Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերն իրենց բնօրրանում՝ ցեղասպանությունից հետո»

Ապրիլ 16,2015 15:00

Բիթլիսի վիլայեթ

Սարգիս Հացպանյանի «Հայերն իրենց բնօրրանում՝ ցեղասպանությունից հետո» դասախոսությունների շարքից հերթականը նվիրված է Օսմանյան կայսրության հայկական 6 վիլայեթից՝ Բիթլիսին։ Ծավալուն դասախոսությունում բերվում է պատմական հակիրճ տեղեկատվություն վիլայեթի պատմությունից, վիճակագրական տվյալներ ապրած հայերի թվի մասին, դասախոսությունը պատասխանում է մի շարք հարցերի՝ թուրքերը ե՞րբ եւ ինչպե՞ս կարողացան քրդերին իրենցով անել, ովքե՞ր դերակատարություն ունեցան այդ գործում, ի՞նչ վճռորոշ դեր ունեցավ Վիլյամ Սարոյանի այցը ցեղասպանությունից հետո իրենց բնօրրանում մնացած դավանափոխ հայերի համար եւ այլն, ինչպես նաեւ պատմում է անցյալ ու նախանցյալ դարերում տարածաշրջանային անցուդարձի մասին:

5--1

Չնայած Բիթլիսի վիլայեթը զբաղեցրած տարածքով ամենափոքրն էր հայկական մյուս նահանգներից, այդուհանդերձ, ամենահայաբնակն էր: 1914թ. անցկացրած մարդահամարի համաձայն՝ նահանգի շուրջ 400 հազար բնակիչներից (հայ, քուրդ, թուրք, ասորի, եզդի, ալեւի, զազա-քըզըլբաշ) 250-ը հայեր էին, որ ապրում էին Բիթլիս, Մուշ, Բինգյոլ, Սղերտ, Արարատ գավառներում: Բիթլիսի վիլայեթը 1520 թվականից մինչեւ 1830-ական թվերը 3 անգամ վերաձեւման է ենթարկվել: Երբ 1514 թ. Չալդրանի ճակատամարտում Օսմանյան Սուլթան Յավուզ Սելիմը պարտության մատնեց Իրանի շահ Իսմայիլին, Բիթլիսի՝ նահագն անցավ Օսմանյան կայսրությանը: Անցյալ տարի նշվել է Բիթլիսի Օսմանյան կայսրության տիրապետության տակ անցնելու 500-ամյակը: Այն կարեւոր իրադարձություն էր ալեւիների համար, որոնց թիվն այսօր հաշվվում է մոտ 18-20 մլն: Այդ առթիվ Եվրոպայի տարբեր երկրներում եւ Թուրքիայում 8 սեմինար է կազմակերպվել, հրապարակվել են այդ ժամանակաշրջանին վերաբերող գիտական աշխատանքներ տարբեր հետազոտողների կողմից: Ալեւիները՝ քըզըլբաշ-ալեւի զազաներն ու արաբ եւ թուրք-ալեւիները շատ ջերմ վերաբերմունք ունեն հայերի եւ Հայաստանի հանդեպ: Նրանք գտնում են, որ մենք բոլորս նույն ճակատագրին ենք արժանացել ու պետք է դաշնակցելով միասնաբար պայքարենք նույն չարիքի դեմ:

Սուլթան Սելիմ Ահեղը (1512-1520 թթ.), որը գահին տիրացել է՝ սպանելով հորը, 3 եղբայրներին եւ 10 ազգականներին, քրդերին իր կողմը գրավելու համար կանչում է երկար ժամանակ Ակկոյունների առաջնորդ Ուզուն Հասանի մոտ աշխատող, լեզուներ իմացող (պարսկերեն, քրդերեն, թուրքերեն), բիթլիսցի քուրդ Իդրիսին (Իդրիս-ի Բիթլիսի) եւ ասում, որ ամեն ինչ կտա, եթե վերջինս տարածաշրջանի քրդերին իր կողմը տրամադրի: Իդլիս-ի Բիթլիսին դիվանագիտական մեծ աշխատանք է տանում, Ամասիայում 8 կետից բաղկացած՝ բոլորն էլ քրդամետ, երկկողմանի պայմանագիր է կնքում Սուլթան Սելիմի հետ եւ դառնում տարածաշրջանում երկրորդ սուլթան: Նա Սուլթան Սելիմին ձոնված գիրք է գրել, ուր պատմում է, թե ինչպես մի քանի մարդկանցով՝ մոտ 40 հազար ալեւի-քըզըլբաշ եւ հայ են գլխատել ու տիրացել նրանց ունեցվածքին: Այս մասին հանգամանալից գրել է ակադեմիկոս Ադոնցն իր աշխատանքներում՝ նկարագրելով, թե ինչպես սարերից իջած քոչվոր ցեղերը ոչնչացրին, վտարեցին այգիներ մշակողներին եւ երբ ու ինչպես սկիզբ դրվեց Արեւմտյան Հայաստանի բնակչության քրդացմանը: Քրդերը, սկսած 1520 թ., ողջ տարածաշրջանում հալածել, հարստահարել են հայերին, իսկ վերջիններս անգամ բողոքելու իրավունք չունեին: Բանախոսը ցուցադրեց Իդրիս-Բիթլիսի մասին գրված գրքեր, Բիթլիսի բերդաքաղաքի եւ դրա դիմաց գտնվող հայկական փառահեղ եկեղեցու 1917 թ. լուսանկարները: Երկու-երեք տարի առաջ արդեն ավերված եկեղեցու տեղում փորել են, ուր Իդրիս-ի Բիթլիսու անունով մեծ կառույց է բարձրանալու: Ցուցադրվեցին նաեւ 1897 թ. ֆրանսիացիների կազմած քաղաքի պլանի, ուր մեկ առ մեկ նշված էին հայկական եկեղեցիները, ինչպես նաեւ Բիթլիսի 1923թ. արված լուսանկարները:

Համիդյան ջարդերի ժամանակ աչքի էր ընկել մի այլ բիթլիսցի քուրդ՝ Սաիտ-ի Նուրսին, ով ծնվել էր 1859-60 թվականին՝ հայկական Նուրս գյուղում: Սա իմամ էր, իսլամի աղանդներից մեկի հետեւորդ, որին լսում էին բոլոր ցեղախմբերը: Մինչեւ վերջերս քրդերն այս արնախումին ներկայացնում էին իբրեւ հայամետ, մինչդեռ հրապարակված գրքեր կան, որոնք պատմում են, թե ինչպես էր Համիդը նրան «գործուղել» իր ծննդավայրը՝ ջարդեր կազմակերպելու համար: Նա եղել էր նաեւ երիտթուրքերի ստեղծած գաղտնի գործակալության՝ «Թեշքիլաթ-ը Մահսուսայի» անդամ ու մասնակցել հայերի բնաջնջման գործողություններին, հաջորդիվ ծառայել նաեւ Մուստաֆա Քեմալի հայաջինջ քայլերին։
Սարգիս Հացպանյանը ցույց տվեց 5 ֆանատ մոլլաների նկարը, որոնք քարոզում էին, թե 7 հայ սպանողի հոգին կգնա դրախտ: Ցուցադրվեցին նաեւ ռուսական սպայակույտի արած լուսանկարները, որոնցում Բիթլիսում հայերի եւ ասորիների կոտորածներն էին պատկերված:

5-3

Հանրապետական Թուրքիայում անցած դարի 60-ականներին հեղաշրջում է կատարվում, Պոլսում կախաղան է բարձրացվում վարչապետը, ընդունվում է նոր սահմանադրություն: Ի դեպ, հեղաշրջում կատարող գեներալներից մեկն էլ 1915թ. որբերից ծագումով հայ՝ Ջեմալ Գյուրսելն էր: Հեղաշրջումից հետո էր, որ Վիլյամ Սարոյանը որոշեց այցելել Բիթլիս:
Բիթլիսցիք հաճախ էին գնում արտագնա աշխատանքի ԱՄՆ, Կանադա: Վիլյամ Սարոյանի հայրն էլ էր մեկնում արտագնա աշխատանքի: Սարոյանը ծնվել է Ֆրեզնոյում եւ Բիթլիսի մասին պատմությունները լսել էր իր ծնողներից: Եվ երբ 1964 թ. մայիսին հյուրընկալվեց պապերի երկրում, լուսանկարվել էր եւ՛ հայրական տան շեմին, որ կիսավեր էր, եւ՛ մայրական կանգուն տան մոտ, ջուր խմել այն աղբյուրից, որ տատը պատմում էր, նկարվել էր նաեւ Հացպանյանների տանը, բանախոսի հոր՝ Գեւորգի եւ հորաքրոջ՝ Խանումի հետ… Պոլիս վերադառնալիս Սարոյանը հանդիպել էր Կոստանդնուպոլսի պատրիարք երջանկահիշատակ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեանին (1913-1990թթ.) եւ նրան փոխանցել Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում անտերության մատնված հայերի խնդրանքը: Դրանից հետո պատրիարք հայրը, նրանց հոգեւոր պահանջները բավարարելու նպատակով, Տիգրանակերտ էր ուղարկել տեր Կիրակոս քահանային, իսկ դրանից հետո շատ հայեր իրենց հայերեն չիմացող երեխաներին կրթություն ստանալու նպատակով ուղարկեցին Կ.Պոլսի հայկական վարժարաններ:

Բանախոսը ցուցադրեց մեծ գրողին ուղեկցելիս Պոլսի «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Պետրոս Զոբյանի կողմից արված լուսանկարները, նշելով, որ Սարոյանի հայրենի Բիթլիս այցը գրեթե ողջ տարին մանրամասնորեն լուսաբանվել էր թուրքական թերթերում եւ պարբերականներում:

Սարգիս Հացպանյանը պատմեց Բիթլիսի հարգանքի արժանի Շերեֆխան քրդական աշիրեթի մասին, որի անդամները կռվել էին հայերի ջարդարարների դեմ։ Վերջերս էլեկտրոնային նամակ էր ստացել այս տոհմից Բարզան անունով երիտասարդ լրագրողից: Վերջինս ազնիվ մղումներով հարց էր բարձրացնում՝ թե եկե՛ք, տեր կանգնե՛ք ձեր ունեցվածքին: Երիտասարդը, որ Շերեֆխանների ազդեցիկ տոհմից է, ում հայրն ու հորեղբայրները Մեջլիսում պատգամավորներ են եղել, գրում էր, որ քարաշեն այդ տանը, ուր իրենք ժամանակավորապես են ապրում, հայերին է պատկանում, անգամ կա տանտիրոջ անունը եւ պատրաստ են այդտեղից դուրս գալ, եթե գան տան իրական տեր հայերը: Այս երիտասարդն անգամ գնացել է «Ակոս» թերթի խմբագրություն, որպեսզի թերթը Բիթլիս էլ ուղարկեն: Նա հոգատարությամբ լուսանկարել եւ ուղարկել էր Բիթլիսի հայաշունչ մասերը: Ի դեպ, Շերեֆխան աշիրեթից այս երիտասարդը պատրաստակամություն է հայտնել Բիթլիս գնալ ցանկացող հայերին իրենց իսկ տներում տեղավորելով հյուրընկալելու:

Բանախոսը ցուցադրեց Բիթլիսի նահանգի Արծկեի հայկական բերդի եւ երբեմնի 3 եկեղեցիներից մեկի ավերակների, Մոտկանի, Խիզանի եկեղեցիների, Խլաթի վարժարանի շենքի եւ առայսօր կանգուն մատուռի լուսանկարները: Ասաց, որ այսօր Մոտկանում եւ Դատվանում դավանափոխ հազարավոր հայեր են ապրում, որոնցից մի մասը ցանկանում է վերադառնալ իր իսկական ինքնությանը, եւ որ Պոլսում բազմահազար սասունցի հայեր են ապրում, որոնց մի մասն իսլամացած է, իսկ մյուս մասն ապրում է հայեցի կյանքով: Դավանափոխները գտնում են, որ երբ հայանում են, իրենց կյանքն ավելի է դժվարանում եւ նրանք, ովքեր ցանկանում են հայ ինքնությամբ ապրել, ակամայից դառնում են թշնամի ու հայտնվում երկու քարի արանքում: Դավանափոխ հայերը փորձում են միմյանց հետ ամուսնանալ, որպեսզի կարողանան պահպանել իրենց ցեղի մաքրությունը:
Վերլուծաբանը պատմեց Ազիզ անունով մի հայի մասին, ով Բիթլիս-Սասունի հայերի կազմակերպության ակտիվիստ է, որ ընդդեմ Թուրքիայի Հանրապետության պահանջատիրական հայցեր է ներկայացրել Եվրադատարան: Ջանում է պահպանել մեր պատմամշակութային արժեքները: Ամեն տարի ուխտագնացություն է կազմակերպում դեպի Մարաթուկ սարի գագաթում ավերված հայկական եկեղեցին, որպեսզի հայկական կյանքը վերստին շունչ առնի, վերջերս փորձում է կազմակերպել նաեւ իսլամացած հայերին հայերեն սովորեցնելու գործընթացը: Բազմիցս դիմել է թուրքական կառավարությանը, տոհմածառեր է կազմել, բավականին հանդուգն քայլեր է անում, փոխհատուցում է պահանջում տարբեր երկրներով սփռված բաժան-բաժան եղած գերդաստանների կորուստների դիմաց:

Անցյալ տարի համացանցով Անկարայի համալսարանից 3 թուրք պրոֆեսորի եւ 4 ուսանողի հետ մի բանավեճի մասնակցող Սարգիս Հացպանյանին հարցրել էին, թե հայերը երբեւէ Արեւմտյան Հայաստան կվերադառնա՞ն։ Հարցին նա հակադարձել էր, ասելով, որ հայերն այս պահին էլ, թեկուզ այլ ինքնությամբ ծպտված լինելով հանդերձ, այդտեղ՝ իրենց բնօրրանում են ապրում, սակայն անհրաժեշտ պայմանների ստեղծման դեպքում, եթե տեղի հայությունն իր իսկական ինքնությամբ ապրելու հնարավորություններ ունենա, այսինքն՝ դպրոցների, եկեղեցիների առկայությամբ, տեղի մնացած ժողովուրդների հետ իրավահավասար պայմանների ստեղծման դեպքում, երեւի թե դրսում իրենց ինքնությամբ ապրող հայերի այդտեղ գնալ հաստատվելու հարցի քննարկման կարիքն իսկ չլինի, քանի որ արդեն ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ այդտեղ նման վիճակում միլիոնավոր հայրենակիցներ ունենալու փաստն այլեւս: Օնլայն զրուցակիցներն այլեւս հարցեր չէին տվել:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930