Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քանի դեռ ողջ է հուշը

Ապրիլ 15,2015 13:00

«Այս ժողովրդի եղեռնը ինչու էր լինելու 1915-ին՝ երեկ… Ձեռքս, ախր, մեկնում եմ՝ հասնում է այդ երկու միլիոն ուխտավորին, որ Փրկության լեռն էին ելնում»:

Երեկ երեկոյան փարիզաբնակ բարեկամիս՝ Խորեն Քեշիշյանի հետ խոսելուց հետո ակամա հիշեցի Հրանտ Մաթեւոսյանի այս տողերը: Խորենը վերջերս 102-ամյա հորն էր հողին հանձնել: Կյանք է: Թող բոլորիս ծնողներն էլ այդքան ապրեն: Բայց բարեկամիս տխրությունը ուրիշ շերտեր ուներ: «Մի քանի հոգի մնաց,- ասաց:- Հայրս Եղեռնի կենդանի հուշարձաններից մեկն էր: 15 թիվը վերապրածները վաղն է՛լ չեն լինի, որ ձեռքները բռնենք ու լսենք, թե ինչ է պատմում նրանց զարկերակը»: Յոզղաթի Պողազլյան ավանի Երնեջ գյուղում էր ծնվել Խորենի հայրը՝ Սարգիս Քեշիշյանը: Նա Երնեջ գյուղի քահանա տեր Խորենի թոռն էր: 1915-ին այս գյուղում տեղահանություն չի եղել: Տեղահանություն չի եղել, բայց «կոտորում» եղել է: Այն էլ՝ ամենազազրելի ձեւով. տեղի թուրք բնակիչները միացել են ասկյարներին ու մորթել իրենց հայ հարեւաններին, որոնց հետ միասին նախորդ օրը գուցե լավ բերքի մասին էին երազում: Քեշիշյանների հսկա գերդաստանից մի քանի հոգի են ողջ մնում: Հարեւան Յաղսերեն գյուղից մի թուրք ընտանիք անտեր մնացած յոթնամյա տղային փախցնում, տանում է իր տուն ու փրկում յաթաղանից: Փլվում է փոքրիկ Սարգսի մանկական աշխարհը. աղմուկ, արյուն, հարազատների կորուստ, ապաստան՝ օտար ընտանիքում: Իսկ ինքն իր Խորեն պապի աղոթքը ամենազոր էր կարծել:

Ես նորից Մաթեւոսյանին հիշեցի. «Թող սուրբ լինի քո սրտի դողը եւ ընդունելի լինի մատաղի գառան քո վիզը: Եվ իմացած եղիր, որ ամենասուրբը քո աստվածությունն է, քանի որ խոստովանանքի բառը հնչում է միայն քո աստվածության տաճարներում»: Յաղսերեն գյուղի թուրք ընտանիքում Սարգիսը չափահաս է դառնում: Հարազատներից թեկուզ մեկին գտնելու հույսով վերադառնում է Երնեջ: Աստված բարեհաճ էր: Տղան գտնում է իր զարմիկին ու մնում իր ծննդավայրում: Զարմիկից պայտարություն ու դարբնություն է սովորում, կամաց-կամաց կազմակերպում իր կյանքը: Բայց 30-ականներին նորից հակահայկական խժդժություններ են սկսվում: 1938-ին Սարգիսն իր կնոջ ու երեխաների հետ ստիպված է լինում տեղափոխվել Կեսարիա: Երնեջը հուշ է դառնում: Եվ ո՛չ միայն Սարգսի ու նրա ընտանիքի համար:

exern

Այդ գյուղը, որտեղ ջարդերից առաջ թուրքական ոչինչ չկար, հայկական կյանքի ու կենցաղավարության հետքն անգամ չի մնում: Քեշիշյանները Կեսարիայում ապրում են մինչեւ 1965 թվականը: Այստեղ է ծնվում Սարգսի որդին, որին նա իր Խորեն պապի անունով է կոչում: Տեր Խորենը… Եղիցի՜ հիշատակ… Բայց Սարգսի ընտանիքն այստեղ նույնպես խաղաղ ապաստան չի գտնում: 1963-ին տեղափոխվում են Պոլիս, որտեղից էլ երկու տարի անց մեկնում են Ֆրանսիա: Այս երկրում վերջապես խաղաղ հանգրվանում է Քեշիշյանների ընտանիքը: Կյանքը կամաց-կամաց հունի մեջ է մտնում, ու աստիճանաբար հուշ է դառնում արյունոտ, մշուշոտ անցյալը: Հուշ է դառնում: Բոլոր մարդիկ էլ անցյալի հուշեր ունեն, բայց Եղեռնը վերապրածների հուշը բոլորովին ուրիշ է: Սարգիս Քեշիշյանն օտար երկրում ապրում է՝ իր զավակների մեջ զորացնելով հայի տեսակը: Ի հիշատակ իր անիրավված նախնիների, ի մխիթարություն իր մանկության փլված աշխարհի, նա իր ընտանիքում ամեն լույս աշխարհ եկողին՝ իր յոթ զավակներից ծնված քառասուներեք թոռ ու ծոռներին նույնն է մաղթում ու նույն խոսքը տալիս իբրեւ ժառանգություն. «Չմոռանաս, որ հայ ես, չուրանաս քո լեզուն ու ազգիդ անցյալը: Ոչինչ չմոռանաս»:

Ու ես նորից հիշեցի մեծ գրողին. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես, հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: 1998 թվականը Սարգսի կյանքում յուրահատուկ տարի եղավ: Ցեղասպանությունը ապրած, հետցեղասպանության շրջանում թրքական հալածանքներին ենթարկված 90-ամյա ծերունին առաջին անգամ տեսավ Հայաստանն ու ազատագրված Արցախը: Այս ուղեւորությունից հետո Սարգիս Քեշիշյանն ապրեց 12 տարի: Ապրիլի 24-ին համայն աշխարհի հայությունը կնշի Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցը: Այդ հայացունց ոճրագործությունից փրկվածներից ամբողջ աշխարհում այսօր հաշված թվով մարդիկ են ողջ մնացել: Սարգիս Քեշիշյանն այս տարի մեկով էլ պակասեցրեց նրանց թիվը:

Մարդկության պատմության մեջ կատարված առաջին ցեղասպանության զոհը դարձավ մեր ժողովուրդը: Եվ դա իսկապես երեկ էր՝ 20-րդ դարում, այս ծեր մոլորակում՝ ընդամենը 95 տարի առաջ: Ցեղասպանությունը խաթարեց մեր ազգային գենոֆոնդը, փոխեց մեր ժողովրդի ճակատագիրը եւ դեռ ապացուցման կարիք ունի: Ներկայիս ավագ սերունդը ժամանակին ականատեսը եղավ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի տառապանքներին ու վերընձյուղմանը՝ դրանով իսկ երկրորդված վկան լինելով 1915-ի Հայոց մեծ եղեռնի: Նոր սերունդը, սակայն, չի կրում ցեղասպանության վկայի հոգեբանությունը՝ երբեք առնչված չլինելով որեւէ ականատեսի հետ: Իսկ պատմական այս կարեւոր եւ վճռորոշ ժամանակաշրջանում մեր երկիրը այդ հոգեբանությունը կրող քաղաքացիների կարիքը շատ ունի:

Մենք պարտավոր ենք այցելել Հայոց մեծ եղեռնի վերջին վկաներին: Պարտավոր ենք նաեւ մեզ հետ տանել մեր զավակներին ու թոռներին: Նման կենդանի հաղորդակցության կարիքը ունեն ինչպես սակավաթիվ վկաները, այնպես էլ նոր սերունդը, որի համար Եղեռնից վերապրածները կարող են դառնալ 20-րդ դարասկզբին կատարված արյունահեղությունների կենդանի խորհրդանիշներ: Քրիստոսի երկրային ու երկնային աստվածաշունչ կյանքի հավատքը մեզ է հասել բազում վկայություններով: «Այն որ սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք եւ մեր ձեռքերը շոշափեցին՝ կենաց Բանի համար (Եւ կեանքը յայտնուեցաւ, եւ մենք տեսանք, եւ վկայում ենք, եւ պատմում ենք ձեզ յաւիտենական կեանքը, որ Հօր մօտ էր եւ երեւեցաւ մեզ): Այն որ տեսանք ու լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդութիւն ունենաք մեզ հետ. եւ մեր հաղորդութիւնը Հօր հետ եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի հետ: Եվ սա գրում եմ ձեզ, որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի» (Յովհաննէս Առաքեալի Առաջին թուղթը): «Այսպես եւ մենք մեր սուրբ նահատակների չարչարանքների ու մահվան վկայությունները կհասցնենք եկող սերունդներին՝ որպես մեր՝ Հայոց մեծ եղեռնի դարում ապրած սերնդի հոգու տուրքը, եւ որպես մխիթարությունը միլիոնավոր անմեղ հոգիների երկնային գոյության: Այս այսպես է ու կմնա այսպես, քանի դեռ բետոնը տասը կանգուն շերտով մինչեւ վերջին թիզը չի ծանրացել այս ցնորական երկրի կավին: Եվ ի՛նձ վրա: Եվ ձե՛զ վրա» (Հ. Մաթեւոսյան):

2010թ.

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղարներ դոկտոր Օլավ Թվեյթին եւ դոկտոր Վիոլեր Իոնիտային

Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի եւ Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա համընկնման կապակցությամբ 2011 թվականին աշխարհի հոգեւոր իշխանություններին հղած իմ նամակում հորդորել էի ապրիլի 24-ին Հարության պատարագի ժամանակ հիշատակել ու ոգեկոչել 1915 թվականին թուրքական կառավարության կողմից սանձազերծված Մեծ եղեռնի անմեղ նահատակներին՝ իրենց բնակավայրերից տեղահանված ու Քրիստոսի խաչի հավատարմության համար խաչված մեկուկես միլիոն հայերին:

Նամակիս կապակցությամբ ձեր աստվածահաճո արձագանքի համար հայտնում եմ իմ խոնարհ հարգանքն ու ակնածանքը:

Այս տարի ապրիլի 24-ին լրանում է 98-րդ տարելիցը թուրքական կառավարության կողմից մինչ օրս չընդունված ու իր գնահատականը չստացած այդ մեծագույն ոճրագործության, որից մազապուրծ հայերի բեկորները դարասկզբին ցրվեցին համայն աշխարհում՝ ձեւավորելով հայոց սփյուռքը: Թուրքական տիրապետության տակ մնացին հայոց հնամենի բնակավայրերն ու մեր արարող ժողովրդի մշակույթը: Բայց Թուրքիայի հիմնական թիրախը աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած հայ ժողովրդի հավատքն էր. այն ժողովրդի, որին թուրքերը ոչ թե հայ էին անվանում, այլ գյավուր, որ իրենց լեզվով նշանակում է՝ անհավատ:

Քրիստոսի հավատքի հանդեպ հավատարմության համար հայ ժողովուրդն իր կյանքով է հատուցել:

Մեծագույն հարգանքով ու խոնարհումով հայցում եմ ձեր աջակցությունը՝ դիմելու քրիստոնյա աշխարհի հոգեւոր իշխանություններին, որպեսզի նրանք իրենց դատապարտող խոսքը հնչեցնեն կատարված ոճրագործության կապակցությամբ: Հայ ժողովրդի համար ցավալի պատեհությամբ հնչող այդ աստվածահաճո կոչով համայն մարդկությանը կհիշեցվի մեր տեր Աստծո առաջին պատվիրանը՝ «Մի՛ սպանիր»: Հայոց եղեռնի 100-ամյակի շեմին քրիստոնյա աշխարհի հոգեւոր առաջնորդներն իրենց այդ արարքով տուրք կմատուցեն մարդկության շահերից բխող, եւ դարասկզբին ամենահակամարդկային կերպով զանցառված «Մի՛ սպանիր» պատվիրանին: Այդպիսով հոգեւոր ու աշխարհիկ իշխանություններին կհիշեցվի, որ կատարված ոճրագործության մասին լռելն ու այն չդատապարտելը ինքնին ոճրագործություն է, որ մշտապես կարող է սպառնալ աշխարհի ժողովուրդների խաղաղ համակեցությանը:

Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետեւորդ` ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ

15 ապրիլ, 2013թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930