Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյան. Պապի հայտարարությամբ Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվում է

Ապրիլ 15,2015 12:28

«Հռոմի պապի իմաստնությունն այն է, որ նախ խնդիրը ներկայացրեց կրոնական եւ բարոյականության շրջանակներում, բայց քանի որ Հայոց Ցեղասպանությունն իրենից ներկայացնում է քաղաքական խնդիր, Հռոմի Պապի նման մոտեցումը չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ»,- «Դիալոգ» մամուլի ակումբում այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Պատմաբանը պատասխանում էր Aravot.am-ի հարցին`Հռոմի Պապի հայտարարության սուր արձագանքները Թուրքիայից սպասելի էին, բայց դրանք նաեւ հակասական եղան. Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ Պապի արածը զուտ կրոնական բնույթ ուներ, մինչդեռ երեկ արդեն, Թուրքիայի նախագահը Պապին մեղադրեց քաղաքական հարթություն մտնելու եւ իր լիազորությունները գերազանցելու մեջ:

Աշոտ Մելքոնյանն ասում է, որ Հռոմի Պապի խոսքը նաեւ թուրք հասարակությանն էր ուղղված`ապաշխարելու իմաստով. «Եթե մեղք ես գործել, պիտի ապաշխարես: Հիշենք Պապի խոսքերն`արյունահոսող վերքի մասին: Այս վերքը, փաստորեն, հարյուր տարի արյունահոսում է եւ վիրակապ չդնելը, նշանակում է, անընդհատ վերքը բաց թողնել: Այնպես որ, պատասխանը նաեւ քաղաքական ենթատեքստ ուներ, առավել ևս, որ թուրքական մեղադրանքներից հետո Հռոմի Պապը նորից մնաց իր բարձրության վրա`ասելով, որի ինքը բարոյականության, ճշմարտության ու ազնվության կողմնակից է»:

Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն էլ հարցի վերաբերյալ նկատեց, որ Էրդողանի վիճակը բավական բարդ է ու եթե նա ձայն չհաներ, ավելի ճիշտ կլիներ, այն առումով, որ ավելի քիչ մարդ ուշադրություն կդարձներ`գոնե Թուրքիայում: Զավեն Սարգսյանը կատարվածը դրական է համարում նաեւ այն առումով, որ Թուրքիայում սրա մասին խոսվում է ու նոր սերունդը տեղեկանում է պատմությանը, քանզի թուրքական դպրոցներում այդ մասին չեն անցնում:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`քանի որ այժմ Թուրքիայի ժխտողականությանն ուղղված քայլերը միայն Հայաստանին ու հայերին չեն միտված, նշանակո՞ւմ է, որ թուլանում է Թուրքիայի ժխտողականության քաղաքականությունը:

Աշոտ Մելքոնյանն այս իմաստով նկատեց, որ Ֆրանցիսկոս Պապը կարճ ժամանակահատվածում կարողացավ աշխարհում կտրուկ բարձրացնել Կաթոլիկ եկեղեցում դերն ու նշանակությունը: Ուստի Թուրքիան այժմ պիտի վիճարկի աշխարհում բացառիկ հեղինակությունից օգտվող Պապի խոսքը: Պատմաբանը նկատում է, որ երբ այդ բարձր ամբիոնից խոսվում է ոչ միայն ճանաչման, այլ նաեւ հատուցման մասին, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման մասին ու դրանք ընկալվում են, թուրքական ժխտողականությունը ծիծաղելի վիճակում է հայտնվում: Նա անդրադարձավ նաեւ ադրբեջանական կայքերի արձագանքին ու նկատեց, որ դրանք եղել են այն համատեքստում, որ հայկական կաթոլիկ եկեղեցին փորձում է առաքելական եկեղեցին տարրալուծել իր մեջ, ինչն արդեն անցյալ է: Պատմաբանի բնութագրմամբ, այսօր աշխարհում հայ առաքելական եկեղեցին իր կշիռը, դերն ու ընկալումն ունի:

Զավեն Սարգսյանն էլ կարծում է, որ սա մի բարձրունք էր, որ հասանք, հաջորդ քայլերը կերեւան`անդրադառնալով հարցին`ի՞նչ կլինի առաջիկայում:

Աշոտ Մելքոնյանի համոզմամբ Պապի հայտարարությամբ, ճանաչման գործընթացը պիտի համարել ավարտված: Նրա կարծիքով, այսուհետ մենք պետք է հետամուտ լինեք, որ ճանաչման գործընթացն ամրագրող փաստաթղթերում ամրագրվի նաեւ հայրենազրկման փաստը: Դա առայժմ միայն ՌԴ դումայի կողմից է արվել, դեռ 1995 թվականին:

Aravot.am-ի ճշտող հարցին`պաշտոնական Երեւանի քաղաքականությունն այսուհետ պետք է լինի հատուցման պահա՞նջը, Աշոտ Մելքոնյանն ասաց. «Եթե ասեմ այո`դա պարզունակ կլինի: Բայց մինչեւ դրան հասնելը մենք ճանապարհ ունենք անցնելու`պիտի բանաձեւենք Ցեղասպանություն երեւույթը: Միջազգային իրավունքը պետք է նպաստավոր դարձնենք, այն իմաստով, որ հայրենազրկումն իր տեղը գտնի ճանաչման փաստաթղթերում»:

Այժմ, ի դեպ, ՀՀ-ն պատրաստում է իրավական փաթեթը: Պատմաբանի համոզմամբ, այդ փաթեթում անպայման նկատի կառնվի հայրենազրկման ամրագրումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930