Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ միաժամանակ
Հովիկ Աբրահամյանի կառավարությունը որոշակի առաջընթաց ունի
Ապրիլի 13-ին լրացավ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում պաշտոնավարման մեկ տարին: Վարչապետ նշանակվելուց հետո լրագրողների հետ մի զրույցում Հովիկ Աբրահամյանն ասել էր. «Բոլորս արձանագրում ենք, չէ՞, որ կա ստվեր. բոլոր երկրներում կա, բայց մեզ մոտ շատ է: Կա հնարավորություն հարկային դաշտ բերելու ստվերը, ինչքան հնարավոր է՝ փորձելու ենք բերել: Սինգապուրի վարչապետին ուղղված հարցը հիշո՞ւմ եք՝ ոնց երկիրը կառուցեցիք, ասաց՝ սկսեցինք մեր մերձավորներից: Մեր նպատակը դա է` հարկային դաշտ գալն է մեր նպատակը: Իմ կարծիքով՝ մենք լավ գործ ենք նախաձեռնել եւ ունենալու ենք հաջողություն»: Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանն իր ու կառավարության համար գերխնդիր հռչակեց ստվերի կրճատումը, գործարարների համար հավասար պայմանների ապահովումը:
Մեկ տարի անց, սակայն, վարչապետի խոստումներն իրականությունից հեռու են: Իրականության հետ որեւէ աղերս չունի նաեւ կառավարության ծրագրում ամրագրած 4,5 տոկոս տնտեսական աճը: Ավելին՝ միջազգային կազմակերպությունները՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը օրերս փաստեցին, որ Հայաստանն այս տարին կավարտի զրո տոկոս տնտեսական աճով: Գործունեության առաջին տարվա կտրվածքով կարելի՞ է վարչապետի եւ կառավարության տապալումն արձանագրել՝ «Առավոտի» հարցին տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ով բոլոր կառավարությունների քննադատն է, ասաց, որ հակված չէ նման կարծիքի: «Կարծում եմ՝ մի քիչ ավելի օբյեկտիվ պետք է լինենք: Իհարկե, մասնագետների եւ փորձագետների ակնկալիքները մի փոքր ավելին են, այնուամենայնիվ՝ կան բավական օբյեկտիվ խնդիրներ որոնք չեն բերում բաղձալի արդյունքի»,- ասաց մեր զրուցակիցը՝ դրանց շարքում նշելով հայաստանյան նաեւ քաղաքական դաշտի իրողությունները. «Եթե քաղաքատնտեսորեն փորձենք դիտարկել, ապա մեկ տարվա ընթացքում զսպող գործոնները շատ ավելին են, քան նպաստող»: Թաթուլ Մանասերյանը նաեւ նկատում է, որ նախորդ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության ձախողումների բեռն էլ ընկած է Հովիկ Աբրահամյանի կառավարության վրա, այդ թվում նաեւ կենսաթոշակային բարեփոխումների, սոցիալական տարբեր հիմնախնդիրները եւ այլն: Տնտեսագետը նաեւ երրորդ գործոնն է նշում՝ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումները, որոնք բերում են տնտեսական աճի տեմպերի նվազեցման, կրճատման, որոշ հետխորհրդային երկրներում՝ նաեւ տնտեսական անկման:
«Այս առումով եթե դիտարկենք, ես անգամ կհամարձակվեմ ասել, որ ներկայիս կառավարությունը նույնիսկ որոշակի առաջընթաց ունի: Դա ոչ միայն այն տնտեսական աճն է, որ վիճակագրական տվյալներով ներկայացված է: Դա ես համարում եմ խիստ անբավարար: Մենք տնտեսական զարգացման ավելի մեծ ներուժ ունենք: Այլ նաեւ այն քայլերը, որոնք արդեն իրականացրել են. ես նկատի ունեմ փոքր բիզնեսի՝ 3,5 տոկոս հարկային շեմը մեկ տոկոս իջեցնելը, թեեւ դա բավական դիմադրության տեղիք տվեց: Դա ես կկապեի քաղաքական գործոնների հետ, չեմ բացառում, որ դրա տակ կար քաղաքական ենթատեքստ, ու կազմակերպիչները, մեղմ ասած, միայն տնտեսական դաշտից չէին»,- ասաց մեր զրուցակիցը: Հովիկ Աբրահամյանի կառավարության ձեռքբերումը կամ կառավարության կողմից համարձակ քայլը, ըստ տնտեսագետի, վարկերի բարձր տոկոսադրույքների պայմաններում գյուղացիական վարկերի մասամբ սուբսիդավորումն է, սոցիալական բնույթի, այդ թվում նաեւ ուսանողական վարկերի փոխհատուցումը:
Կարդացեք նաև
Եվ վերջապես՝ Թաթուլ Մանասերյանը, ով տարիներ շարունակ պայքարել է բոլոր կառավարությունների հետ՝ հասնելու նրան, որ սահմանամերձ բնակավայրերը ազատ գոտու կարգավիճակ ստանան, արձանագրում է. «Ներկայիս կառավարությունը վերջապես կարեւորեց դա: Սա շատ էական նշանակության ծրագիր է, որի արդյունքներն անմիջապես չեն երեւա: Արդյունքներ կարելի է ակնկալել մոտակա տարիներին, եթե նաեւ պատշաճ PR անցկացվի գործարարների շրջանում, թե ինչ առավելություններ կարող են իրենք ունենալ»:
Ստեղծված իրավիճակում էլ ի՞նչ կարող էին անել վարչապետն ու այս կառավարությունը, որ չարեցին, որո՞նք են թերացումները՝ «Առավոտի» հարցին Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Կառավարության կազմում ոչ բոլոր կառույցներն են նոր մտածելակերպի եւ նախահարձակ-նախաձեռնողական: Սա շատ եմ կարեւորում, որովհետեւ տնտեսական աճ կոչվածը ոչ միայն առանձին գործողությունների ամբողջություն է, այլ նաեւ ոչ ստանդարտ մոտեցումների արդյունք: Կարծում եմ, ունենալով ազգային առանձնահատկությունները՝ պարտադրված ենք դրանք հաշվի առնել եւ ձեւավորել Հայաստանի ազգային տնտեսության մոդելը»:
Հայաստանի ազգային տնտեսության մոդելի իր տարբերակը՝ ճանապարհային քարտեզը, տնտեսագետը ներկայացրել է կառավարությանն ու վարչապետին, հույս ունի, որ այն ամբողջապես կյանքի կկոչվի՝ լրամշակումներով, փոփոխություններով. «Մենք կարիք ունենք նախաձեռնողական գործողությունների, մինչդեռ նախարարությունների մի մասը միգուցե ծրագրի լավ կամ վատ կատարողներ են, բայց ոչ նախաձեռնողներ: Նման իրավիճակից դուրս գալու համար մեզ տնտեսական ճեղքում է պետք, ինչն իրականացնելու համար նախաձեռնողականությունը կարծես չի հերիքում: Ու մտածել, որ դա միայն վարչապետով պետք է լինի, կարծում եմ՝ նույնպես կարճատեսություն կլինի»: Մեր զրուցակիցը ձեռնպահ է մնում կոնսերվատիվ նախարարների ու նախարարությունների անուններ նշելուց՝ էթիկապես նպատակահարմար չի համարում, չի ցանկանում թերագնահատել նրանց աշխատանքը կամ վիրավորել: Իր ասածներն ակնկալում է, որ կընդունվեն «ի գիտություն, ի խորհուրդ կամ ի առաջարկ, ոչ թե իրենց աշխատանքը թերագնահատելու կամ նսեմացնելու փորձ»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.03.2015