Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հանգիստ ու ցածրաձայն Պապն ասաց մեծագույն ճշմարտություններ». Դավիթ Հովհաննես

Ապրիլ 15,2015 16:06

«Հայկական ցունամին` բարձր ալիքը, թափ է հավաքում, և մեր աչքի առաջ կատաղի արագությամբ ցնցող իրադարձություններ են տեղի ունենում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումներին Ֆրանցիսկոս Պապի ելույթի ու Քիմ Քարդաշյանի երևան այցելության մասին, իր կարծիքը հայտնեց բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը:

Բանաստեղծը, բարձր գնահատելով Հռոմի Պապի հայտարարությունն ու հայոց երկու կաթողիկոսների ելույթները, մտահոգություն հայտնեց, որ գնալով հասնում ենք մի կետի, թե հետո ինչ պիտի արվի. «Այս ամենը իր մեջ մի ներքին պայթուցիկ ուժ է պարունակում. 50 տարի մենք ապրեցինք ցեղասպանություն ողբալով, 50 տարի պահանջատիրական ձայն բարձրացրինք, որը մնում էր ձայն բարբառո հանապատի, և հիմա եկել ու հասել ենք մի կետի, որ այդ պահանջատիրական հայտարարությունները պիտի դառնան գործ: Հույս ունեմ`այս փուլը ևս 50 տարի չի տևի. եթե բաց ճակատով մտել ենք այս գիծ, ապա պիտի դիմակայենք և Թուրքիայի և նրա կրտսերի`Ադրբեջանի վայրահաչություններին ու վայրենի ժխտումներին»:

Ըստ Դավիթ Հովհաննեսի`նորանկախ Հայաստանում այլ մոտեցում կար ցեղասպանության վերաբերյալ`ավելի տոլեռանդ ու հանդուրժողական, ավելի մեղմ: Հիմա արդեն` պահանջատիրությանը գործնական բնույթ տալով, հող են նախապատրաստում մի նոր ու պատասխանատու փուլի, որի ընթացքը ցույց կտա ժամանակը:

Դավիթ Հովհաննեսը դրական քայլ է համարում նաև Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան. «Նա, լինելով շատերի համար վիճելի, մի անվիճելի արդյունք տվեց. Քիմ Քարդաշյանը միլիոնավոր մարդկանց ուշադրությունը հրավիրեց Հայաստանի և ցեղասպանության հարցի վրա: Տարբեր կերպ կարող ենք մեկնաբանել այդ աղջկա անցյալն ու ներկան, բայց որ նա իր ներկայում շատ օգտակար գործ արեց, դա ինձ համար անժխտելի է»:

Խոսելով Նարեկացու սրբադասման մասին, բանախոսը կարևորեց այն, որ երևույթը եզակի է. «Այն փաստը, որ ամբողջ կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ ընդամենը 36-ն են եղել տիեզերական եկեղեցու վարդապետ, ինքնին ասում է, որ երևույթը եզակի է: Մենք պետք է սա շատ բարձր գնահատենք»:

Բայց մյուս կողմից էլ , ինչպես նշեց բանախոսը, այլ հարթության մեջ տեղի ունեցածը համաշխարհային ցնցում էր. «Պիտի պատրաստ լինենք ամեն ինչի ու դիմակայենք, քանի որ Հռոմի Պապի ելույթը, բնորոշումները, գնահատականները մի այնպիսի նշաձող են սահմանում, որից հետո եկած ճանապարհը մեզ համար անհայտ է: Մենք լավ չենք պատկերացնում թե ինչ շարժեր են սպասվում սրանից հետ:Մինչդեռ համաշխարհային քաղաքականության մեջ Հռոմի Պապի հռչակած արդարությունը, հատուցումը, ճշմարտությունն ու մարդասիրությունը տեղը կարող են զիջել շահին ու րոպեական շահախնդրությանը: Պապը ցույց տվեց իր կտրուկ դիրքորոշումը`ցածրաձայն ու հանգիստ ձայնով Պապն ասաց մեծագույն ճշմարտություններ»:

Զարուհի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930