեռախոսահամարները վերցնել եւ փոխանցել նրանց: Հեռախոսազանգին պատասխանողն ասաց. «Թողեք ձեր համարը, իրենք գալու են, մեզ ասել են՝ բոլոր հետաքրքրվողների հեռախոսահամարները գրանցենք, որպեսզի հենց գան՝ տանք իրենց: Վաղը երեւի գալու են, ասեք ձեր համարը, կփոխանցենք: Կամ էլ՝ վաղը զանգեք, հենց գան, իրենց համարը կտանք ձեզ»:

Ուշագրավ է, որ ԿԲ-ն զեղծարարությունը նկատում է, հայտարարություն տալիս ու «ձեռքերը լվանում»՝ մի կողմ է քաշվում: Իրավապահ մարմիններն էլ չեն զբաղվում զեղծարար, գուցե նաեւ՝ մարդկանց «քցող» ընկերությամբ, ու չի բացառվում, որ շատերը կընկնեն «Ռոսս Գրուպի» թակարդը: Իսկ եթե, այնուամենայնիվ, զեղծարարություն չկա, բարեխիղճ ընկերություն է, ապա այս մեկ ամսվա ընթացքում գոնե կհերքեր ԿԲ-ին:
Համացանցում «Ռոսս Գրուպ» ընկերություն փնտրելիս գտանք միայն Մոսկվայում գրանցված մի ընկերություն համանման անունով, որը, սակայն, վարկերի մարումով չի զբաղվում, այլ պրոֆիլի ընկերություն է:

Ռուսաստանյան այս ընկերությանը «Առավոտը» մի քանի գրավոր հարցեր է ուղղել, թե՝ ի՞նչ կապ ունի հայաստանյան նույնանուն ընկերության հետ, եւ արդյոք տեղյա՞կ է Հայաստանում գործող ընկերության ու նրա մատուցած ծառայությունների մասին: Պատասխանները ստանալուն պես՝ «Առավոտը» կանդրադառնա դրանց:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930