Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի պետհամալսարանի Երևանի մասնաճյուղ կընդունվեն երկու քննությամբ

Ապրիլ 15,2015 14:07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի պրոռեկտոր Դմիտրի Գևորգիևսկու գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին` Երևանում ՄՊՀ-ի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Ալեքսեյ Պոլոսինը, ՄՊՀ-ի գլխավոր ինժեներ Վիկտոր Պոպսուևը և ծրագրի հիմնական ներդրող Ռոբերտ Տոնեյանը:

Արմեն Աշոտյանը գոհունակություն է հայտնել, որ ԿԳ նախարարի և ՄՊՀ-ի ռեկտորի միջև Մոսկվայում փետրվարին կնքված համաձայնագրի կնքումից կարճ ժամկետ անց նախագիծը կյանքի է կոչվում: «Իհարկե, մասնաճյուղն առաջին հերթին կրթահետազոտական նախագիծ է, բայց այն միաժամանակ ունի քաղաքակրթական կարևորություն, որովհետև հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը միշտ կարիք ունի նոր դրսևորումների` ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը»,-նշել է նախարարը:

ՄՊՀ-ի պրոռեկտոր Դմիտրի Գևորգիևսկին նախարարին է հանձնել բուհի ռեկտոր Վիկտոր Սադովնիչևի ուղերձը, որում վերջինս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` մասնաճյուղի հիմնադրման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար` ընդգծելով, որ մասնաճյուղը կնպաստի սերտ և փոխադարձ գործընկերային հարաբերությունների զարգացմանը և կամրապնդի գիտակրթական և մշակութային կապերը երկու երկրների միջև:

ՄՊՀ-ի Երևանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Պոլոսինն իր հերթին հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի ՀՀ կրթության ոլորտում մրցակցության բարձրացանը, հետևաբար` կրթության որակի աճին: Նա համոզմունք է հայտնել, որ հայ երիտասարդները մասնաճյուղում կստանան որակյալ համալսարանական կրթություն` մոսկովյան բուհի չափանիշներով:

Ալեքսեյ Պոլոսինը տեղեկացրել է նաև, որ ընդունող հանձնաժողովը կազմված կլինի Մոսկվայի պետհամալսարանի դասախոսներից, ովքեր ընդունելությունը կանցկացնեն երկու առարկաների գծով` ռուսաց լեզու և մասնագիտական քննություն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բուհին լիցենզիայի տրամադրման, մասնագիտությունների, ընդունելության կարգի, դասախոսական կազմի ընտրության, պետպատվեր տեղերի տրամադրման և այլ հարցերի:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930