Քաղաքացի Ժուլետա Ամարիկյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2013 թվականին Ավանի հոգեբուժական կլինիկայում անցկացրած մոնիթորինգի շրջանակներում այցելության ժամանակ, պատմել էր, որ ինքը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի եւ իրեն հարկադրաբար են պահում հոգեբուժական կլինիկայում, քանի որ իրեն կլինիկա էին տեղափոխել բնակարանի շուրջ եղբոր հետ ծագած վեճի արդյունքում:
Ժուլետա Ամարիկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պաշտպանվածությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ պատմեց, որ դատարանը վճիռ էր կայացրել հարկադիր բուժում նշանակել Ժուլետա Ամարիկյանին, նրա մոտ ախտորոշել էին զառանցական խանգարում, սակայն 28 օր հետո նրան բաց էր թողել դատարանը: Փաստաբանի փոխանցմամբ՝Ժուլետա Ամարիկյանը պատմել էր, որ իրեն հոգեբուժարանում շատ վատ են վերաբերում, խոշտանգումների են ենթարկում, ինչի հետ կապված նաեւ դիմել են հատուկ քննչական ծառայություն:
«Առաջին անգամ 3 հոգեբույժ եզրակացություն էին տվել, որ Ժուլետա Ամարիկյանը անմեղսունակ հոգեվիճակում արարք է կատարել եւ չի գիտակցում իր արարքների հետեւանքները, երկրորդ նման եզրակացություն էին տվել արդեն 4 հոգեբույժներ, իսկ երրորդ եզրակացությունը արդեն պետք է լինի այն, թե այդ երկու եզրակացություններով ճի՞շտ եզրահանգման են եկել բժիշկները, թե՞ ոչ»,-պատմեց Տիգրան Հայրապետյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ այսօր պետք է տեղի ունենար հերթական փորձաքննությունը, եւ նշեց, որ նախորդ երկու փորձաքննություններին իրենք հրաժարվել են մասնակցել, քանի որ փորձագիտական խմբի կազմում այն նույն բժիշկներն են, որոնք 2013 թվականին եզրակացրել էին, որ Ժուլետա Ամարիկյանը հոգեկան խնդիրներ ունի: Փաստաբանը տեղեկացրեց, որ անկախ փորձագիտական եզրակացության համար իրենք անձամբ հրավիրելու են միջազգային փորձագետներին, որոնք ճշգրիտ եւ անկողմնակալ եզրակացություն կկայացնեն:
Կարդացեք նաև
Ըստ փաստաբանի՝ եթե Հայաստանում հոգեբույժները տալիս են այնպիսի եզրակացություն, որ անձի ճակատագիրը միանգամայն կախված է այդ եզրակացությունից, եւ հոգեբույժը որեւէ հսկողության չի ենթարկվում, ապա այս ամենը բերում է մեծ կոռուպցիոն համակարգի ստեղծման:
Հայաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նկատեց, որ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հետ կապված միշտ մի քանի խնդիրներ են ի հայտ գալիս: Պրն Սաքունցը նշեց, որ կառավարությունը մի քանի որոշումներ է ընդունել, որոնք ոլորտը բարելավել են. «Առաջինը առողջապահական կամ բժշկական ծառայության հետ կապված խնդիրներն են: Արդեն կա ընկալում, որ հոգեկան առողջական խնդիր ունեցող անձին պետք է բժշկական ծառայություն մատուցվի ընդհանուր բժշկական ծառայությունների շրջանակում՝ սա խարանի վերացմանն ուղղված կարեւոր քայլերից մեկն է: Մյուսն այն է, որ հոգեկան առողջական խնդիր ունեցող անձին պարտադիր չէ երկար պահել հոգեբուժական հաստատությունում: Նրանք սոցիալական խնամքի կարիք ունեցող մարդիկ են եւ նրանց սպասարկումը սոցիալական բնույթ ունի»:
Իրավապաշտպանը առանձնացրեց նաեւ մեկ այլ կետ, որը վերաբերում է դատական պրակտիկային, որտեղ, ըստ նրա, բավական լուրջ հարցեր կան լուծելու. «Ամարիկյանի դեպքը հենց բարձրացնում է հետեւյալ խնդիրը՝ կա՞ արդյոք անկախ փորձագիտության ինստիտուտը: Հայաստանում չկա անկախ փորձաքննության ինստիտուտը: Ավելին, գործող հոգեբուժական հաստատությունների բժիշկները հենց իրենք են որոշում անձանց ճակատագիրը եւ այդ հաստատությունները շահագրգռված են ունենալ հիվանդներ, քանի որ եթե կա հիվանդ, ապա ունեն ֆինանսավորում: Հետեւաբար իրենք եզրակացություն են տալիս, որ անձը ունի հարկադիր բուժման կարիք»:
Արթուր Սաքունցը նաեւ մեծ համոզմամբ ասաց, որ մամուլի կենտրոնում նստածներից բոլորը կարող են հայտնվել հոգեբուժական հաստատությունում այսօրվա գոյություն ունեցող համակարգի շրջանակներում:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ ասուլիսին առանձնացրեց, որ դատական ոլորտի բացերից մեկն այն է, որ հոգեկան խնդիր ունեցող անձը իրավունք չունի մասնակցել դատավարությանը, քանի դեռ հոգեբուժական հաստատությունից համապատասխան թույլտվություն չկա, իսկ առողջապահական ոլորտում էլ բացերն ավելի շատ են. «Անձի հոգեկան առողջության ախտորոշումը չի հիմնվում այն ստանդարտների վրա, որոնք գործում են համաշխարհային առողջապահական կազմակերպության սահմանված կարգով»: Հայաստանում հոգեկան խանգարում ունեցող անձանց միայն դեղորայքային բուժում են հատկացնում, նկատում է բանախոսը եւ հավելում, որ հոգեբուժական հաստատություններում հիվանդները ուղղակի ամբողջ օրը քնած են. «Սա չի կարելի բուժում համարել, դա անձի առողջության վրա ավելի մեծ հետեւանքներ է թողնում»
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ