Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ սկզբունքները հակառակ են իշխանական բուրգում գործող խելացի սրիկաների շահերին»

Ապրիլ 16,2015 14:00

Ազատ ու չուղղորդվող տեքստեր գրողի նկատառումները

Բանաստեղծ Գեմաֆին Գասպարյանին (լուսանկարում) «Առավոտի» հետ ծանոթացրեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Առաջին հայացքից գրողը տարօրինակ արվեստագետ է, որը իրեն բանաստեղծ չի համարում եւ չի շտապում հրատարակել սեփական երկերը, թեեւ դրանք վաղուց տարածված են համացանցում, քննարկվում են եւ ունեն լայն լսարան: Գեմաֆին Գասպարյանն ավելի քան մեկ տարի առաջ էլ համախոհների հետ հիմնել է «Բուն» TV-ն՝ հայկական առաջին գիտամասնագիտական TV-ն:

«Առավոտը» հանդիպեց Գեմաֆին Գասպարյանի հետ: Ծանոթանալով գրողի պոեզիային, նկատեցինք մեր իրականության մեջ տեղի ունեցող ցանկացած իրողության չափազանց կրքոտ արձագանքը եւ հարցրինք՝ չի՞ կարծում, որ իր երկերում որոշակի ագրեսիա կա: Մեր զրուցակիցը նշեց, թե այդ բնորոշումը խնդրահարույց է եւ մոլորեցնող: Հետո էլ մանրամասնեց. «Իհարկե, իմաստունի դիրքից կարող եմ մեկնաբանել մեր «փուչ» կյանքը, պատմական լայն կտրվածքում դիտարկել մեր պետականության կարճ գոյությունը, խոսք հղել անհունին, հիշել հնագույն մշակույթը եւ այլն: Հայացքի հարց է, նաեւ ներգրավվածության, դիրքի, քո կողքին ապրող մարդկանցից չկտրվելու… Մյուս կողմից՝ հակադարձումը ենթադրում է անընդհատ կախվածություն, կառավարում ինֆորմացիոն հոսքերի կողմից: Անկեղծ ասած՝ հարցազրույցի առաջարկը ընդունելիս մտահոգություն ունեի՝ ո՞ւմ է հետաքրքիր, թե Գեմաֆին Գասպարյանը ինչ է ասելու, արդյո՞ք ես եմ այն մարդը, որ պետք է հարցերի պատասխանի, ի՞նչ դիրքերից են լինելու հարցերը, արդյո՞ք այս խոսքը միայն լրահոսը լցնելուն չի ուղղված… Մեկ այլ կողմից էլ կրքոտ արձագանքը նշանակում է, որ պատճառ կա, անհամատեղելիություն իմ եւ այսօրվա իշխանական քաղաքականության, կղերական, էթնիկ ազգայնականության քարոզի, մեզ գետտոյի վերածող երեւույթների միջեւ: Ինձ համար կենսականորեն կարեւոր սկզբունքները հաճախ հակառակ են իշխանական բուրգում գործող խելացի սրիկաների շահերին»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետո էլ հավելեց. «Ես տեքստեր եմ գրում, այլ ոչ երկեր: Գրում եմ տեքստեր, որոնք երկխոսելու համար են՝ խոսելուն չեմ հավատում»:

Գեմաֆին Գասպարյանը մի փոքր անկեղծացավ. «Ես հիմա ապրում եմ Երեւանում ու մեկնելու տրամադրություն չունեմ, հետեւաբար տեքստերս չեն կարող անմիջականորեն լինել Շրի Լանկայի արդիության շրջանակում… Դրանք կարող են անհասկանալի կամ ոչ ադեկվատ թվալ այսօր Երեւանում ապրող նախորդ դարի ընթերցողի համար: Ինչ վերաբերում է տեքստերիս ագրեսիային, կարծում եմ՝ առավել ազնիվ կլիներ այդ հարցին դուք պատասխանեք, դուք եք նկատել, գուցե այսօր ոչ ստերիլ, չկռտած, չլղոզած տեքստը ագրեսիվ է թվում…»:

«Բուն» TV-ի մասին էլ մեր զրուցակիցն ասաց, որ այն հիմնադրվել է շուրջ տարիուկես առաջ: Ինքն ու Քրիստինե Արմենակյանը մինչեւ այդ նախագծի ստեղծումը հանդիպել են մի քանի անգամ, հիմնականում Ազատության հրապարակում, միտինգներին: «Սա շեշտում եմ հատուկ, քանի որ վստահ եմ՝ ցանկացած նոր, իշխանական դիսկուրսից դուրս նախագիծ ստեղծելու համար անհրաժեշտ է, որ այն իրականացնողները լինեն ազատ՝ իրենց որոշումների մեջ, չհարմարվեն այդ պահին հրամցվող նորմերին: Փորձում ենք ստեղծել միջավայր, որը հնարավորություն կտա ռացիոնալության շրջանակներում կայացնել միջանձնային եւ միջխմբային երկխոսություն: Այս ցանկությունը հնարավոր է իրագործել իհարկե որոշակի ինտելեկտուալ կարողությունների շրջագծում, հետեւաբար մեր նախագծի կարեւոր բաղադրիչը կրթական գործառույթ ստանձնելը եղավ: Ելնելով մեր նպատակից, ձեւակերպել ենք պարզ, բայց դժվարին իրագործելի երկու հիմնական սկզբունք՝ ա) անում ենք այն, ինչ ուզում ենք, բ) մեր հաղորդումները պետք է լինեն առանց որեւէ սահմանափակման՝ բաց, անվճար, չուղղորդվող եւ հասանելի բոլորին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝
ԶՈՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930