Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՊ. «Ընդերքն օգտագործվել է առանց հողատարածքի վարձակալության պայմանագրի»

Ապրիլ 15,2015 18:45

Վերահսկիչ պալատը Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում կատարված ուսումնասիրություններից արձանագրել է մի շարք խախտումներ եւ թերություններ:

Ուսումնասիրելով Հայաստանի տարածքում ընդերքի օգտագործման տրամադրման գործընթացը, Վերահսկիչ պալատը (ՎՊ) 2014-ի տարեկան հաշվետվության մեջ նշել է, որ նախարարության ընդերքի տրամադրման գործակալության կողմից 2012-2014 թվականներին թվով 95 (ընտրանքային վերահսկողությամբ ուսումնասիրվել է 49-ը) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ապահովման, ինչպես նաեւ հանքային իրավունքի վերաձեւակերպման գործընթացում 32 դեպքում արձանագրել են խախտումներ:  Ըստ ՎՊ-ի, դեպքեր են եղել, երբ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար դիմումից մինչեւ որոշման կայացում տեւել է 100 եւ ավելի օր, մինչդեռ սահմանված առավելագույն ժամկետը 45 օր է:  Օրինակ` «Պանարաքաս Միներալս» ընկերության դիմումի պատասխանը տրվել է 296 օր հետո, «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի Հայաստան» ՍՊԸ-ին 289 օր ուշացումով, «Օփուլենթ Թրեյդինգ Սոլյուշենսին»` 266  օր ուշացումով:

ՎՊ-ն նկատել է. «Ուշագրավ է, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու «որոշ» դիմումներ բավարարվել են զգալի սեղմ ժամկետում`6 օր, 20 օր, 24 օր, 30 օր եւ այլն»:

Վերահսկիչ պալատը նաեւ պարզել է, որ մարզեր գործուղված տեսչության պաշտոնատար մի շարք անձանց պարտականությունների կատարումը որոշ դեպքերում կրել է ձեւական բնույթ: ՎՊ-ն արձանագրել է, որ տեսչության կողմից թվով 295 ընդերքօգտագործողի մոտ իրականացված ստուգման նյութերի ուսումնասիրությամբ 114-ի դեպքում տեսչական ստուգումների իրականացման եւ համապատասխան փաստաթղթավորման գործընթացում մի շարք թերություններ, խախտումներ եւ անհամապատասխանություններ: «Տեսուչն ընդգրկվել է ստուգման հանձնարարագրում, գործուղվել է ստուգման վայր, սակայն չի ստորագրել ստուգման համապատասխան ակտը»,-գրված է հաշվետվությունում, եւ, սա, համարվել է համապատասխան օրենքի խախտում:

ՎՊ-ն նաեւ կասկածի տակ է առել որոշ տեսուչների կատարած ստուգման արդյունքները, դրանք համարելով անարժանահավատ: Մասնավորապես` «Ընդերքի պետական տեսչությունը ստուգումների ընթացքում կիրառել է սխալմունքի անհայտ աստիճանով մարկշեյդերական չափագրման համար անհրաժեշտ սարք-սարքավորումներ: Այսինքն, առկա է տեսչական ստուգումների արդյունքների արժանահավատության խնդիր, քանի որ ստուգող սարքերը մինչդեռ ստուգումները սկսելը սահմանված կարգով ստուգաչափման ենթարկված չեն եղել: Դեռ ավելին, պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում տեսչությունն ընդհանրապես չի ունեցել նման սարքեր: Ըստ տեսուչների մեկնաբանության, սարքերն օգտագործվել են «մասնավոր» անձանց միջոցով»:

Ընդերքօգտագործողների մոտ էլ ՎՊ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել:

Հաշվետվության մեջ նշված է. «Լիարժեք չեն կատարվել ընդերքօգտագործման պայմանագրերով ստանձնած ներդրումներին վերաբերող պարտավորությունները: Բացահայտված թերություններն ու անհամապատասխանություններն անմիջապես չեն վերացվում կամ չեն համապատասխանեցվում փաստացի իրավիճակին. ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման պայմանագրերում չեն կատարվում համապատասխան փոփոխություններ: Տարիներ շարունակ կատարվում են ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ, սակայն արդյունքները չեն ներկայացվում պաշարների հաստատման համար:

Առանձին թույլտվություններով մի քանի ընդերքօգտագործողներ շահագործել են միեւնույն հորատանցքը: Արդյունաբերական (շշալցման) եւ բուժական նպատակներով արդյունահանված հանքային ջրի փաստացի չափաքանակը քիչ է ընդերքօգտագործող ընկերությունների լիցենզիայով տրամադրված չափաքանակից: Ընդերքն օգտագործվել է առանց հողատարածքի վարձակալության պայմանագրի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930