Որպեսզի մարդու օրգանիզմը բնականոն աշխատի, պետք է ամենօրյա սննդակարգում ընդունել ճարպաթթուների որոշակի քանակ: Դրանց չարաշահումը բերում է ճարպակալման, այդ իսկ պատճառով պետք է իմանալ, թե օրը որքան ճարպ ընդունել: Նախ՝ ամենօրյա առողջ սննդակարգը պետք է բաղկացած լինի սպիտակուցներից, ճարպերից եւ ածխաջրերից:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս հետեւել հարաբերակցությանը` սպիտակուց 20%, ճարպ 30%, ածխաջրեր 50%: Սա հատկապես նրանց համար է, որոնց հիմնական նպատակն առողջության պահպանումն է: Մարզասրահ հաճախողներին մասնագետները խորհուրդ են տալիս ընդունված քանակից 5-10% ավելի ընդունել:
Եթե ձեր քաշը կազմում է 70 կիլոգրամ, եւ որպեսզի պահպանեք ձեր կառուցվածքը, պետք է օրական ընդունել 30 գրամ ճարպ եւ պետք է այդ ճարպերը լինեն օգտակար: Առողջ ճարպերի աղբյուր են յուղոտ ձուկը, որի 100 գրամը պարունակում է 10-20 գրամ ճարպ, կտավատի յուղը` 1 թեյի գդալը 5 գրամ, 1 թեյի գդալ ձիթապտղի յուղը պարունակում է 5 գրամ ճարպ, իսկ 1 ձվի դեղնուցը` 5 գրամ: 100 գրամ ընկույզը պարունակում է 61 գրամ ճարպ, իսկ 100 գրամ պնդուկը` 66 գրամ: Քաղցր նուշի 100 գրամն էլ 58 գրամ ճարպ է պարունակում, իսկ նույնքան գետնանուշը` 45 գրամ:
Որպեսզի մարդ ստանա առավելագույն օգուտ, անհրաժեշտ է օրակարգում բոլոր տեսակի ճարպաթթուներից էլ ներառել, բայց հասկանալի պատճառներով, քանի որ չեք կարող ամբողջ տեսականին նույն օրում օգտագործել, կարող եք շաբաթվա օրերով կազմել ցանկ եւ այդպիսով ձեր օրգանիզմում լրացնել անհրաժեշտ պաշարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
14.03.2015