Այսօր Գյումրիում թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանն, անդրադառնալով Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի կողմից Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պատարագ մատուցելուն ու հնչեցրած ելույթին, ասաց. «Վատիկանը Հայոց ցեղասպանությունը ընդունել է 2001 թվականին, երբ նախորդ պապը՝ Հովհաննես Պողոս 2-րդը, ոչ միայն արտաբերել է Հայոց ցեղասպանությունը, այլև եկել է Հայաստան և այցելել է Ծիծեռնակաբերդ: Բայց այս պապի՝ Ֆրանցիսկոս 1-ի քայլը շատ ավելի մեծ քաղաքական, հոգեբանական, բարոյական ազդեցություն ունի, որովհետև նա ոչ միայն ասաց ցեղասպանություն տերմինը, այլև իր քարոզում դա համարեց ապամարդկային չարիքներից մեկը՝ համեմատելով այլ չարիքների հետ՝ նացիզմի, ստալինիզմի և այլն: Երկրորդ՝ կոչ արեց աշխարհին կանխել նման քայլերը, սա տեղափոխեց բարոյական ասպարեզ: Ֆրանցիսկոս 1-ը պապը հայտնի է համամարդկային արժեքներին, համաքրիստոնեական արժեքներին իր հավատարմությամբ և սա ևս մի քայլ է, որով ապացուցեց իր հավատարմությունը: Եվ միևնույն ժամանակ մի սանդղակ դրեց բոլոր երկրների, բոլոր ղեկավարների համար, այդ թվում և մեր սիրելի սևամորթ նախագահի համար, որ խոսքերը և ռեալ քաղաքական շահերը պետք է ստորադասվեն բարոյական չափանիշներին: Հռոմը, Վատիկանը ևս ունեն քաղաքական շահեր Թուրքիայում, բայց ստորադասեց իր շահերը հանուն համամարդկային արժեքների՝ իր հավատարմությունը ի ցույց դնելու»:
Նշելով, որ կաթոլիկ աշխարհում Հռոմի պապը ունի անվերապահ հեղինակություն՝ թուրքագետը համոզված է, որ նրա հայտարարությունը կունենա ձնագնդի էֆեկտ. շատ ղեկավարներ կամ կաթոլիկ հասարակություններ կհետևեն նրա այս քայլին կամ կվերաարժեւորեն իրենց մոտեցումները Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ:
Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանի համոզմամբ էլ , Հայոց ցեղասպանության ճանաչումը կշարունակվի: Իսկ կաթոլիկ աշխարհը, մասնավորապես Լատինական Ամերիկայի գրեթե բոլոր երկրները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, Լատինական Ամերիկայում Հայաստանը և հայ ժողովուրդը մեծ հեղինակություն են վայելում, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը վերջին շրջանում անհաջող քաղաքականություն է սկսել, դեսպանատներ է բացում այն երկրներում, որտեղ երբեք ոչ մի ադրբեջանցի չի ապրել: Սրանք, ըստ նրա, ինչ-որ վնաս են հասցնում, սակայն հետզհետե փակում են, քանի որ դրանք անիմաստ ծախսեր են: Թուրքագետն, անդրադառնալով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագին, ասաց. «Երկու օր առաջ Վատիկանում տեղի ունեցածը բավական կարևոր իրադարձություն էր քրիստոնյա աշխարհում: Ընդհանրապես դրա մասին խոսելիս պետք է նաև ընդգծել այն կարևոր գործը, որ Հայ Կաթողիկե Եկեղեցին և հատկապես Իտալիայում, մասնավորապես Վատիկանում Հայաստանի դեսպանատներն արեցին: Ընդհանրապես արտաքին գործերը բավականին ծանր գործ է, այսինքն` շատ բաներ նրանք անում են ու շատ բաներից տեղյակ չենք, թե ինչպես է արվել: Այն, ինչ արվեց, իրոք մենք պետք է հպարտանանք, որովհետև երկու օր Ապենինյան թերակղզում և կաթոլիկ աշխարհում թևածում էր հայկականության ոգին և վերջին անգամ նմանատիպ մեծ շուքով, նմանատիպ մեծ արարողակարգով դժվար է ասել, թե երբ էր համաշխարհային մամուլը մեծ ուշադրություն դարձրել Վատիկանում տեղի ունեցած իրադարձություններին», -ասաց թուրքագետը:
Նա անդրադաձավ նաև Թուրքիայի արձագանքին՝ նշելով, որ գործ ունենք նույն «քոփի փաստի» հետ. երբ ցանկացած մի երկրի կողմից ընդունվում է Հայոց ցեղասպանությունը դատապարատող ինչ-որ մի ուղերձ, բանաձև, դրան անմիջապես հաջորդում է Թուրքիայի նմանաոճ արձագանքը:
«Հենց առաջին ակնարկներն այս կամ այն երկրում լսվում են ցեղասպանության հերթական բանաձևի հետ կապված, անմիջապես Թուրքիան գործի է դնում իր կուլիսային ազդեցության լծակները: Եթե դրանք արդյունք չեն տալիս, անցնում են ավելի տեսանելի ճնշման գործիքներ կիրառելուն, եթե դա էլ արդյունք չի տալիս, այլ խողովակներում են ազդում այս կամ այն երկրի: Երբ որ արդեն խորհրդարանում է տվյալ հարցը, այդ ժամանակ էլ քննարկման թեման արդեն արդեն այլ է կերպ լինում՝ մինչև շանտաժ և ահաբեկում: Իսկ վերջում էլ լինում է այն, ինչ այս մի քանի օրը տեսանք. Թուրքիայի նախ արտգործնախարարությունը, վարչապետը, նախագահը իրավահաջորդ, գրեթե նույն ձևակերպումներով դատապարտում են այս կամ այն երկրի կողմից կատարվածը»:
Թուրքագետն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասաց, որ Թուրքիայի ժխտողականությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ բավական հնամաշ ու բովանդազուրկ են այն թեզերը, որոնք այդ երկիրը մատուցում է համաշխարհային հանրությանը, հատկապես Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ