Ավետիսյանների սպանությունից երեք ամիս անց որևէ բացահայտում չլսելով՝ գյումրեցիները պատրաստվում են նորից ոտքի կանգնել: Այսօր գյումրեցի ակտիվիստները ժամը 15.00-ի կհավաքվեն ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց ու նվեր կհանձնեն ՌԴ գլխավոր դատախազ պարոն Չայկային: Այս մասին արդեն իսկ հայտարարություն է տարածվել ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ գրված է.
«Հարգելի պրն. Չայկա,
Ընդունեք այս նվերը ի նշան երկու երկրների բարեկամության, լցրեք Ձեր պարապությունը, կամ պատասխանեք Ձեր հայ գործընկերոջ նամակին: Սխալ մտածված քայլերը կարող է լարվածություն առաջացնել հայ և ռուս ժողովուրդների բարիդրացիական հարաբերություներում»:
Aravot.am-ի հետ զրույցում ակտիվիստ Կարեն Պետրոսյանն ասաց. «Այսօր, երբ աշխարհի շատ երկրներում հիշատակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն այս պահին մեզ հետ ավելի նրբանկատ պիտի լինի: Ես չեմ հասկանում, եթե տնտեսական համագործակցություն է սկսվում մեր մեջ, ինչո՞ւ մեր նախագահը չգնաց եռակողմ հանդիպմանը, ինչո՞ւ մեր դատախազին չեն պատասխանում, որը իրավաչափ պահանջ էր ներկայացրել Պերմյակովի հետ կապված…
Մեր քաղաքում բազմաթիվ ռուսներ են ապրում, ամեն օր միմյանց տեսնում ենք, ես չեմ ուզում ամեն անգամ այդ քաղաքացիներին տեսնելիս նրանց մեջ տեսնեմ պարոն Չայկային: Պարոն Չայկան, ի վերջո, պիտի հասկանա, որ թշնամանք է հրահրում երկու ժողովուրդների մեջ և իր գործողություններից են կախված մեր երկու ժողովուրդների հարաբերությունները»:
Կարդացեք նաև
Ակտիվիստը նաև փոխանցեց, նվերը կբացեն տեղում ու ԶԼՄ-ների համար կպարզաբանեն, թե ինչու հատկապես այդ նվերն են հանձնում ՌԴ գլխավոր դատախազին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ