Բավական է մի փոքր թերթել վերահսկողական գործառույթներ ունեցող պետական ցանկացած մարմնի զեկույց կամ հաշվետվություն, եւ ականատես ենք լինում կոռուպցիայի վերաբերյալ ցցուն փաստերի։ Այս առումով վերջին ուշագրավ փաստաթուղթը Վերահսկիչ պալատի 2014թ. տարեկան հաշվետվությունն է, որտեղ պետական միջոցների վատնման վերաբերյալ լուրջ փաստեր կան:
Պակաս ուշագրավ չեն քաղաքաշինության ոլորտում տեղ գտած խախտումները։ Ընդ որում, այս առումով «առաջատարը» Կոտայքի մարզն է (նշենք, որ այդ խախտումները կատարվել են հիմնականում նախկին մարզպետ, հիմա վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի օրոք): «Թվով 18 դպրոցների վերանորոգման աշխատանքները տարիներ շարունակ չեն ավարտվում։ Ավելին, հստակեցված չեն պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները։ Նման մեթոդով իրականացվող դպրոցաշինության ծրագիրը հարցականի տակ է դնում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը»,- նշված է հաշվետվության մեջ։ Ասել է թե՝ 2011–2012թթ. առ այսօր մի շարք դպրոցներում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, ինչը հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ գումարները մսխվում են։ Այլապես, անհասկանալի է, թե ինչու այդ աշխատանքները չեն ավարտվում։
Քաղաքաշինական օբյեկտների տեխնիկական հսկողության բնագավառում եւս ՎՊ-ն թերություններ է հայտնաբերել՝ նշելով, որ այդ հսկողությունն իրականացվել է ձեւական, որոշ դեպքերում՝ կոպիտ սխալներով կամ թերի։ «Երբեմն, ըստ փաստաթղթերի, մեկ տեխնիկական հսկողը այնպիսի աշխատանքային ծավալ է իրականացրել, որ գործնականում դա պատկերացնել նույնիսկ հնարավոր չէ։ Աշխարհագրական բացարձակապես տարբեր վայրերում մեկ հսկողն, իբրեւ թե, կարողացել է մեկ օրում լինել մի քանի օբյեկտներում, դեռ ավելին, նույնիսկ այդ պարագայում՝ բոլոր օբյեկտներում կատարել է պատշաճ հսկողություն։ Ակնհայտ է, որ նման գործընթացը, պարզապես, կրել է ձեւական բնույթ։ Արդյունքում՝ չի պահպանվել նաեւ շինարարության որակը»։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում