Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական բալետի ծագող աստղը

Ապրիլ 15,2015 12:30

Վերջերս Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի հերթական ներկայացումից հետո մասնագետներից լսեցինք «ծագող աստղ» որակումը: Այն հասցեագրված էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ մենապարող Սոնա Վարդանյանին, որը հանդես եկավ հիշյալ բալետում՝ Ֆրիգիայի դերապարով: Բալետի արտիստը նոր անուն չէ թատրոնում. պարուհուն մտաբերեցինք Մինկուսի «Դոն Կիխոտ» եւ Պերգոլեզիի «Ստաբաթ Մատեր» ներկայացումներից, որտեղ նա հանդես է գալիս փոքր դերապարերով:

«Առավոտը» օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ արվեստագետին միայն մի քանի տարի անց է վստահվել հանդես գալ խոշոր դերապարով: Պարոն Գալստյանը հիշեցրեց, թե դեռ մեկ տարի էլ չկա, որ ինքը գլխավոր բալետմայստեր է, հետո էլ ասաց. «Առանց կորդեբալետի՝ բարձրարվեստ ներկայացումներ իրականացնելն անհնար է, նույնիսկ այն դեպքում, երբ ունես հիանալի մենապարողներ»: Հիշեցրեց նաեւ, որ իր վերադարձը 2014-ի ամռանը օպերային թատրոն համընկավ Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը Սանկտ Պետերբուրգի Մարիինյանում ներկայացնելու հետ: «Ես իսկապես վախենում էի, հանդիսատեսը ներկայացումը ընկալում-գնահատում է ընդհանրության մեջ, որտեղ կորդեբալետ, մեծ ու փոքր դերապարեր չեն հետաքրքրում: Ի պատիվ փորձավարների, եւ իհարկե՝ բալետային ողջ խմբի, մենք պատվով դուրս եկանք»,- հայտնեց Վիլեն Գալստյանը: Անդրադառնալով Սոնա Վարդանյանի շուրջ պտտվող հիացական խոսակցություններին, նշեց, որ պարուհին իսկապես «ծագող աստղ» է եւ առաջիկայում բալետային արվեստի երկրպագուները նրան կհանդիպեն Ադանի «Ժիզելում»՝ Միրտայի դերապարով: Սոնա Վարդանյանին փոխանցեցինք իր հասցեին հաճախ հանդիպող «լիրիկ պարուհի» արտահայտությունը:

Sona_Vardanyan-2

Սոնա Վարդանյանն ու Ռուբեն Մուրադյանը՝ «Սպարտակում»:

«Համամիտ եմ, բայց կուզեի հետագայում հանդես գալ «խարակտերային» դերապարերով: Երազում եմ հանդիսատեսին ներկայանալ Չայկովսկու «Կարապի լճում» Օդետայի եւ Օդելիայի, «Եվգենի Օնեգինում»՝ Տատյանայի դերապարերով: Այս ներկայացումները թատրոնի խաղացանկում դեռ չկան, բայց վստահ եմ, որ համաշխարհային բալետային գրականության հիշյալ նմուշների կողքով անտարբեր չի անցնի մեր գլխավոր բալետմայստերը: Պարոն Գալստյանը ձեռնամուխ է եղել նաեւ Լերմոնտովի «Դիմակահանդես» բալետի աշխատանքներին»,- հայտնեց պարուհին: Ինչ վերաբերում է Ֆրիգիայի դերապարին, Սոնա Վարդանյանն ասաց, որ այն իր հետ պատրաստել են օպերային թատրոնի փորձավար, քոլեջի իր ուսուցչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը. «Մեծ աշխատանք են կատարում մեր փորձավարները: Աշխատում եմ ու նրանցից շատ բան սովորում, օրինակ՝ հաճելի է եւ օգտավետ պարապել նաեւ Ելենա Պավլիդիի, Էմմա Նահապետյանի ղեկավարությամբ: Հույս ունեմ, որ առաջիկայում կաշխատեմ նաեւ Նադեժդա Դավթյանի հետ: Իսկ իմ ականջին նույնպես հասած այն միտքը, թե առաջին անգամ են վստահել ինձ ծավալուն դերապար, ասեմ, որ դրա պատճառը նորածին երեխա ունենալս է…»:

Սոնա Վարդանյանը դասավանդում է նաեւ Երեւանի պարարվեստի քոլեջի դասական պարի բաժնում: Հետաքրքրությանը, թե ունի՞ խոստումնալից սաներ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր քոլեջը տասնամյակներ շարունակ ոչ միայն մեր թատրոնին, այլեւ եվրոպական թատրոններին տվել է բարձրակարգ արտիստներ…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Սոնա Վարդանյանը Հավերժահարսի դերապարում՝ «Դոն Կիխոտում»:

Լուսանկարը՝ Տաթեւ Ավետիսի:

«Առավոտ» օրաթերթ
14.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930