Առողջապահության նախարարությունն իզուր փող է ծախսել՝
պահանջարկից մի քանի անգամ ավելի հակադիաբետիկներ է գնել
Այն բանից հետո, երբ Վերահսկիչ պալատն ու այլ վերահսկող մարմիններ հայտնաբերեցին, որ առողջապահության նախարարությունը պետգնումներով որոշ դեղատեսակներ ձեռք է բերում շուկայականից թանկ գներով եւ ահռելի ֆինանսական վնասներ հասցնում պետբյուջեին, կառավարությունն «ուշքի եկավ» եւ փոխեց քաղաքականությունը:
Դեռ 2012 թվականին նախարարությունն Ինսուլինը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմից» եւ այլ «ՄԼՆ ֆարմ» ընկերություններից գնում էր 4800 դրամով՝ մեկ սրվակի համար, մինչդեռ կարող էր գնել 2 անգամ էժան գներով: Կառավարության սթափվելուց հետո՝ արդեն 2013-ին, այս նույն Ինսուլինի նույն չափաքանակը գնվում է 1345 դրամով:
Վերահսկիչ պալատը հրապարակել է 2014 թվականի հաշվետվությունը, որտեղ նշում է, որ 2013 թվականի համեմատ՝ 2014 թվականի կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերման ու բաշխման համար նախատեսված միջոցները կրճատվել են 634,5 միլիոն դրամով: Այս խնայումները արդյունք են անմիջապես արտադրողից՝ բանակցային ընթացակարգով գնումների: Վերահսկիչ պալատը (ՎՊ) առաջարկել էր պետգնումների նույն մոտեցումը կիրառել նաեւ համանման այլ դեղերի ձեռք բերման համար՝ հրաժարվելով միջնորդավորված գնումներից. առաջարկը տեղ է հասել: Ինչպես նշում է ՎՊ-ն, կառավարությունն այս տարի Դիաբետոն 60 մգ դեղը ձեռք է բերել անմիջապես արտադրողից, առաջիկա 5 տարում նույն կարգով կգնվի. Դիաբետոնի մեկ հաբը 0.06 եվրոյով է ձեռք բերվելու՝ առանց ավելացված արժեքի հարկի:
Նախարարությունը կարծես թե ոգեւորվել է գնումների այս ընթացակարգից՝ «հավեսի» ընկնելով Ինսուլին է գնել պահանջարկից ավելի: ՎՊ-ն արձանագրել է. «Ձեռք բերված Ինսուլինի ծավալը նախորդ ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել է: Նման առաջանցիկ տեմպը համարժեք չէ նույնիսկ հիվանդների թվի աճի ցուցանիշին: Արդյունքում՝ բժշկական հաստատություններում արձանագրվել է Ինսուլինի գերապահովվածություն: Օրինակ՝ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում հաշվետու տարվա վերջնական մնացորդը կազմել է շուրջ 20000 սրվակ Ինսուլին՝ այն դեպքում, երբ բժշկական հաստատություններն առաջիկա մի քանի ամիսների կտրվածքով Ինսուլինով ապահովված են եղել: Գրեթե նույն պատկերն է արձանագրվել շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղահաբերի մասով: 2014 թվականի ավարտին Դիա-զոն MR դեղի մնացորդը եղել է 1.672.000 հատ՝ այն դեպքում, երբ բժշկական հաստատություններն առաջիկա 3-5 ամիսների կտրվածքով դեղահաբով արդեն իսկ ապահովված են եղել»:
Կարդացեք նաև
ՎՊ-ն կարծես թե նկատողություն է արել առողջապահության նախարարությանը եւ մեղադրել, որ պատշաճ ուշադրություն չի հատկացրել բժշկական կազմակերպություններում Ինսուլինի եւ տարբեր տեսակի դեղահաբերի իրական պահանջարկի ձեւավորման եւ դրան համապատասխան՝ հետագա բաշխման հարցերին, ինչի արդյունքում առաջացել է դեղորայքի մեծաքանակ մնացորդ: ՎՊ-ն օրինակ է բերում Կոտայքի մարզի բժշկական հաստատություններն ու Երեւանի թիվ 16 պոլիկլինիկան, որտեղ որոշ դեղատեսակների մասով առաջացել է այնքան մնացորդ, որը հեշտությամբ կարող է բավարարել առաջիկա 6-14 ամիսների պահանջարկը: Վերահսկիչ պալատը պարզել է, որ հիվանդների երկարատեւ բացակայության դեպքում նրանց հաշվառումից չեն հանել, իսկ «Աշտարակի բժշկական կենտրոնում» չեն իրականացվել շաքարային դիաբետով հիվանդների հաշվառում, տվյալների հավաքագրում եւ դասակարգում: Այս անփույթ աշխատանքն էլ պատճառներից մեն է, որ հակադիաբետիկ դեղորայքը ձեռք է բերվել իրական պահանջարկից ավելի: Բուժաշխատողների անփութություն եւ խախտումներ են արձանագրվել նաեւ ամբուլատոր քարտերի լրացման դեպքում. բացակայել են հիվանդի անձնական տվյալները, անձնագրի պատճենը, այլ անձանց կողմից դեղ ստանալու վստահագիրը, չի հաշվառվել հատկացված դեղի օգտագործման ժամանակահատվածը, չի գրանցվել հերթական դեղը ստանալու համար հիվանդի այցելության օրը: Բազմաթիվ դեպքերում հիվանդները ստացել են նախորդ ժամանակահատվածի դեղերը:
Ըստ «Հոգեկան եւ նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության եւ խնամքի ծառայություններ» ծրագրի ուսումնասիրման՝ հոգեկան խանգարումներով եւ նյարդային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդություն ունեցող անձանց թիվն 2014-ին կայուն աճի միտում ունի:
ՎՊ-ն նշել է, որ հիվանդանոցային պայմաններում հոգեկան խանգարումներով տառապող եւ նարկոլոգիական մեկ հիվանդի բուժմանն ուղղված ֆինանսավորումը 2013 թվականին իրականացվել է մեկ մահճակալ/օրվա արժեքով. սա, ըստ ՎՊ-ի, առաջացնում է բյուջետային միջոցների ոչ արդյունավետ օգտագործման ռիսկ, ուստի պալատի առաջարկությամբ ֆինանսավորման կարգը վերանայվել է 2014-ից: ՎՊ-ն արձանագրել է, որ վերանայումից հետո դրական տեղաշարժ է գրանցվել, այնուամենայնիվ՝ խախտումներ եւս հայտնաբերվել են:
Վերահսկիչ պալատը տվյալ ծրագրով կատարված ծախսերի օրինականությունն ու արդյունավետությունը պարզելու նպատակով ընտրանքային կարգով ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» եւ «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի ԱԿ» ընկերություններում: ՎՊ-ն արձանագրել է, որ գնումների գործընթացում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ. մասնավորապես՝ գումարն ամբողջությամբ փոխանցվել է մատակարարին մինչեւ ապրանքի ընդունման եւ հանձնման մասին արձանագրություն կազմելը, գնահատող հանձնաժողովները շուկայական գնի ուսումնասիրություն չեն իրականացրել եւ համադրել ստացված գնային առաջարկների հետ: Ինչպես նաեւ առանց մրցույթի, բանակցային ընթացակարգերով կոնկրետ անձանց հետ կնքվել են պայմանագրեր, գնման գործընթացն իրականացվել է համապատասխան որակավորում չունեցող անձանց կողմից:
Վերահսկիչ պալատը խախտումներ է բացահայտել բուժվողներին եւ խնամողներին հատկացվող սննդի ծախսերի, սննդամթերքի էներգետիկ արժեքի, կազմի եւ չափաքանակի որոշման գործընթացում: Օրինակ՝ եթե կառավարությունը սահմանել է, որ մեկ հիվանդի համար սննդամթերքի էներգետիկ արժեքը պետք է կազմի շուրջ 4800 կկալ, ապա վերը նշված հոգեբուժական կենտրոններում այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 3000-3300 եւ 3300-3800 կկալ: Բացի այս խախտումներից, ըստ ՎՊ-ի, նաեւ չեն պահպանվել բժիշկների եւ միջին բուժանձնակազմի վերապատրաստման եւ վերաորակավորման ժամկետները, ինչը հակասում է գործող լիցենզիայով առաջադրված պայմաններին:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.03.2015