«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը ապրիլի 15-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Վատիկանում տեղի ունեցած պատարագը ունի երկու կարեւոր հաղորդագրություն, որոնցից մեկը քաղաքական է, մյուսը՝ եկեղեցական:
«Մենք պետք է հասկանանք, որ այդ պատարագը եւ պատարագի ընթացքում հնչած խոսքերն ունեն շատ կարեւոր քաղաքական նշանակություն: Այստեղ խոսքը ոչ միայն Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի մասին էր, այլ նաեւ՝ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած գործընթացների մասին: Մենք պետք է նաեւ հասկանանք, որ հայերի ցեղասպանությունը դրված էր այսօր կատարվող դեպքերի ենթատեքստում: Այսինքն՝ սա շատ լավ ուղերձ էր ոչ միայն Մերձավոր Արեւելքի այդ երկրներին, որտեղ այդ դեպքերը կատարվում են, այլ նաեւ Եվրոպային եւ Արեւմուտքին»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Պարոն Դանիելյանը համարում է, որ պատարագը պարունակում է նաեւ մեկ այլ ուղերձ ուղղված հայ ժողովրդին՝ պետք է մի կողմ դնեն դավանաբանական վեճերը, եւ որ եկել է քրիստոնեական եկեղեցիների միմյանց մերձենալու եւ ավելի ակտիվ համագործակցելու ժամանակը: Նա համարում է, որ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ եթե աշխարհից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա Հայաստանը պետք է ճանաչի մյուս ցեղասպանությունները. «Այդ ճանաչման նպատակն է, որ նման ցեղասպանությունները այլեւս չկրկնվեն: Ինչպես մենք տեսնում ենք, նման դեպքերը շարունակվում են հենց այսօր Մերձավոր Արեւելքում: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե այլ տեղ չի կարող դա լինել: Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ Եվրոպայում ոչ ոք երաշխավորված չէ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ