Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր մոտոցիկլետի վրա Շումախերն էլ նստած լինի, չի կարող 80 կմ/ժ արագությունից ավելի գնալ». Արծվիկ Մինասյան

Ապրիլ 15,2015 17:34

Այսօր քննարկում էր կազմակերպվել սահմանադրական բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության դերի մասին:

ԵՄ ծրագրերի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը զեկույց ներկայացրեց՝ համեմատելով մեր երկրում սահմանադրական փոփոխությունների շուրջ ծավալված գործընթացը Արեւելյան Թիմորի եւ Վրաստանի հետ: Նա ասաց, որ դեռ Արեւելյան Թիմորում շատ քիչ ժամանակահատված էր տրամադրվել՝ բարեփոխում իրականացնելու համար. «1 տարուց քիչ ժամանակահատված էր իրենց տրված: Քաղհասարակությունը հաշմանդամի վիճակում էր: Իրենց իշխող շարժումը, որը տարավ պետությունը անկախության, ասեց, որ սա է վերջնական տարբերակը, ունեք 1 շաբաթ, որպեսզի ձեր դիտողությունները ներկայացնեք: Մարդիկ ասում էին, որ մեզ ձեռք եք առնում: Վրացական փորձը կա, որոնք ունեինք 1.5 տարի ժամանակ»:

Քննարկման մասնակիցները հետաքրքրվում էին, թե ո՞րն է շարժառիթը, որ Հայաստանում Սահմանադրությունը փոխում են: Մասնակիցներից մեկն ասաց. «Ճգնաժամի պատճառով են փոխում Սահմանադրությունը, Վրաստանում, Ուկրաինայում մի քանի անգամ փոխվել է, ո՞րն է Հայաստանի ճգնաժամը»:

P_Tovmasyan_Minasyan P_Tovmasyan_Minasyan_2

Հովսեփ Խուրշուդյանը ԵՄ փորձագետից հետաքրքրվեց՝ արդյոք քաղաքացիական հասարակության մասնակցությունը կարեւորո՞ւմ եք նաեւ այն դեպքում, երբ մենք գտնում ենք, որ այս գործընթացը իշխանության բռնազավթում ապահովելուն է ուղղված՝ պետականության դեմ. «Վրաստանի հետ եք համեմատում, բայց Վրաստանում իշխանություն է փոխվում ժողովրդավարական ճանապարհով: Լավ, վատ Սահմանադրություն է պահպանվում, այստեղ չի պահպանվում: Երբ որեւէ բիզնեսմեն համարձակվում է ընդդիմադիր կուսակցությանը հովանավորել, նրան ուղղակի սնանկացնում են, հետո խոսում են բարեփոխումների մասին՝ դա մի քիչ տարօրինակ է: Կուսակցությունը, որը խորհրդարանում ունի ներկայացուցիչներ, պատգամավորներ, տարեկան 10 հազար դոլար է ստանում: Դա չի հերքում, որ գյուղերում գնա մարդ գտնի ու ձայները պահի՝ ընտրությունների ժամանակ: Ընդդիմադիրների պահանջներին որեւէ կերպ չգնացին ընդառաջ: Ամեն ինչ անում է իշխանությունը, որ քաղաքական դաշտը չկայանա, որ մենաշնորհվի դաշտը մեկ կուսակցության կողմից: Ինչի՞ մասին է խոսքը: Եվ դուք ուզում եք, որ քաղաքացիական հասարակությունը, ողջ քաղաքական դաշտը մասնակցի այս իմիտացիայի՞ն»:

Քարլ Ուլբրիխտը պատասխանեց, որ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը չի նշանակում, որ պետք է համաձայնեն այս գործընթացում ամեն ինչի հետ:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը դժգոհեց՝ շատերը, որոնք տեսակետ են հայտնում, ծանոթ չեն հայեցակարգին, չեն կարդացել մոտեցումները. «Հաճախ հնչում են հարցեր, թե երբ է պետք Սահմանադրական փոփոխությունները, արդյոք պետք է սպասե՞լ, որ ճգնաժամն իրոք վրա հասնի»:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ մեր «մոտոցիկլը» փոխել է պետք. «Մեր մոտոցիկլետի վրա ինչքան էլ Շումախերը նստած լինի, չի կարող 80 կմ/ժ արագությունից ավելի գնալ: Որպեսզի արագ հանենք մեր ուզած կետին, անհրաժեշտ է ոչ միայն Շումախեր, այլեւ նոր մոտոցիկլետ՝ արագընթաց մեքենա»:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն էլ կատակեց, որ արագություն զարգացնելիս պետք է հաշվի առնել, որ Հայաստանում արագաչափ կա:

«Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Անանիա Մաղաքյանի դիտարկմամբ՝ «Երկու անգամ նույն ձիավորը քշում է, ինչի՞ պիտի մի անգամ նույն ձիավորը վատ քշի, մյուս անգամ՝ լավ: Մենք գիտենք սա ինչ նպատակ ունի, բերեք փոքր երկիր ենք, իրար չխաբենք: Մեր ասածը բանի տեղ դնող էլ չկա: Միակ նպատակը այս փոփոխությունների իշխանությունների վերարտադրվելն է, դա կույրին անգամ տեսանելի է»:

Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց. «Մեխանիզմն ասեք վերարտադրման»:

Անանիա Մաղաքյանն էլ ասաց. «Եթե Քրիստոսը իջնի երկրի վրա եւ օրենքներ դնի, ընտրություններն այստեղ կեղծվելու են: Դա կախված է ընտրողի քվեն գնահատելուց»:

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի, ցանկացած Սահմանադրություն էլ կարելի է բարեփոխել. «Բայց հիմա ուզում եք համոզել, որ օրենսդրական մակարդակով ոչինչ չեն ուզում անել, բայց Սահմանադրության մակարդակով պատրաստվում են բարեփոխե՞լ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այն ,,գործիչները,,որոնք իշխանություններին մեղադրում են ԵՏՄ-ին միանալու և անկախությունը կորցնելու մեջ,ինչ որ Ուլբրիխտի մոտ դժգոհում են սահամանադրական բարեփոխումների համար:Հարգելիներս,ոչ մի տարբերություն չկա ում փեշից ես կախվում:Փեշից կախվողին ամենաշատ ապտակներն է հասնում,նույնիսկ հարազատ մորից….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930