Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Պողոսյան. ««Ազգային վերածնունդի» հայտարարությունը կենցաղային հարցերը քաղաքականացնելու փորձ է»

Ապրիլ 14,2015 19:45

Վահրամ Պողոսյանը համարում է, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը պարզապես փորձում է սեփական շահերի համար ընտրողներին թյուրիմացության մեջ գցելով շահարկել ընտրությունների հետ կապված ամենատարբեր հարցերը:

«Նման հայտարարությունները անհիմն են եւ ընտրության օրինականության վրա ստվեր գցելու փորձեր են»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությանը, ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, թե  վերջին օրերի ընթացքում ԼՂՀ հատուկ ծառայությունները ահաբեկում եւ սպառնում են կուսակցության կենտրոնական շտաբի տարածքի տիրոջը:

Այդ սպառնալիքների արդյունքում շտաբի տերը խնդրել է «Ազգային վերածնունդին» մինչեւ առավոտ ազատել շտաբի տարածքը:

Վահրամ Պողոսյանը համարում է, որ շտաբի մասին հայտարարությունը կենցաղային հարցերը քաղաքականացնելու փորձ է. «Կուսակցություն, որը փորձում է ամենատարբեր ձեւերով մարդկանց ուշադրությունը գրավել, չեմ կարծում, որ որեւէ լուրջ հիմնավորման կարիք ունի: Սրանք ընդամենը փորձեր են ստվեր գցելու ԼՂ-ում խորհրդարանական ընտրական գործընթացի վրա, եւ միանշանակ, մեզ համար դրանք անընդունելի են: Նամանավանդ, երբ կենցաղային հարցում նրանք փորձում են շահարկել անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի անունը»:

Նա հավելեց, որ կուսակցության հայտարարությունները ոչ միայն անհիմն են, այլ նաեւ՝ անպատասխանատու. «Բացի «Ազգային վերածնունդ» կուսակցությունից կան նաեւ այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք կարծես թե այս ընթացքում որեւէ նման լուրջ բողոք չեն ներկայացրել: Դա մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ այդ կուսակցությունը պարզապես փորձում է սեփական շահերի համար ընտրողներին թյուրիմացության մեջ գցելով շահարկել ընտրությունների հետ կապված ամենատարբեր հարցերը»:

Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Հրանտ Մելքումյանն Aravot.am-ին հայտնել էր, թե կուսակցության նկատմամբ ճնշումներ են իրականացվում հեռուստատեսությունում անվճար եթեր չտրամադրելով:

Վահրամ Պողոսյանի խոսքերով՝ հեռուստաեթերը հավասարապես բոլոր կուսակցություններին է բաշխված. «Այնպես չէ, որ որեւէ մեկ կուսակցության քարոզարշավի լուսաբանումը մյուսից որեւէ բանով տարբերվում է: Դա պարզ է, բոլորն են տեսնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930