Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները Ռուսաստանի գլխավոր դատախազին շախմատ նվիրեցին, սակայն այն տեղ չհասավ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 15,2015 17:23

Ինչպես տեղեկացրել ենք գյումրեցիները, վրդովված 3 ամիս շարունակ Ավետիսյանների դաժան սպանության չբացահայտումից, այսօր բողոքի ակցիա անցկացրեցին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց: Ինչպես Aravot.am-ին հայտնել էր ակտիվիստ Կարեն Պետրոսյանը, իրենք նվեր ունեն հանձնելու ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային, որն այդպես էլ հարկ չհամարեց պատասխանել ՀՀ գլխավոր դատախազի՝ Վալերի Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու գրավոր նամակին:

Քիչ առաջ մի խումբ ակտիվիստներ տնտեսագետ Կարեն Պետրոսյանի հետ գնացել էին ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց՝ ձեռքերին շախմատ ու նամակ՝ հասցեագրված Յուրի Չայկային: Նամակում գրված էր «Հարգելի պրն. Չայկա, Ընդունեք այս նվերը ի նշան երկու երկրների բարեկամության, լցրեք Ձեր պարապությունը, կամ պատասխանեք Ձեր հայ գործընկերոջ նամակին: Սխալ մտածված քայլերը կարող են լարվածություն առաջացնել հայ և ռուս ժողովուրդների բարիդրացիական հարաբերություններում»:

Gyumri_05 Gyumri_04 Gyumri_03

Կարեն Պետրոսյանը լրագրողներին պարզաբանեց, որ երեւի թե պարապությունն է պատճառը, որ մեր երկրի գլխավոր դատախազին չեն պատասխանել: «Կարծում ենք սա արժանապատվության հարց է, առաջիկայում նշում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակը եւ գրեթե բոլոր երկրները քայլեր են անում դեպի Հայաստանը, մինչդեռ մեր բարեկամ Ռուսաստանն այսպիսի վերաբերմունք ունի Հայաստանի գլխավոր դատախազի հարցմանը: Շախմատը շատ իմաստներ ունի, ամեն մեկը կարող է յուրովի մեկնաբանել , բայց հիմնականը, որ մեր հետ պետք չէ խաղեր խաղալ, եւ մենք ասում ենք՝ ցանկացած սխալ քայլ, որ կանի ռուսական կողմը, ռուս իշխանավորը դա կարող է էապես վնասել հայ-ռուսական հարաբերություններին», -ասաց Կարեն Պետրոսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ մի շախմատ էլ չեն նվիրում Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, նա էլ է թերացել, Կարեն Պետրոսյանն ասաց, որ այս հարցի շուրջ ևս մտորել են, սակայն կարծում են՝ այն լծակները, որոնք աշխատում են մեր դատախազի վրա, նրան անգործունակ են դարձնում:

Կարեն Պետրոսյանը նաև շեշտեց, որ իրենք մտորելու ժամանակ են տալիս պարոն Չայկային, այսօր զուսպ ու քրիստոնեավայել են գործում, քանի որ դիմացը Հայոց ցեղասպանության 100-ամյակն է, սակայն եթե ապրիլի 24-ից հետո պատասխանը չլինի, կանցնեն սուր վերաբերմունքի:

ՌԴ հյուպատոսարանի դիմաց պահպանություն իրականացնող հայազգի զինծառայողը ներս մտավ՝ նվերի ու նամակի մասին ՌԴ հյուպատոսին տեղեկացնելու, սակայն դուրս գալով՝ հայտնեց, որ հյուպատոսը տեղում չէ, ՌԴ փոխհյուպատոս Ալեքսանդր Սերգեևիչ Կոչիգարովը պատրաստ է լսել Կարեն Պետրոսյանին: Կարեն Պետրոսյանը հրաժարվեց ներս մտնել ու առանձին զրուցել նրա հետ, հորդորեց դուրս կանչել փոխհյուպատոսին՝ իրենց նվերը լրագրողների աչքի առաջ փոխանցելու:

 

Փոխհյուպատոսը դուրս գալով ու լսելով ակտիվիստին ասաց, որ ինքը իրավունք չունի շախմատը վերցնելու: Կարեն Պետրոսյանն ասաց, որ սա կաշառք չէ, այլ որպես բարեկամ երկրի են նվիրում, սակայն փոխհյուպատոսը անդրդվելի էր: Նամակը վերցրեց, շախմատը՝ ոչ: Շախմատը նվիրեցին ՌԴ հյուպատոսարանի դիմաց ծառայություն իրականացնող հայ զինծառայողին:

Gyumri_02 Gyumri_01 Gyumri_07

Նշենք, որ ՌԴ հյուպատոսարանի պատուհանների վրա դեռ կային Ավետիսյանների դաժան սպանությունից հետո բողոքի դուրս եկած գյումրեցների նետած ձվերի հետքերը: Դրանք դեռ չէին լվացվել (Տես լուսանկարում):

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930