«Սա քաղաքական հետապնդում է և կարելի է կանխատեսել, որ ինչ-որ կետից հնարավոր է այս մեղադրանքից իշխանությունները հրաժարվեն` դատելով անցյալի փորձից: Կալանքի հիմքերը ապօրինի են և անհիմն»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կալանավորումը» թեմայով հրավիրված քննարկմանը հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) կալանավորված անդամների պաշտպան Լուսինե Հակոբյանը: Նա հիշեցրեց, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ արդեն նման հետապնդում իրականացվել է, և դրա կապակցությամբ Եվրադատարանի որոշմամբ`Ժիրայր Սեֆիլյանին որպես բարոյական վնաս վճարվել է 6000 եվրո:
Լուսինե Հակոբյանն այս առիթով մանրամասնեց. «Ժիրայր Սեֆիլյանը մոտ 10 տարի ի վեր թիրախավորված է և, ըստ էության, նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»: Լուսինե Հակոբյանը նշեց, թե կարելի է կանխատեսել, որ այդ մեղադրանքներից իշխանությունները հրաժարվելու են, հակառակ դեպքում ունենալու ենք ևս մեկ վճիռ` ՀՀ-ի դեմ և դրա բացասական հետևանքները կրելու է ինչպես պետությունը, այնպես էլ հարկատուները:
ՀԽ կալանավորված անդամների պաշտպան Տիգրան Եգորյանը նշեց. «Գործի նյութերից ծանոթացանք, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների դեմ քրեական գործ հարուցվել էր փետրվարի 18-ին, իսկ 24-ին 29 հոգանոց քննչական խումբ էր ստեղծվել»:
Դառնալով ՀԽ Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանի նկատմամբ գրավը` որպես կալանքի այլընտրանքային միջոց կիրառելու փաստին, Տիգրան Եգորյանը որոշ բացահայտումներ արեց. «Արամ Հակոբյանը հայտնի է`իր հարևանի տանը սխալմամբ տեղադրված ռումբով: Սա ուղղակի դասական հանձնարարության ոչ պատշաճ կատարման օրինակ է, երբ քաղաքական շրջանակներում ինչ-որ սցենար է նախագծվում, որը կատարողների անփութության պատճառով ձախողվում է: Դրա համար էլ Արամ Հակոբյանի համար ելքը դրական էր»:
Կարդացեք նաև
Տիգրան Եգորյանը բնութագրեց, թե դատավորները «հոկտեմբերիկների պատրաստակամությամբ» եկել էին դատարան ու մտահոգություն հայտնեց, թե ինչու էին հրավիրված դատավորներ եկել, միջնորդությունները աշխատանքային ժամից հետո մուտքագրվել. «Բոլորի կալանավորման որոշումները գրվել են 25-40 րոպեի ընթացքում` 8-10 էջանոց որոշումներ, ինչը ֆիզիկապես անհնար է. դա վկայում է այն մասին, որ այս որոշումները նախապես սևագրվել էին»:
ՀԽ կալանավորված անդամների պաշտպան Արա Զաքարյանը նշեց, որ նրանք «քաղաքական բանտարկյալներ են», քանի որ նրանց անհիմն են ձերբակալել ու այն տրամաբանությամբ, ինչ պատճառաբանում են, թե ՀԽ անդամները պատրաստվում էին զանգվածային անկարգություններ կազմակերպել, նույն տրամաբանությամբ էլ կարելի է Քիմ Քարդաշյանին ու ՀՀ որոշ պաշտոնյաների մեղադրանք ներկայացնել, թե Քիմը նրանց հետ հանդիպել է պոռնկությամբ զբաղվելու որջեր ստեղծելու պայմանավորվածություն ձեռք բերելու համար:
Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ Ժիրայր Սեֆիլյանի հեռախոսազանգերը դեռ 2014-ի մայիսից էին գաղտնալսում և անտրամաբանական համարեց այն, որ եթե ՀԽ անդամների գործողություններում հանցագործության հատկանիշներ կային, ապա ինչու էր քաղաքապետարանը թույլ տվել միջոցառում իրականացնել ապրիլի 24-ին:
Փաստաբանները ոչ իրավաչափ համարեցին այն, որ թույլ չեն տալիս հանդիպել կալանավորված անդամներին: Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ևս քննադատության ենթարկվեց ու փաստվեց, որ այն ժամանակ, երբ Արամ Հակոբյանի տունը խուզարկել են, թույլ չեն տվել ՄԻՊ ներկայացուցչին ու իրավաբանին ներս մտնել, սակայն ի տարբերություն իրավաբանի` ՄԻՊ ներկայացուցիչը հեռացել է առանց միջամտելու:
Լուսինե Հակոբյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՀԽ անդամների գործի նախաքննությունը ղեկավարում է Վահագն Հարությունյանը, որը «քաղաքական պատվեր հանդիսացող գործերի նախաքննությունն է ղեկավարել` մարտի 1, «Հարսնաքար»: Փաստաբանները չբացառեցին, որ ՀԽ անդամների գործով դիմեն նաև Եվրադատարան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մոտ 10 տարի ի վեր ???? Արա Զաքարյանը թող օրինակը իր ընտանքից բերի… Ի՞նչ իրավունք ունի գործին բոլորովին չառնչվող Կիմի անունը տալ… Խոզությամբ, խոզության դեմ չեն պայքարում