Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբարաշենի կրակոցների գործով խախտվել է սպանվածներից մեկի մոր բնակարանի անձեռնմխելիությունը

Ապրիլ 15,2015 14:19

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբան, Նուբարաշենի մեկուսարանի դիմաց սպանվածներից մեկի՝ Դրաստամատ Հակոբջանի Թադեւոսյանի մոր ներկայացուցիչ՝ Արմեն Ֆերոյանի (լուսանկարում) բողոքը:

Նա վիճարկել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվ. մարտի 26-ի որոշումը, խնդրել` բեկանել: Դատարանը կայացրել է դատական ակտ ակնհայտ կեղծ օպերատիվ տեղեկատվության հիման վրա հանգուցյալի եղբոր՝ Սեպուհ Թադեւոսյանի` իբր բնակարանում խուզարկություն անելու համար:Իրականում բնակարանը պատկանել է հանգուցյալի մորը՝ Սիրուն Նաջարյանին, իսկ խուզարկությունն էլ արվել էր Դրաստամատ Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ. սգակիրների ներկայությամբ:

Փաստաբան ներկայացուցիչը վերաքննիչ դատարանին հայտնեց, որ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք, արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

«Գտնում եմ, որ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը չի կարող գնահատվել և մեկնաբանվել այնպես, որ ընդամենը մեկ օպերատիվ տեղեկանքի հիման վրա այն սահմանափակվի: Նման մոտեցման պայմաններում ոստիկանությունը անվերջորեն շարունակելու է որդեգրած այս արատավոր երևույթը, որի պայմաններում հնարավոր չէ փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում և պաշտպանվում է բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Ներկա իրավիճակում ոստիկանությունը կարող է սեփական քմահաճությամբ խուզարկել ցանկացած բնակարան ընդամենը, ինչ-որ քրեական գործ քննող քննիչին կեղծ օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու միջոցով»,-ասել է նա::

Aravot.am-ին Ա.Ֆերոյանն ասաց, թե Հայաստանում պաշտպանված չի ոչ ոք. «Փորձենք պատկերացնել, որ դատական նիստի ավարտից հետո պաշտպանը կամ գործը քննող դատավորը գնում է իր բնակարանը և տեսնում է, որ այն ենթարկվել է խուզարկության: Խուզարկության կատարման հիմքերը պարզելուց հայտնի է դառնում, որ ոստիկանությունը որոշակի հետաքրքրություններից ելնելով ցանկացել է բնակարանը խուզարկության ենթարկել, սակայն չունենալով դատարանի թույլտվություն կազմել է ակնհայտ կեղծ օպերատիվ տեղեկանք, թե իբրև դատավորը կամ պաշտպանը հնարավոր է իր բնակարանում թաքցնում է ինչ որ գողությամբ հափշտակված իրեր: Այս մոտեցումը մեր գնահատմամբ չի կարող օրինական համարվել և բխել իրավական պետության հիմնական սկզբունքներից»:

Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանը եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար է Հոլանդիայից եկել Հայաստան, հետևաբար, ներկայացուցչի դիտարկմամբ, նա չէր կարող կատարած լինել կամ առավել ևս նրա ենթադրյալ բնակության վայրում չէին կարող պահվել մարտի 6-ին, ժամը 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված գողությամբ հափշտակված երկու միլիոն արժողության ոսկյա զարդերը, այն պարզ պատճառաբանությամբ, որ նրա եղբայրը կատարված հայտնի հանցագործության հետևանքով մահացել էր մարտի 4-ին, հետևաբար եղբոր մահվան վիշտը սգալու համար Հայաստան ժամանած Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանը չէր կարող մարտի 6-ին՝ եղբոր հուղարկավորության, հոգեհանգստի արարողության ընթացքում գողություն կատարեր կամ գողացված ոսկյա զարդեր թաքցներ իր ենթադրյալ բնակարանում:

Այս ամենն արդեն իսկ ուղղակիորեն վկայում է հիշյալ օպերատիվ տեղեկատվության ակնհայտ կեղծ լինելու հանգամանքը: Ա.Ֆերոյանը մտաբերեց, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Բալայանը թիվ ԵԱԴԴ/0006/07/12 գործով 2012 թ. փետրվարի 3-ին արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Նախաքննական մարմինը խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորել է բացառապես ստացված օպերատիվ տվյալով, ինչը դատարանի կարծիքով չի կարող հիմք հանդիսանալ անձի uահմանադրական իրավունքներն ու ազատությունները` մասնավորապես ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածով երաշխավորված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակելու համար, հակառակ դեպքում, այդ իրավունքը կլինի պատրանքային:

Հիմք ընդունելով, որ ներկայացված միջնորդությունը պատճառաբանված է բացառապես օպերատիվ տվյալով, դատարանը գտնում է, որ նման պատճառաբանությամբ վարույթն իրականացնող մարմնին բնակարանի խուզարկություն կատարելու հնարավորություն ընձեռելը իրավաչափ չէ և կարող է անհիմն սահմանափակել ցանկացած անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, ինչը կամայականության դրսևորում է»:

Ըստ նրա, կան շատ պրոֆեսիոնալ դատավորներ, ովքեր շատ կարևորում են բնակարանի անձեռնմխելիության իրավունքը և միայն օպերատիվ տվյալի հիման վրա իրավացիորեն չեն բավարարում բնակարանում խուզարկություն կատարելու մասին քննիչի ներկայացրած միջնորդությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930