Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն մտադիր չէ դռները փակել Հայաստանի առջեւ, պարզապես մարտավարությունն է փոխում»

Ապրիլ 15,2015 20:40

«Հայաստանն  իր վարքով ցույց տվել է, որ այնքան էլ ինքնուրույն երկիր չէ եւ կախված է Կրեմլից: Չեմ բացառում, որ ծրագրերի ֆինանսավորման կրճատումը նաեւ պայմանավորված լինի ուրիշի խամաճիկի հետ գործ չունենալու հանգամանքով»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը` արձագանքելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությանը, որ Միացյալ նահանգների կառավարությունը որոշում է կայացրել կրճատել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրոպական պետություններում եւ Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ֆինանսավորումը: Դեսպանն այդ մասին հայտնել է այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:

Թեեւ դեսպան Ռիչարդ Միլսին գումարների կրճատումը բացատրել էր միջազգային տարբեր հիմնախնդիրներով եւ վստահեցրել, որ այդ ամենը որեւէ կապ չունի հայ-ամերիկյան հարաբերությունների հետ, սակայն պարոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք, թե իրականում ինչը կարող էր նման որոշման պատճառ հանդիսանալ, հատկապես, որ ամիսներ առաջ դադարեցվեց ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի  հայաստանյան գրասենյակի գործունեությունը: Այժմ էլ խոսք է գնում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքների դադարեցման մասին:

Լեւոն Բարսեղյան

Լեւոն Բարսեղյան

Լեւոն Բարսեղյանը թեեւ դեռ հարցը մանրամասնորեն չէր վերլուծել, սակայն չբացառեց, որ համագործակցության առումով Հայաստանն այլեւս հուսալի գործընկեր չէ եւ վստահություն չի ներշնչում:

Մեր այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն այդքան հեշտությամբ «ձեռքերը կլվանա» եւ հետ կկանգնի Հայաստանից, որը, մասնագետների գնահատմամբ, տարածաշրջանում կարեւոր պլատֆորմ է հանդիսանում, պարոն Բարսեղյանն ասաց. «Հայաստանը ոտքով գլխով գնացել մտել է Վլադիմիր Պուտինի վարորդի ծոցը, գուցե թե Հայաստանի հետ անելիքը նա Կրեմլի միջոցո՞վ կանի այսուհետ, նրան ինչ պետք է մեզ հետ գործ բռնի: Գուցե բոլորովին այլ է պատճառներ կան, չեմ կարող ասել»:

Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյան

Սակայն «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը միանգամայն այլ կարծիք ունի: Փորձագետը կարծում է, որ
Միացյալ նահանգները փոխում է աշխատանքների եղանակը` փորձելով վերագնահատել  մինչ այժմ կատարած աշխատանքների արդյունավետությունը: «Հետխորհրդային ամբողջ տարածքը, փաստորեն, հակադեմոկրատական ամենամեծ տարածքն է ամբողջ գլոբուսի վրա: Բացի դրանից այն դարձել է անկայունության աղբյուր`բավականին անհասկանալի հեռանկարներով: Հետևաբար` տպավորություն ունեմ, որ Միացյալ նահանգները վերագնահատում է մինչ այժմ արված աշխատանքների արդյունավետությունը եւ այսուհետ ավելի արդյունավետ ձեւերով կփորձեն աշխատել: Եթե այստեղ փակվում են այն ծրագրերը, որոնք մինչ այժմ եղել են, ապա, ես կարծում եմ, կլինեն այնպիսի ծրագրեր այլ ձեւերով, այլ խողովակներով այլ տարբերակներով, եւ ընթացքում մենք այդ փոփոխությունը կտեսնենք»:

Ռուբեն Մեհրաբյանն անարդյունավետ է համարում օրինակ` հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հաշտեցման ծրագրերը, որոնք թեեւ այդքան կարեւոր էին, սակայն որեւէ արդյունք այդպես էլ չտվեցին: Դրա անարդյունավետության ապացույց պարոն Մեհրաբյանը նշում է հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները. «Տեսնում ենք` ինչ սկանդալային հայտարարություններ են անում հարեւան երկրներում եւ ինչպիսի հայատյացություն են սերմանում: Իսկ Ադրբեջանում, նույնիսկ այն անձինք, որոնք համագործակցում են հայկական ոչ կառավարական կազմակերպությունների հետ նրանք պարզապես կամ բանտերում են կամ փախել են այլ երկրներ: Ուստի ԱՄՆ-ն փորձում է ավելի արդյունավետ ձեւեր գտնել, որպեսզի անիմաստ փող չծախսի»:

Ըստ պարոն Մեհրաբյանի, դատելով ամերիկյան պաշտոնյաների հայտարարություններից, ԱՄՆ-ն մտադիր չէ դռները փակել Հայաստանի առջեւ`«Ամենակարեւորը սա է, մնացածը մարտավարական հարցեր են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Որ ;;դռները փակեն՛՛, էս երկուսն ու իրանց նմանները փողից կտրվելու են… դրա դարդն են անում))))

  2. Seyran says:

    -ականների Սակայն ինչ? տարբերություն,Պուտինի վարորդի ծոցը կմտնես,թե Օբամայի վարորդի:Եվրոմիության հզոր կազմակերպությունը ստիպված է կատարել ԱՄՆ-ի ,,կապրիզները,,,թեև դա իրենց շահերից չի բխում,ուր մնաց փոքրիկ Հայաստանը դեմ կանգնի ՌԴ-ի ,,կապրիզներին,,:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930