Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը, երբ ամբողջ աշխարհը հարգելու է 1,5 միլիոն նահատակների հիշատակը, շախմատի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ազգային հավաքականները «զբաղված» են լինելու աշխարհի թիմային առաջնություններով, որոնք մեկնարկում են նույն օրը՝ ապրիլի 19-ին եւ միաժամանակ էլ ավարտվելու են՝ ապրիլի 28-ին:
Հայաստանի կանանց ազգային հավաքականն այդ օրերին գտնվելու է Չինաստանի Չենդու քաղաքում, որտեղ աշխարհի 10 ուժեղագույն երկրների հետ վիճարկելու է հաղթողի կոչումը: Մեր աղջիկներն ավարտել են ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը: Նրանք վերադարձել են Երեւան եւ մրցավայր մեկնելու են ապրիլի 17-ին: Իսկ տղամարդկանց ընտրանին ներգրավված է լինելու Ծաղկաձորում ընթանալիք աշխարհի թիմային առաջնությունում:
Հետաքրքիր զուգադիպությամբ երկու առաջնություններում էլ ապրիլի 24-ը հանգստյան օր է լինելու: «Առավոտը» փորձեց պարզել, թե մեր երկու հավաքականներն ինչպե՞ս են անցկացնելու այդ օրը:
Հայաստանի լավագույն կին շախմատիստ եւ հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանն ասաց. «Շատ կցանկանայի գտնվել Երեւանում: Բայց ի՞նչ կարող ենք անել: Այդ օրը լինելու ենք Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու: Եթե առաջնությունը Պեկինում լիներ, ամբողջ թիմով կգնայինք Հայաստանի դեսպանատուն ու մեր հարգանքի տուրքը կմատուցեինք անմեղ զոհերի հիշատակին: Չենդուն, որտեղ ընթանալու է առաջնությունը, շատ հեռու է Չինաստանի մայրաքաղաքից ու մեկ օրվա ընթացքում հնարավոր չի լինի մեկնել Պեկին եւ վերադառնալ: Մենք Հայոց ցեղասպանությունը հիշում ենք միշտ եւ այդ օրն էլ Չինաստանում կհիշենք: Իսկ թե ինչպե՞ս, հիմա չեմ կարող ասել: Դա կախված կլինի նաեւ առաջնության ընթացքից, մրցաշարային աղյուսակում մեր դիրքից ու հեռանկարներից, նրանից, թե ով կլինի հաջորդ օրվա մրցակիցը»:
Կարդացեք նաև
Տղամարդկանց ազգային հավաքականը լինելու է Հայաստանում: Հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն ու թիմը հիմա զբաղված են միայն աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելու եւ հաջող հանդես գալու խնդիրներով: Ու նշեց, որ այդ օրը մեր հավաքականը հարգանքի տուրք մատուցելու տարբերակ կգտնի: Իսկ մի քանի րոպե անց ինքը զանգահարեց. «Հենց նոր զրուցեցի Հայաստանի շախմատային ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ, որն առաջնության կազմակերպման հիմնական պատասխանատուներից մեկն է: Նա ասաց, որ ապրիլի 24-ին մեր հավաքականն ամբողջական կազմով կգնա Ծիծեռնակաբերդ եւ նույն օրը կվերադառնա Ծաղկաձոր: Իսկ մյուս հավաքականները Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու երթին կարող են մասնակցել իրենց ցանկությամբ», – Սմբատ Լպուտյանի խոսքերը փոխանցեց Արշակ Պետրոսյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.03.2015