Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 9. փոխադարձ «հակապատմություն»

Ապրիլ 16,2015 12:00

Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքական
նկատառումներով աղավաղում են պատմությունը

Մոտենում է մայիսի 9-ը: Հայաստանի քաղաքացիների եւ աշխարհում ապրող հայերի համար դա Մեծ հայրենական պատերազմում մեր, այսինքն՝ Խորհրդային միության ժողովուրդների, ինչպես նաեւ հակաֆաշիստական բոլոր ուժերի եւ երկրների հաղթանակի օրն է: Սակայն վերջին մեկուկես տարում Ռուսաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները այդ՝ մինչ օրս միանշանակորեն ընկալվող տոնին նոր երանգներ են տալիս:

Ռուսաստանում մտահոգիչ է Ստալինի եւ ստալինիզմի ակնհայտ եւ գրեթե պաշտոնական ռեաբիլիտացիան: Ներկայիս ռուսաստանյան քարոզչությունն ավելի «հետ է գնացել», քան այն ձեւակերպումներն են, որոնք տվել էին իրենք՝ Ստալինի ժառանգորդները 1956 թվականին՝ դատապարտելով, այսպես կոչված, «անձի պաշտամունքը»: Պարզ է, որ ռուսաստանյան այսօրվա ղեկավարությունը շահագրգռված է ստալինյան ռեժիմի հանցագործություններն արդարացնելու գործում, որովհետեւ հիմնական պաշտոնական «թրենդը» ժամանակակից Ռուսաստանում ազատությունների սահմանափակումն է, արեւմտյան արժեքներին հակադրվելը, «ուժեղ ձեռքը», կայսերապաշտությունը եւ այլն: Այդքանով հանդերձ՝ Պուտինի եւ Ստալինի համեմատությունն, իհարկե, անհեթեթ է. շուկայական հարաբերությունների եւ համացանցի պայմաններում հնարավոր չէ Ստալին լինել: Ի դեպ, իմ կարծիքով՝ խորհրդային բռնապետը նաեւ որոշ առավելություններ ուներ Ռուսաստանի ղեկավարի համեմատ՝ Ստալինը ավելի կանխատեսելի էր իր արեւմտյան գործընկերների համար:

Հայրենական մեծ պատերազմի հետ կապված այսօրվա Ռուսաստանը չի ուզում ընդունել, որ խորհրդային տոտալիտար ռեժիմի պայմաններում երկիրը պատրաստ չէր ֆաշիստական հարձակմանը, պատերազմի ժամանակ հազարավոր մարդիկ զոհվել են քաղաքական ղեկավարության քմահաճույքների պատճառով, որ պատերազմից հետո հազարավոր մարդիկ հայտնվել են խորհրդային համակենտրոնացման ճամբարներում զուտ այն պատճառով, որ գերի էին ընկել եւ այլն:

Բայց ժամանակակից Ուկրաինայի մոտեցումները նույն խնդրին նույնքան «հակապատմական են»: Նախ՝ արգելվում է օգտագործել «Հայրենական մեծ պատերազմ» եզրը, կարծես այդ պատերազմում կռված եւ զոհված հազարավոր ուկրաինացիների համար Խորհրդային միությունը հայրենիք չէր: Այնուհետեւ հավասարության նշան է դրվում նացիստական եւ կոմունիստական գաղափարախոսթյունների միջեւ, ինչը զուտ գիտական առումով, կարծում եմ, սխալ է: Նացիզմը պաշտոնապես քարոզում է ռասայական խտրականություն, մի ազգի, մի ցեղի առավելությունը մյուս ցեղերի նկատմամբ՝ այստեղից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ընդհուպ մինչեւ այդ «սխալ ցեղերի» ոչնչացում: Կոմունիզմը պաշտոնապես քարոզում է հավասարություն եւ եղբայրություն, «ինտերնացիոնալիզմ»: Այլ հարց է, որ կոմունիզմի անունից կատարվել են բազմաթիվ սահմռկեցուցիչ հանցագործություններ, բայց նույնպիսի հանցագործություններ կատարվել են նաեւ քրիստոնեության անունից, եւ ոչ մեկի մտքով չի անցնում արգելել քրիստոնեական սիմվոլիկան: Ուկրաինայի նախագահը պնդում է, որ Հիտլերն ու Ստալինը միասին են սանձազերծել պատերազմը. սովորաբար այդպես չի լինում՝ պատերազմի ժամանակ մեկը հարձակվում է, մյուսը՝ պաշտպանվում:

Ժամանակակից Ուկրաինան հերոսացնում է Խորհրդային միության դեմ պայքարող բոլոր ազգայնական զինված խմբավորումներին՝ համարելով, որ նրանք պայքարում էին Ուկրաինայի անկախության համար: Շատ լավ, բայց այդ դեպքում պետք չէր միաժամանակ արգելել կոմունիստական եւ նացիստական խորհրդանիշները, որովհետեւ այդ խմբավորումների մի մասը հանդես էր գալիս հենց նացիստական խորհրդանիշների ներքո:

Եվ վերջապես՝ եթե, ինչպես որ հայտարարում է Գերագույն Ռադան, 1917-1991 թվականները զուտ Ուկրաինայի անկախության համար պայքարի տարիներ էին, ապա այդ ժամանակահատվածում ապրող, ստեղծագործող, պատերազմում կռվող բոլոր ուկրաինացիները, որոնք չեն պայքարել անկախության համար, կամ կոլաբորացիոնիստներ էին, կամ ավելի վատ՝ զավթիչներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Նույնքան հակապատմական?)))) Հավասարության նշա՞ն եք դրել …. չեմ էլ ուզում մեկնաբանել: Հասուն մարդիկ միևնույն է հասկանում են թե այսօր ինչ է կատարվում և ով է այսօր չարիք հանդիսանում մարդկության համար, ով է ՓՈՐՁՈՒՄ ՛՛երաժշտություն պատվիրել՛՛: Բայց քանի գնա՝ մարդկանց աչքերը ավելի են բացվելու…

  2. Գալուստ Ենոքյան says:

    «Այդքանով հանդերձ՝ Պուտինի եւ Ստալինի համեմատությունն, իհարկե, անհեթեթ է. շուկայական հարաբերությունների…»… Հարգելի Արամ, համարել որ Ռուսաստանում կան շուկայական հարաբերություններ , կարծում եմ միեվնույնն է թե ընդունել որ Հայաստանում էլ է գործում է շուկայական հարաբերություններ… ինչ շուկայական հարաբերությունների մասին է խոսքը, երկու դեպքում էլ «շուկան» կառավարվում է իշխող կուսակցությունների կողմից…«նշանակված» օլգարխների կողմից: Կարծում եմ Հրանտն էլ է դեմ շուկայական :հարաբերությունների…: Ցավոք «Բայց քանի գնա՝ մարդկանց աչքերը ավելի են բացվելու…» ու հանկարծ ՏԵՍՆԵՆ ,Պուշկինի (հույսով էմ էս անգամ ճիշտ եմ) Ոսկե ձկնիկի տատիկի տաշտակը … Այսօր աշխարհի ամենահարուստ մարդը ասում են « իր ղեկավարած շուկայից» 200 միլիարդ դոլարի կարողություն ունի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930