Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության կանխարգելումն այն նպատակն է, որին պետք է ձգտի ողջ միջազգային քաղաքակիրթ հանրությունը. Հ. Նաղդալյան

Ապրիլ 14,2015 19:22

Ապրիլի 13-ին  ՌԴ-ում ՀՀ դեսպանության և “Հայ-ռուսական համագործակցություն”  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովսկի դահլիճում կայացավ “Հիշում և պահանջում եմ” խորագրով  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշերեկոն: Միջոցառումն անցկացվել է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի կողմից պատրաստված ծրագրի շրջանակներում:

Հուշերեկոյին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՌԴ Պետդումայի փոխնախագահ Նիկոլայ Լևիչևը , ՌԴ դաշնության խորհրդի սենատորներ, Պետդումայի պատգամավորներ՝ Եդինայա Ռոսիա ,, և այլ խմբակցություններից, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ,  ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայ համայնքի հայտնի գործիչներ,   մշակութային և հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով ներկաներին ողջունել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, իր աղոթքի խոսքն է հղել Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, որից հետո ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հերմինե Նաղդալյանը ներկաներին ուղղված իր խոսքում ներկայացրեց 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության վերաբերյալ անժխտելի պատմական փաստեր` ընդգծելով մեր ժամանակներում մարդկության հանդեպ ոճրագործությունների դեմ պայքարում քաղաքակիրթ միջազգային հանրության համախմբման կարևորությունը:

“Ցեղասպանության կանխարգելումն այն նպատակն է, որին պետք է ձգտի ողջ միջազգային քաղաքակիրթ հանրությունը: Մենք որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդ զգում ենք առանձնահատուկ պատասխանատվություն ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման միջազգային պայքարում, ցեղասպանությունը վերապրած ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության վերհաստատման հարցերում”, – նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հերմինե Նաղդալյանն իր ելույթում դիմեց ողջ աշխարհի հանրությանը՝ կոչ անելով հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրերին՝ հայերի հետ միասին ոգեկոչելու 1,5 միլիոն նահատակների հիշատակը, ովքեր նույնիսկ գերեզման  չունեցան  իրենց հայրենիքում.

,, Մենք կոչ ենք անում հարգել սխրանքը նրանց, ովքեր հրաշքով փրկվելով՝ սփռվեցին ամբողջ աշխարհում ու ուժ գտան կյանքը շարունակելու, կարողացան ապրել ու զավակներ ունենալ՝ պահպանելով իրենց գենն ու լեզուն, ինքնությունն ու գոյությունն աշխարհում: Մենք երախտապարտ ենք այն օտարազգիներին , ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ փրկում էին հայ որբերին մահից, թուրքանալուց, սովից, ապահով տանիք ու ջերմություն էին տալիս նրանց:

Մենք նաև մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, ովքեր այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում պայքարում են հանուն ինքնության պահպանման, հանուն խաղաղության՝ իրենց երկրի ու իրենց զավակների ապահով կյանքի,,:

Տիկին Նաղդալյանն իր երախտիքի խոսքն է ուղղել նաև այն

պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ոճիր.

,, Մենք կարևորում ենք Ռուսաստանի խորհրդարանի, Եվրախորհրդարանի և ազգային մյուս խորհրդարանների ընդունած բանաձևերը՝ իբրև ներկայացուցչական մարմնի գնահատական, որ արտահայտում է ժողովուրդների հավաքական կամքն՝ ընդդեմ ցեղասպանության և ժխտողականության,,:

Դիմելով համայն մարդկությանը՝ ԱԺ փոխխոսնակը ակտիվ քաղաքացիական դիրքորոշման կոչ է արել, քանզի. ,, մեր օրերում նույն ցեղասպանությունն է, ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը,- նշել է նա՝ ընդգծելով, որ միայն միասին  կարող ենք դառնալ մեր զավակների խաղաղ կյանքի ու մեր պետությունների խաղաղ գոյակցության երաշխիքը:

ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լևիչևը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, իր հերթին նշեց, որ նման ոճրագործությունները չունեն ժամանակավրեպության խնդիր, և դրանք անջնջելի են մարդկության պատմության էջերից:  “Ցեղասպանությունը ոչ միայն ժողովրդի, նրա ավանդույթների և հավատքի հանդեպ հանցագործություն է:  Այն հանդիսանում է ոճրագործություն ապագայի հանդեպ և, առհասարակ, ուղղված է քաղաքակրթության զարգացման դեմ: Այսօր մենք իրավունք չունենք մոռանալու այս ոճրագործությունը, քանզի ցեղասպանության փաստերի քողարկումը դռներ է բացում այլ բռնությունների իրագործման համար”, – ընդգծեց Նիկոլայ Լևիչևը:

ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալը համոզմունք հայտնեց նաև, որ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է մշակել վարակի նման տարածվող բռնության աղբյուրների դեմ անձեռնմխելիության մեխանիզմ` ներգրավվելով  եվրասիական տարածքի բոլոր գործուն կառույցներին ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության մակարդակներում:

,,Հիշում և պահանջում եմ,, խորագիրը կրող  մոսկովյան հուշերեկոն ամփոփել է Մոսկվայի Ս.Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի բեմադրած ,, Արմենիադա,, ներկայացումը՝ Հայոց ցեղասպանության մոտիվներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930