Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ Եվրախորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ժամանակ. Էրդողանին մաֆիոզ անվանեցին

Ապրիլ 15,2015 20:21

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընթանում են «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումներ: Եվրոպացի խորհրդարանականները քննարկում են բանաձև, որն ավելի ուշ՝ Հայաստանի ժամանակով 21.30-22.00-ի ընթացքում քվեարկության կդրվի:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցով 2013-ի զեկույցը, որի որոշակի պարբերություններ վերաբերում են Հայաստանին: Մասնավորապես, փաստաթղթում կա հատված, որը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ճանաչել Ցեղասպանությունն ու խրախուսում է ԵՄ կառույցներին՝ նպաստել այդ գործընթացին»:

Նշենք, որ խորհրդարանի պատվիրակները միաձայն կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրանց մեծամասնությունը օգտագործում հենց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը:

Բուլղարացի պատվիրակ Կրիստալինա Ջեորջիևան հայտարարեց. «Այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ, այժմ էլ սահմռկեցուցիչ է բոլորիս համար: Ապրիլի 24-ին մենք կվշտակցենք հայ ժողովրդին, քանի որ այն, ինչ կատարվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի հետ, ցեղասպանություն է»:

Գերմանացի պատվիրակ Էլմար Բրոքը ևս կատարվածը անվանեց ցեղասպանություն ու շեշտեց. «Հայեր են սպանվել 20-րդ դարասկզբին և այդ փաստը պետք է հենց ցեղասպանություն գնահատել»:

Գերմանացի պատվիրակ Ֆլեքենշթեյն Կնուտը Եվրախորհրդարանում հնչեցրեց. «Ցեղասպանությունը պետք է կոչել իր անունով: Դա պետք է ընդունի նաև Թուրքիան: Ես Թուրքիայի իշխանություններին կոչ եմ անում հրատապ ու ճիշտ քայլեր ձեռնարկել: Իհարկե, գիտակցում եմ, որ պատմության հետ առերեսվելը բարդ բան է, բայց դա կարևոր է միջազգային հարաբերություններ կառուցելու տեսանկյունից»:

Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Չարլզ Թանոքն էլ Թուրքիային առաջարկում է. «Պետք է որպես դիվանագիտական ժեստ Թուրքիան բաց անի սահմանը»:

Կիպրոսի ներկայացուցիչ Հաջիգորգուս Թակիսը, անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ասաց. «Ուզում եմ ուշադրության հրավիրել բոլորի ուշադրությունը այդ փաստի վրա: Նաև նշեց, որ Թուրքիան չի կարող արհամարհել ողջ միջազգային հանրությանը, որ կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե ուզում է ԵՄ անդամ դառնալ, պետք է լուծի քրդերի, հայերի և հույների հետ իր խնդիրները»:

Քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. Իտալիայի ներկայացուցիչ Բորգեզիո Մարիոն իր ելույթի ընթացքում խիստ վրդովվեց՝ խոսելով Էրդողանի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքներին. «Այսպես մաֆիոզի պես խոսելով էլ ուզում է մուտք գործել ԵՄ: Այդ պահվածքով Թուրքիան չի կարող մուտք գործել Եվրամիություն»: Այս հայտարարությանը հաջորդեցին Եվրախորհրդարանի անդամների ծափահարությունները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930