Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի օրոք տնտեսական աճը դանդաղել է, պահուստներն էլ կորցրել ենք (Տեսանյութ)

Ապրիլ 15,2015 14:26

Aravot.am-ը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանից, որն այսօր «Նյութ» ակումբում Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը համարում էր անարդյունավետ, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են միջազգային տնտեսական կառույցներն արդարացնում ԿԲ քայլերը: Պարոն Խաչատրյանն ասաց, որ նույնիսկ ԿԲ-ի կանխատեսումներն էին սխալ. «Կենտրոնական բանկը կանխատեսում էր 5 տոկոսանոց արտարժութային ցնցում, այնինչ 20 տոկոսից ավելի եղավ: Մեկ դոլարի փոխարժեքը 410-ից հասավ 480 դրամի»:

Ըստ նրա` «500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր տեղաբաշխեցին, որից 200 միլիոնն առանց ոչ մի բանի տարան տեղաբաշխեցին որպես Կենտրոնական բանկի պահուստ եւ սկսելու են դրա համար էլ տոկոս վճարել, ինչո՞ւ չպիտի արդարացնեն, եւ վարկավորում իրականացնողներն էլ այդ միջազգային կազմակերպություններն են, բայց իրականում դա ո՞ւմ հաշվին է արվելու, իհարկե ժողովրդի»:

Տնտեսագետի խոսքի մանրամասները` տեսանյութում

«Տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, դոլարի կուրսի հետ կապված քաղաքականությունն արդյունավետ չէ, մենք ունենք տնտեսության բավականին շատ դոլարիզացիայի մակարդակ, որը վտանգում է տնտեսությունը, այս տարվա ընթացքում ունենք պահուստների կորուստ: Սրանք ցուցանիշներ են, որոնք անդրադարձել են մեր երկրի տնտեսության վրա»,-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարած մեկ տարին այսպես բնորոշեց Վիլեն Խաչատրյանը:

Ըստ նրա, ներկայիս կառավարությունը կիրառում է այլընտրանքային մեթոդների տարբերակը. «Կենսաթոշակային բարեփոխումները ասում է ոչ թե բոլորի համար են, այլ մասնավոր եւ պետական հատվածի, Շրջանառության հարկի մասով, ասում է` ով փաստաթուղթ չունի հայտնվում է հինգ %-ի դաշտում, ով փաստաթուղթ ունի` նրան արտոնություն կտամ»:

Պարոն Խաչատրյանն, անդրադառնալով մեր երկրի տնտեսական իրավիճակին, ասաց, որ այս պայմաններում, երբ ավելի շատ ներկրում ենք, քան արտադրում, տնտեսության մեջ լուրջ հաջողություններ ակնկալելն անիմաստ է: Տնտեսագետի կարծիքով, Հայաստանը ներկրող երկրից պետք է դառնա արտադրող, եւ ապրանք ներկրելու փոխարեն բերի տեխնոլոգիաներ, որպեսզի մեր երկրում զարգացնի ներկրվող ապրանքների արտադրությունը:

ԵՏՄ-ում միասնական արժույթի կիրառումը տնտեսագետ Խաչատրյանը դեռ վաղ է համարում, նրա կարծիքով դրա մասին խոսք կարող է լինել 2020 թվականից հետո:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930