Այսօր Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ- փառատոնի հանդիսավոր բացումը, որին, ըստ մեր տեղեկությունների, կմասնակցեն Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Մեր այս տեղեկությունը հաստատեց նաեւ փառատոնի լրատվության բաժնի պատասխանատու Աննման Մինասյանը:
Նշենք, որ որպես այս փառատոնի կազմակերպիչներ շեշտվում են Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների անունները. ամեն անգամ փառատոնի հանդիսավոր բացմանը հայտարարվում է, որ այն անցնում է առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, որպես փառատոնի համանախագահ նշվում է Սերժ Սարգսյանի եղբոր` Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի անունը: Ավելին, փառատոնը երբեմն նույնացվում է հենց նրա անվան հետ:
Տեղեկացնենք նաեւ, որ «Վերածնունդ» փառատոնի Հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահներն են ինչպես ՀՀ առաջին տիկին Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Հոգաբարձուների խորհրդի համանախագահները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանի եղբայր, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Սարգսյանն են: Որպես կազմակերպիչներ նշվում են նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն հ/կ-ն:
Փառատոնի լրատվության բաժնի պատասխանատու Աննման Մինասյանի տեղեկացմամբ, այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ու Մեծ Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին: Այս տարի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի նշանաբանն է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության, ընդդեմ պատերազմների»:
Փառատոնի լրատվության բաժնի տարածած հաղորդագրության մեջ ընթերցում ենք. «Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնը կսկսվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ եւ կանցնի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո»:
Մամլո հաղորդագրությունից պարզ է դառնում նաեւ, որ այն հովանավորում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն եւ «Արփա- Սեւան» ԲԲԸ-ն եւ անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ԱՊՀ երկրների միջպետական հումանիտար հիմնադրամի, ՀՀ Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:
Մասնակցում են 36 երկրների ներկայացուցիչներ, այս տարի մասնակցելու հայտ են ներկայացրել եւս 3 նոր երկրներ:
Երեկվանից սկսված են բեմի ձեւավորման աշխատանքները, մեզ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնից հավաստիացնում են, որ ճոխ բացման արարողություն է սպասվում, բեմը երկհարկանի է: Տեխնիկական սպասարկումը իրականացնում են հանրապետության լավագույն մասնագետները, բացման արարողության ռեժիսորն է Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, պրոդյուսերը՝ նույն թատրոնի գլխավոր մենեջեր Տիգրան Վիրաբյանն է:
Հիշեցնենք, որ այս փառատոնի ֆինանսավորման հետ կապված արդեն իսկ մի անգամ մեծ աղմուկ է բարձրացել Գյումրիում. անցած տարի Գյումրու քաղաքապետարանը Սերժ Սարգսյանի եղբոր խնդրանքով քաղաքի բյուջեից 5 միլիոն դրամ էր փոխանցել փառատոնը պատշաճ կազմակերպելու նպատակով, որն էլ հարուցել էր աղքատ քաղաքի բնակիչներից շատերի զայրույթը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ