Ապրիլի 15-ին տեղի ունեցավ «Հատուցման գինը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը պատմատնտեսագիտական վերլուծություն է՝ նվիրված Հայոց ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած նյութական կորուստներին: Կատարվել են տնտեսական վերլուծություն և նյութական կորուստների մերօրյա համարժեքության հաշվարկ: Այս թեմատիկայով նման ծավալուն աշխատություն հրատարակվում է առաջին անգամ: Գրքի հեղինակը ՀՊՏՀ ուսանողական խորհրդի լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Հայկ Բեջանյանն է:
Հայկ Բեջանյանը նշեց, որ գիրքը գրելիս օգտվել են բազմաթիվ պատմական աղբյուրներից, որոնց հիման վրա հանրագումարի են բերվել հայ ժողովրդի կրած նյութական կորուստները, այնուհետև այդ ամբողջական վիճակագրական ցուցանիշի հիման վրա իրականացվել է տնտեսամաթեմատիկական հաշվարկ, որն արտացոլում է կորուստները մերօրյա համարժեքով։ Ըստ այդմ՝ Հայ ժողովրդի նյութական կորուստները 1919թ. դրությամբ կազմում են 19 միլիարդ ֆրանկ, որի այսօրվա համարժեքն ավելի քան 46 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Հայկ Բեջանյանը նկատում է նաև, որ ամենամեծը մարդկային կորուստներն են, և կատարված տնտեսագիտական հաշվարկները չեն հավակնում դառնալ այն միլիոնավոր մարդկանց անունների հաշվարկ, որոնք կապրեին ու կարարեին Ցեղասպանությունը չլինելու դեպքում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, խոսելով տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությունների մասին, նշեց, որ դրանք բազմաոլորտ են։ Տնտեսագիտական համալսարանի ուսանողները փորձում են գտնել ամենակարևոր շեշտադրումները, այն բաց տեղերը, որտեղ անհրաժեշտ է աշխատանք տանել։ Դրա առհավատչյան նաև «Հատուցման գինը» գիրքն է։ Սա թեմա է, որտեղ տնտեսագետ ուսանողները ցուցաբերել են մասնագիտական մոտեցում։
Կարդացեք նաև
Նշենք, որ «Հատուցման գինը» գիրքը լույս է ընծայվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։ Հիմնադրամի և բուհի ուսխորհրդի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համատեղ միջոցառումները շարունակական են։ Դրանց շրջանակներում Ցեղասպանությանն առնչվող բազմալեզու (հայերեն, անգլերեն, թուրքերեն) նյութերով է համալրվել Վիկիպեդիան։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն