«Հայք» համակարգը ապրիլի 14 եւ 15-ին Գրողների միությունում աշխատանքային հավաքներ էր կազմակերպել: Ապրիլի 15-ին հավաքի ընթացքում ներկայացվեց, թե «Հայք» համակարգն իրենից ինչ է ներկայացնում, ինչպես պետք է կազմակերպել «Հայքը» եւ ինչո՞ւ «Հայք»: Հավաքի ընթացքում ելույթ ունեցավ սիրիահայ Գառնիկ Սարգսյանը:
«Մեզ չջարդեցին, քանի որ քրիստոնյա էինք, մեզ ուզեցին վերացնել, քայքայել, ոչնչացնել, հենց քանի որ հայ ենք՝ Հայքի ազգն ենք, Հայքի մշակույթն ենք: Վերջերս Վատիկանում լավ բան տեղի ունեցավ, բայց ավելի լավ կլիներ, որ ճիշտ ձեւով լիներ այդ ճանաչումը. Այդ ճանաչումը եղավ իբր հայ քրիստոնյաների ցեղասպանություն՝ հույների եւ հրեաների հետ: Ճիշտ է, մենք քրիստոնյա ենք, հույներն էլ, ասորիներն էլ են ջարդվել: Բայց այստեղ հայի ցեղասպանության հարցն է, պետք չէ ուրիշ պիտակ տալ»,- ասաց նա:
Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր լինել Հայքի վերացման վերջին հանգրվանը. «Այսօր Հայքի վերածնունդը առաջին կարգի պատասխան է Հայքի ազգի կողմից իր թշնամիներին, քաղաքակրթական, Հայքին վայել պատասխան: Հայքի վերածնունդը հրավեր է այն հեղինակներին, ասելու համար, որ սրանից հետո իրենք պետք է փոխեն իրենց մոտեցումը: Հայքի ազգին վերացնելը հակատիեզերական է, բնության դեմ է, Հայքը չի վերացել, անընդհատ պետք է վերածնվի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ