Այսօր Երեւանում մեկնարկեց Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպած «Սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման եւ կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 10-րդ հոբելյանական համաժողովը:
Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց Երեւան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները դեռեւս հանդիսանում են մահացությունների հիմնական պատճառը: Սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունների թիվը կազմում է ընդհանուր մահացությունների 50 տոկոսը:
Մեր զրուցակիցը ներկայացրեց, որ համաժողովի ժամանակ քննարկվելու են սրտաբանության արդի հիմնախնդիրները, բուժման նոր մոտեցումները, իսկ բուժման ամենակարեւոր մոտեցումներից մեկը կանխարգելումն է. «Ես նոր միտք հայտնած չեմ լինի, եթե ասեմ, որ ավելի հեշտ է կանխարգելել, քան հետո բարդությունը բուժել: Ավելցուկային քաշ, ծխախոտի օգտագործում, զարկերակային գերճնշում, խոլեստերինի բարձր գործոն՝ այս ամենը այն բոլոր գործոններն են, որոնք պետք է կանխարգելել»: Բժիշկը վստահեցնում է, որ առողջ ապրելը դարձել է պարտականություն:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը նկատեց, որ Հայաստանում մահացությունների 80 տոկոսը պայմանավորված են 3 հիմնական հիվանդություններով՝ սիրտ-անոթային հիվանդություններ, արյան շրջանառության հետ կապված խնդիրներ՝ 40 տոկոս, օնկոլոգիական հիվանդություններ՝ 20 տոկոս եւ շաքարային դիաբետ:
Կարդացեք նաև
«Փաստացի ամեն երկրորդ մարդ ունի սիրտ-անոթային հիվանդություն: Վերջին 25 տարիներին հիվանդությունները շուրջ 70 տոկոսով ավելացել են եւ սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն մեր առողջապահական համակարգի, այլեւ համաշխարհային առողջապահության համար»,-նշեց նախարարը:
Ըստ Արմեն Մուրադյանի՝ սրտաբանությունը Հայաստանում մեծ քայլերով զարգացավ վերջին տասնամյակի ընթացքում. «Այսօր մենք կարող ենք արձանագրել միջազգային որակին համապատասխան ամենաբարձր ապահովվածությունը կոնսերվատիվ եւ ինտերվենցիոն սրտաբանությունում»:
Համաժողովին զեկույցով հանդես եկավ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը՝ «Ապացուցողական սրտաբանության արդի ժամանակաշրջանը» թեմայով:
Համաժողովը կավարտվի ապրիլի 17-ին: Այս ընթացքում կքննարկվեն սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզին, ախտորոշմանը, բուժմանը եւ կանխարգելմանը վերաբերող խնդիրները, ինչպես նաեւ կկազմակերպվեն դեղագործական ընկերությունների սիմպոզիումներ, որոնց ընթացքում ընկերությունները կներկայացնեն բուժման նոր մոտեցումները եւ ռազմավարությունները:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ