Տեստոստերոնը համարվում է արական սեռական հորմոն: Հասուն տղամարդու օրգանիզմում օրական արտադրվում է 15 մգ տեստոստերոն, որը խթանում է արական սեռական օրգանների եւ երկրորդային սեռական հատկանիշների զարգացմանը:
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը արյան պլազմայում բարձրանում է սեռահասունացման շրջանում` մնալով բարձր ցուցանիշների վրա միջինը մինչեւ 60 տարեկան: Արյան պլազմայում այս հորմոնի մակարդակը օրվա ընթացքում ենթարկվում է տատանման` առավելագույն ցուցանիշը դրսեւորվում է առավոտյան, իսկ նվազագույնը` գիշերային ժամերին եւ ինչքան բարձր է տեստոստերոնի մակարդակը տղամարդկանց մոտ, այնքան նրանք ավելի ուժեղ են, ակտիվ եւ էներգիայով լի: Այն խթանում է նյութափոխանակությանը, նվազեցնում ռիսկը սրտանոթային հիվանդությունների: Կան բազմաթիվ եղանակներ, որոնք նպաստում են այս հորմոնի արտադրմանը: Մասնագետներն առաջարկում են հետեւել սննդակարգին, օրինակ՝ կարմիր միս ուտել, որը պրոտեինի աղբյուր է եւ խթանում է տեստոստերոնի սինթեզմանը եւ մկանային համակարգի զարգացմանը: Այն հարուստ է նաեւ ցինկով, որը այն հանքանյութն է, որը նպաստում է արական հորմոնի պահպանմանը:
Օգտակար է առողջ ճարպերի օգտագործումը` ընկույզ, ձիթապտղի յուղ, յուղոտ ձուկ, հատկապես օմեգա-3-ը բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը:
Մասնագետները շատ են կարեւորում սպորտով զբաղվելը, 7 ժամից ոչ պակաս քունը եւ C վիտամինի ընդունումը: Կարող եք առավոտյան եւ երեկոյան խմել 500 մգ մասուրի, կիվիի, նարնջի եւ կաղամբի հյութ, որը պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին: Մասնագետներն ասում են, որ մինչեւ 7 ժամ քունը եւս կարող է տեստոստերոնի մակարդակը իջեցնել մինչեւ 30% -ով, այդ իսկ պատճառով կանոնավոր քունը շատ կարեւոր է: Ցինկի պակասի դեպքում եւս այդ հորմոնի մակարդակը իջնում է: Ցինկի աղբյուր են ոստրեն, լյարդը, կաթնամթերքը եւ այլն:
Տեստոստերոնի իջեցման գործում մեծ դեր ունեն սթրեսը, ծխախոտը եւ ալկոհոլը, որոնք ազդում են մարդու էնդոկրին համակարգի վրա, որն էլ դադարեցնում է հորմոնի արտադրությունը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
15.03.2015
պրոտեին = ՍՊԻՏԱԿՈՒՑ
– – –
«առողջ [կամ հիւանդ 🙂 ]» ճարպ արտայայտութիւն հայերում չունենք: ԱՌՈՂՋԱՐԱՐ, ՕԳՏԱԿԱՐ,,
– – –
Խթանելը ի՞նչը՝ ՍԻՆԹԵԶԸ, ԶԱՐԳԱՑՈՒՄԸ: Սա ուղիղ խնդիր է, ուստի պէտք է լինի ՀԱՅՑԱԿԱՆ հոլով, ոչ թէ տրական: Ստուգելու համար կարող էք ուղիղ խնդիրը դարձնել անուղղակի խնդիր՝ կրաւորական սեռ: Եթէ ստացւում է, ուրեմն լաւ է: Այս դէպքում կը լինի «սինթեզը, զարգացումը ԽԹԱՆՎՈՒՄ Է,,,»:
– – –
15 մգ տեստոստերոնն ինձ շատ շատ է թւում (առնուազն մի 10-20 անգամ աւել): Դրա խտութիւնը օրգանիզմում մօտ 2-10 µg/L է: Եթէ մարդու ծաւալն ընդունենք մօտ 70 լիտր, ստացւում է 0.14-0.7 միլիգրամ:
Ձեր նշած թիւն արտադրուող քանակն է, ոչ թէ պարունակութիւնը: Ես հորմոնի քայքայման արագութիւնը չգիտեմ, բայց ամէն դէպքում ինձ վստահութիւն չի ներշնչում:
Հարգելի Արթուր Ղազարյան նյութում եւս նշված է, որ 15 մգ տեստոստերոն արտադրվում է` ոչ թե պարունակում: