«Եթե խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք հայտարարում են՝ հավատացյալ են, իսկապես, նման թիվ կարող ենք ստանալ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Gallup international կազմակերպության զեկույցին, ասաց աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանի բնակչության 93 տոկոսը հավատացյալ է: Ցուցակում Հայաստանը աշխարհում հավատացյալ բնակչությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում:
Վարդան Խաչատրյանը համարում է, որ այդ տվյալները կարող են իրականության հետ չհամապատասխանել. «Չեմ զարմանում, որ մեզանում էլ շերտային հավատացյալների քանակությունը խիստ զգալի կարող է լինել: Շերտային հավատացյալներ ասելով ի նկատի ունենք այն մարդկանց, որոնք ասում են, որ իրենք հավատացյալ են, սակայն վարքագծային կառուցվածքով, այսինքն՝ այն ամենով, ինչը հավատացյալի պատասխանատվության շրջանակն է սեփական դավանանքի եւ հավատքի մեջ, այդ ամենը կամ ոչ լիարժեք է կատարվում կամ չի կատարվում ընդհանրապես: Այդ առումով՝ այդպիսի տվյալների գիտականությունը հարաբերական է»:
Ըստ աստվածաբանի՝ աթեիստների թիվը Հայաստանում հնարավոր է, որ նշվածից շատ լինի. «Բայց սա այն տարբերակն է, որ աթեիստների քանակը պետք է, որ այդքան մեծ չլինի, որովհետեւ համոզված եւ կողմնորոշված աթեիստների թիվը հասարակության մեջ երբեք զգալի տոկոսների չի հասել: Կարող էր արտահայտվել կոմունիստական իշխանություններում, որի հասարակությունը աթեիստական էր, բայց միեւնույն է, պաշտոնյաները իրենց որդիներին ամուսնացնում էին եկեղեցով, կնունք էին անում»:
Կարդացեք նաև
Մեր նկատառմանը, թե ըստ նույն հետազոտության՝ Չինաստանի բնակչության 61 տոկոսն աթեիստ է, Վարդան Խաչատրյանն ասաց. «Դժվար է դա պատկերացնել ավանդական կրոնների պայմաններում, ինչպիսին են դաոսականությունը, կոնֆուցիականությունը Չինաստանում, եւ դրան գումարած բուդդայականության ազդեցությունը, որը պատմականորեն շատ մեծ է եղել եւ այսօր ինչ-որ չափով պահպանվում է: Ուրիշ հարց է, որ գաղափարաբանական առումով աշխատանքն իր ճանապարհով է ընթանում, որովհետեւ իշխանությունները գաղափարաբանությամբ մոտ են»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ