Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը ողջունել է բարեփոխումների ճանապարհին Հայաստանի կայուն առաջընթացը

Ապրիլ 15,2015 16:54

Հայաստան կատարած երկօրյա այցի ավարտին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը ողջունել է Եվրոպայի խորհուրդ մուտք գործելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման կայուն առաջընթացը:

«14 տարի առաջ կազմակերպությանը միանալուց հետո կարեւոր առաջընթաց է եղել, բայց մի շարք խնդիրներ դեռ մնում են. դատական համակարգը պետք է ամբողջությամբ անկախ լինի եւ անձեռնմխելի լինի անհարկի ազդեցությունից, անպատժելիությունը պետք է ուղղվի, քննչական եւ դատախազական մարմինները պետք ամբողջությամբ թափանցիկ աշխատեն, որպեսզի քաղաքացիները հավատան այդ ինստիտուտներին, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ինտենսիվորեն զարգանա: Ես ողջունում եմ 2012-2014 թվականների Գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ գոյություն ունեցող լավ համագործակցությունը եւ խրախուսում եմ իշխանություններին նոր ծրագրեր մշակել»,- ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն `ասել է Անն Բրասերը:

Նախագահի քննարկումների ընթացքում սահմանադրական բարեփոխումների հարցը ուշադրության կենտրոնում է եղել: Ողջունելով Վենետիկի հանձնաժողովի հետ դրական համագործակցությունը, ԵԽԽՎ նախագահը շեշտել է քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության շահագրգիռ անձանց ներգրավմամբ նախագծի վերաբերյալ լայն քաղաքական բանավեճի կազմակերպման անհրաժեշտությունը. «Սահմանադրական բարեփոխումը պետք է ավելի ամրապնդի եւ համախմբի ժողովրդավարական հաստատությունները եւ ոչ թե բաժանի երկիրը: Եվրոպայի խորհուրդը աջակցություն ցույց տալու հարցում Ձեր տրամադրության ներքո է գտնվում»:

ԵԽԽՎ նախագահը նաեւ կարեւորել է ընտանեկան բռնության եւ կանանց դեմ իրականացվող բռնության խնդիրների լուծումը: Նա ասել է, որ դա լուրջ խնդիր է Հայաստանում եւ կոչ է արել Եվրոպայի խորհրդի բռնությունների դեմ կոնվենցիային: «Ես հասկանում եմ, որ նախապատրաստական աշխատանքները սկսվել են եւ սպասում եմ Հայաստանի՝ կոնվենցիային միանալուն»:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, Անն Բրասերը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների մասին. «Հայաստանն ու Ադրբեջանը, երբ միանում էին Եվրոպայի խորհրդին, պարտավորվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծել: Մեր վեհաժողովը մշտապես աջակցություն է հայտնել կարգավորման ջանքերին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ բոլոր հայ զրուցակիցներին, որոնք ինձ անկեղծ եւ բաց ձեւով նկարագրեցին իրենց կարծիքները Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող գործունեությանը առնչվող հարցերի մասին: Ես համաձայն եմ, որ հարցը շատ բարդ է եւ պետք է ուսումնասիրվի առանց շտապելու եւ հաշվի առնելով բոլոր գործոնները: Վեհաժողովի բոլոր զեկույցները պետք է հավասարակշռված լինեն եւ հաշվի առնեն բոլոր կողմերի կարծիքները: Որպես նախագահ իմ պարտականությունն է երաշխավորել Վեհաժողովի մարմինների կողմից ընդունված որոշումները իրականացումը»:

Իսկ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, ըստ նախագահի, ունեն ընդհանուր պատմություն եւ որպես Եվրոպայի խորհրդի անդամներ հավատարիմ են մնում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նույն արժեքներին. «Ես վստահ եմ, որ հենց այս արժեքները, որոնք միավորում են Եվրոպայի խորհրդի բոլոր անդամներին, կօգնեն երկու երկրներին խաղաղություն հաստատել եւ ընդհանուր ապագա կառուցել: Այս համատեքստում, իմ այցելության ընթացքում ես հարգանքի տուրք մատուցեցի 1915 թվականի կոտորածների արդյունքում զոհվածների հիշատակին եւ կարեւորեցի այդպիսի վայրագությունները կանխարգելելու գործում Եվրոպայի խորհրդի դերը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930