Սեյրան Մարտիրոսյանը կարծում է՝ զեկույցում թվերն այնպես են ներկայացված, որպեսզի ցույց տրվի, որ կարելի է իշխանությունն օգտագործել իշխանական դիրքերն ամրապնդելու համար
«Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո խիստ բացասական տպավորություն ունեմ դատախազության գործելակերպի վերաբերյալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:
Դատախազությունը Ազգային ժողով էր ուղարկել դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդումը: Զեկույցում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն առաջարկում է իրավապահ մարմինների համակարգումը վստահել դատախազությանը:
Նրա խոսքերով՝ եթե դատախազությունը իր գործառույթը չի իրականացնում, իմաստ չունի այդ կառույցին լրացուցիչ լիազորություններ տալ. «Այդ ամենից Սովետական Միության հոտ է գալիս է, կարծես՝ ցանկություն է, թե հերի՛ք է ոստիկանական պետություն լինենք, եկե՛ք մի քիչ էլ դատախազական պետություն դառնանք: Մեր աչքի լույսը չեն իրավապահները, իրենք նույն չափ խայտառակ են կատարում պարտականությունները, ինչքան եւ դատախազությունը, օրինակ՝ Գյումրիի զարգացումները, հունվարի 12-ին հաջորդող ցույցերը եւ հանրահավաքի ընթացքում դանակահարության չկանխելը: Համոզված եմ, որ այդ ամենը կառավարվող գործունեություն էր, ոչ թե պարզապես անճարակություն: Լրացուցիչ ինչ-ինչ լիազորություններ պահանջել կարծում եմ՝ պետք չէ»:
Կարդացեք նաև
Այն հանգամանքը, որ օրենքի նախագիծն արդեն կազմվել է, պարոն Մարտիրոսյանը համարում է, որ նշանակում է՝ օրենքն արդեն ընդունվել է. «Չեմ կարծում՝ եթե ավելացավ մեկի լիազորությունը, դրանից Հայաստանի Հանրապետությունում վիճակը փոխվելու է: Բացարձակապես այդպես չէ»:
Սեյրան Մարտիրոսյանը նկատեց, որ զեկույցում թվերն այնպես էին ներկայացված, որ ցույց տրվի, որ կարելի է իշխանությունն օգտագործել իշխանական դիրքերն ամրապնդելու համար. «Ստեղծվում է իրավիճակ, իբր թե հիմնավորելու եւ լրացուցիչ լիազորություններ տալու համար: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, եթե տեսնեի, թե ինչպես են դատախազությունը, ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը րոպե առաջ փորձում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պաշտպանել կամ հանցագործին բռնել, ես կասեի, երեւի թե պետք է: Բայց ես տեսնում եմ, որ պատասխանը լրիվ ուրիշ տեղ է, պատասխանը ինքնիշխանությունից բացարձակապես հրաժարվելու մեջ է, եւ ոչ թե՝ քիչ լիազորություններ ունենալու»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ