Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերը չեն «լվացել» Հռոմի պապի ուղեղը, Թուրքիան փորձում է արդարացնել իր ձախողումը»

Ապրիլ 16,2015 13:00

 Վստահեցնում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ապրիլի 12-ին կայացած կիրակնօրյա պատարագի ժամանակ հնչեցրած խոսքերն առ այն, որ շուրջ մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները համարում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, զայրացրել է թուրք պաշտոնյաներին, որոնք առիթ ու հարթակ բաց չեն թողնում արտահայտելու իրենց նենգ մտքերը: Հայտնի մի շարք պարբերականներ անդրադարձան այդ պատարագին՝ մեջբերելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերը:

Օրերս էլ ամերիկյան New York Times-ը գրել է, որ Հռոմի պապի խոսքերի վերաբերյալ Թուրքիայի եվրոպական հարցերի նախարար Վոլքան Բոզքըրին Թուրքիայի ազգային հեռուստաընկերությամբ ելույթ է ունեցել ու հայտարարել, թե «բոլոր արգենտինացիների եւ ոչ միայն Հռոմի պապի ուղեղները լվացել են իրենց մեջ ապրող հարուստ եւ հզոր հայերը»:

Վոլքան Բոզքըրին նաեւ «իր ձեւով» բացատրել է, թե ինչպես կարող էին արգենտինացիներն իմանալ 1915-23 թվականների շրջանում մոտ 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունների մասին: Եվ չնայած նա ոչ մի ապացույց այդպես էլ չի ներկայացրել, սակայն հետեւյալ միտքն է արտահայտել՝ «Արգենտինայում հայկական սփյուռքը կառավարում է մամուլը եւ բիզնեսը»:

«Առավոտի» հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով թուրք նախարարի մեկնաբանություններին, բնական համարեց Թուրքիայի իշխանությունների վրդովմունքը: «Նրանք փորձում են իրենց հասարակության աչքի առջեւ տարբեր պատճառաբանություններով արդարանալ, թե ինչպես եղավ, որ, այնուամենայինիվ, կաթոլիկ աշխարհն այդ դիրքորոշումն ընտրեց, որովհետեւ Թուրքիան բավական լուրջ ջանքեր էր գործադրել խուսափելու համար այդ իրողությունից: Հռոմի պապն ացյալ տարի Թուրքիայում է եղել ու լավ ընդունելության արժանացել եւ ըստ երեւույթին նման ճանապարհներով ու նաեւ տարբեր բարձրաստիճան պատվիրակություններ ուղարկելով Վատիկան, Թուրքիան փորձում էր խուսափել դրանից: Արդյունքում չի ստացվել նրանց պլանավորածն ու հիմա Թուրքիան փորձում է բացատրել իր քաղաքականության ձախողումը: Բնականաբար, երբ փորձում են իրողությունը փոխել եւ կեղծ պատճառաբանություններով իրենց հասարակությանը ցույց տալ, թե ինչու են այլ երկրների ղեկավարները պատմական իրողությունն ընդունում, պարզ է, որ այդ արտահայտությունները մեկը մյուսից ավելի անիմաստ ու անմիտ են լինում: Թուրքիան այսօր ընկել է այդ անմտությունների գիրկը եւ ամեն հաջորդ հայտարարությունը գերազանցում է նախորդին: Սա էլ իրենց մերժողական քաղաքականության անխուսափելի հետեւանքն է, եւ որքան Թուրքիան շարունակի այդպիսի պահվածք դրսեւորել, բնականաբար, այնքան ավելի անհարմար իրավիճակում է հայտնվելու»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930