Բաղրամյան 26-ը ջեռուցելու, տաք ջրով ապահովելու համար ՀՀ նախագահի աշխատակազմը 25,4 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Գազպրոմ Արմենիայի» հետ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջի մեկ անձից գնումներ բաժնից: Գազի մատակարարման պայմանագիրը կնքվել է 2013 թվականին եւ, ինչպես նշված է պայմանագրում, ձեռքբերման վերջնաժամկետն այս տարվա դեկտեմբերն է:
Նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ավելի շատ էլեկտրաէներգիա է ծախսվել, քան գազ: Բաղրամյան 26-ի լուսավորության, գուցե` օդորակիչների, համակարգիչների, հնարավոր է նաեւ` թեյնիկներ եւ էլեկտրական այլ սարքավորումների անխափան աշխատանքների համար պետբյուջեից 76 միլիոն դրամ կծախսվի. գումարն, իհարկե, փոխանցվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցերին», որի հետ նախագահականը պայմանագիր է կնքել 2013-ին, պայմանագրով վերջնաժամկետն է 2015-ի դեկտեմբերը:
Բաղրամյան 26-ի կոմունալ ծախսերն էլ հարկատուների վրա կնստեն 5 միլիոն դրամ, այս պայմանագիրն էլ 2 տարով է, կնքվել է 2013-ին` «Երեւան ջրի» հետ: Եթե հաշվի առնենք, որ նախագահականում ամենուրեք խմելու ջրի ֆիլտրող սարքեր են դրված, եւ դժվար թե աշխատակիցներն ու նախագահը ծորակից ջուր չեն խմեն, անգամ եթե խմեին էլ, լվացք էլ անեին, սանհանգույցում եւ խոհանոցում էլ անխնա օգտագործեին, էլի 5 միլիոն դրամը մի քիչ շատ է ստացվում:
Նախագահականում կանխարգելիչ ախտահանման ծառայություններն էլ ընդամենը 330 հազար դրամ են արժեցել:
Կարդացեք նաև
40 միլիոն դրամ է արժենում Բաղրամյան 26-ի ֆիքսված հեռախոսակապից 2 տարի օգտվելը: Նախագահի աշխատակազմը օգտվում է ոչ թե Յուքոմից, այլ` «Արմենտելից». նախագահականը հենց այս ընկերության հետ է պայմանագիր կնքել: Նշենք, որ գրեթե բոլոր նախարարությունների ֆիքսված հեռախոսակապը «Յուքոմն» է մատուցում:
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար էլ «Բեսթ Սոֆթի» հետ մոտ 2 միլիոն դրամի պայմանագիր է կնքել նախագահականը: Հայկական ծրագրերի հետ էլ` մոտ 2 միլիոնի պայմանագիր ունի նախագահականը` ծրագրային ապահովման մշակման ծառայությունների համար:
Նախագահականին սպասարկող ավտոմեքենաների ընթացիկ նորոգումն ու պահպանումը, ըստ այս տարվա պետգնումների, հարկատուների համար արժեցել են 8.6 միլիոն դրամ: Այս ծառայությունները նախագահականին մատուցել են «Ավանգարդ մոթորսը», «Սլավ Մոթորսը», «Սագասինվեստը», «Եվրոմոթորսը», «Եվրովագենը», «Կարկոմ ավտոն» եւ «Տոյոտա Երեւանը»: Տոյոտայի մատուցած ու մատուցվելիք ծառայությունների համար նախագահականը 5 միլիոն դրամի պայմանագիր է կնքել:
Նախագահի աշխատակազմը «Էրեբունի պլազայում» 1 տարով տարածք է վարձակալել եւ 31 միլիոն դրամով:
Ըստ պետգնումների, 18,7 միլիոն դրամով էլ նախագահականը Բաղրամյան 26 հասցեում ինչ-որ շենք-շինությունների շինարարական աշխատանքներ է պատվիրել:
Նախագահականի ամենաէժան գնումները կատարվել է 12 հազար 240 դրամով` սարքերի տեղադրման ծառայություններ են պատվիրել «Եվրոստան-Ույուտից»: Aravot.am-ը, երբ փորձեց կառավարության գնումների էջից տեղեկանալ թե ինչ սարքեր է տեղադրվել նախագահականում, այն էլ այդքան էժան, գնումների մասին պայմանագրի պատճենն անընթեռնելի էր: Եվ սա գնումներում տեղադրված միակ փաստաթուղթը չէր, որ փնթի եւ ոչ պատշաճ ձեւով է մատուցվում հասարակությանը: Նման մի փաստաթուղթ էլ տեղադրվել էր «Գազպորմ Արմենիայի» հետ պայմանագրից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ