Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատնից դուրս են գալիս ու մնում փողոցում

Ապրիլ 15,2015 13:30

Արփինեն արդեն 14 տարի ապրում է Վանաձորի մանկատանը: Ընդամենը 5-6 չափահասների հետ արդեն հարազատ դարձած կենսաձեւից ստիպված է հրաժարվել նաեւ նա: Արփինեն գնալու ոչ մի տեղ չունի: Մայրն ունի առողջական խնդիրներ եւ չի աշխատում: Նրանից օգնություն ակնկալել չի կարող: Փոխարենը կյանքի նկատմամբ հույսն է մեծ:

«Ուզում եմ սովորել, ուսումս շարունակել եւ մտածում եմ, որ խնդիրներ կարող են առաջանալ մանկատնից դուրս գալուցս հետո»,- ասում է Արփինեն:

Մանկատան ղեկավարությունը հորդորել է չհուսահատվել, պայմանավորվածություն ձեռք կբերեն այն կառույցի հետ, որտեղ 18 տարին լրանալուց հետո մանկատան աղջիկներն են տեղափոխվում: Արփինեին 18 տարին լրանալուց հետո կտեղափոխեն «Մեր տունը» հասարակական կազմակերպության ժամանակավոր կացարան: Այս կազմակերպությունն օգնում է մանկատնից դուրս եկած անտուն չափահաս աղջիկներին, սակայն ժամանակավոր այս կացարանում աղջիկները չեն կարող երկար մնալ: «Մեր տուն» հ/կ-ի կանոնադրությամբ՝ այստեղ հնարավոր է ապրել 5 տարի: Միայն թե աղջիկներից շատերի կյանքում կես տասնամյակը մեծ բան չի փոխում, ու կազմակերպությունը ստիպված է լինում ընդառաջել՝ ժամկետը երկարացնելու համար:

Շատերի եւ Արփինեի համար էլ մանկատնից հետո 2-րդ հարազատ վայրը «Մեր տունը» դարձավ:

Արփինեն աշխատում է մանկապարտեզում: Ինքնուրույն դառնալու առաջին քայլերն արդեն արել է, բայց սեփական գլուխը պահելու հնարավորություն ու համարձակություն դեռ չունի:

«18 տարեկանից հետո շատ դժվար է: Հակառակ դեպքում պետք է կայացած մարդ լինես, որպեսզի կարողանաս մանկատնից դուրս գալուց հետո ապրել: Ես կարծում եմ, որ այստեղ ապրող ցանկացած աղջկա միակ լուսավոր կետը ամուսնությունն է: Ես իմ երեխային կտամ այն ամենը եւ այն սերը, ինչը չստացա իմ ծնողներից»:

Գավառի մանկատան նախկին սան Հասմիկը ամուր ու կայուն ընտանիք կազմելուն պատրաստ է: Ասում է՝ կհաղթահարի բոլոր դժվարությունները, եթե կողքին լինի իրեն հասկացող մեկը:

Եթե մանկատան շրջանավարտ աղջիկների համար 2 կառույց կա՝ «Մեր տունն» ու «Ծիածան տուն»-ը, ապա տղաները գնալու տեղ ընդհանրապես չունեն, հայտնվում են փողոցում:

«Ծիածան տան»-ը բնակվող աղջիկների մեծ մասը բնակարանների խնդիր ունի: 30-ամյա Հասմիկը պետությունից բնակարանը ստացել է իր համառության ու համբերատարության շնորհիվ: Մանկատան նախկին սանը, սակայն, գոհ չէ իրեն տրամադրված բնակարանից, քանի որ այն շատ վատ վիճակում է գտնվում:

Միայն բնակարանային խնդիրներով մանկատան շրջանավարտների հարցը չի լուծվում: Մանկատնից հետո միանգամից մենակ ու ինքնուրույն կյանքին անցնելը մեծ ռիսկեր է պարունակում: Այստեղից դուրս գալուց հետո շրջանավարտին իրական կյանքին նախապատրաստող կառույցներ Հայաստանում գրեթե չկան: Մանկատանը անընդհատ խնամվող ու երեխայի կարգավիճակին սովորող մարդը միանգամից հայտնվում է այլ միջավայրում ու, ինչպես նրանք են նշում, դառնում խոցելի:

Մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրը լուծելու նպատակով տարիներ առաջ պետությունը նախաձեռնել էր նրանց բնակարանով ապահովելու ծրագիր, որը, սակայն, ձախողվեց. բնակարանները կառուցվեցին կիսատ-պռատ, գումարների մի մասն էլ պարզապես յուրացվեց, ինչի պատճառով էլ բնակարանաշինության այդ ծրագիրը դադարեցվեց:

Ներկայումս գործում է սոցիալական բնակարանաշինության ծրագիրը, ըստ որի՝ մանկատան երեխաներին բնակարանները որպես սեփականություն չեն տրվում: Սակայն այս դեպքում էլ մանկատան սանը պետք է հերթագրվի՝ մինչեւ այդ ծրագրով տեղափոխվի բնակարան:

Սոցիալական բնակարաններ կառուցվել են Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Առաջիկայում կկառուցվեն նաեւ Լոռու մարզում:

Մանկատանը մեծացած երեխաների մասին հասարակությունը գուցեեւ սոցիալ պատկերացում ու կարծիք ունի, բայց նրանցից շատերի ճակատագիրը հատկապես կարող է փոխվել այն դեպքում, երբ մնում են առանց տանիքի:

ԴԻԱՆԱ ԽԱՉԻԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930